ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-085-03.04.2019-ԱՍ-011/0 ) Հայաստանի Հանրապետության
օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
Նախագիծը համապատասխանում է Հայսատանի Հանրապետության Սահմանադրությանը:
Այլ օրենքների պահանջներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.
1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է լրացում կատարել աշխատանքային օրենսգրքում՝ սահմանելով, որ «Աշխատողի տարիքը չի կարող հանդիսանալ օրինական արգելք կամ պատճառ աշխատանքային պայմանագիր չկնքելու համար, բացառությամբ այլ օրենքներով կարգավորվող դեպքերի:»: Որպես նախատեսվող կարգավորման հիմնավորում նշվում է աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավահավասարության սկզբունքը: Այսպես՝ աշխատանքային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ աշխատանքային օրենսդրության հիմնական սկզբունքներից է աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավահավասարությունը ՝ անկախ նրանց սեռից, ռասսայից, ազգությունից, լեզվից, ծագումից,տարիքից եւ այլն: Նշված ձեւակերպումից ակնհայտ է, որ այս սկզբունքը վերաբերում է միայն աշխատանքային հարաբերությունների կողմերին , այսինքն՝ այն անձանց, ովքեր արդեն իսկ գտնվում են աշխատանքային հարաբերությունների մեջ եւ արտահայտվում է միեւնույն կատեգորիայի աշխատողներին նույն իրավունքներով եւ պարտականություններով օժտելու ձեւով: Միաժամանակ, աշխատանքային օրենսգրքի 83-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքային պայմանագիրը համաձայնություն է աշխատողի եւ գործատուի միջեւ, նշված կարգավորումն ուղղկիորեն բխում է պայմանագրի ազատության սկզբունքից, որը ենթադրում է՝ ազատություն պայմանագիր կնքելու եւ չկնքելու հարցում, ազատություն կոնկրետ սուբյեկտի հետ պայմանագիր կնքելու հարցում եւ ազատություն պայմանագրի պայմանները սահմանելու հարցում: Ինչպես աշխատանքի իրավունք ունեցող ցանկացած քաղաքացի ազատ է իր իրավունքն իրացնելու հարցում, այնպես էլ գործատուն է ազատ աշխատող վարձելիս եւ ինքն է որոշում այն անձին, ում ցանկանում է ընդունել աշխատանքի: Աշխատանքային պայմանագիրը հանդիսանում է կողմերի կամավոր եւ ազատ կամահայտնության արդյունք: Ելնելով վերոգրյալից՝ կարծում ենք, որ նախատեսվող կարգավորումը չի բխում աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավահավասարության սկզբունքից եւ աշխատանքային պայմանագրի բուն էությունից:
2. Նախագծի 1-ին հոդվածում «կարգավորվող» բառն առաջարկում ենք փոխարինել «սահմանված» բառով:
Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ` Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կատարող՝ Լ. Մակարյան (հեռ. 011-513-283) (120)
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-085-03.04.2019-ԱՍ-011/0 ) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ` Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կատարող` Լ. Մակարյան (հեռ. 011-513-283) (120)