ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»

(փաստաթղթային կոդ՝ Խ-089-04.04.2019-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի վերնագրի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ» բառերն առաջարկում ենք փոխարինել «ՕՐԵՆՔՈՒՄ» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ եւ 18-րդ հոդվածի 3-րդ մասերը:

2. Նախագծի 1-ին հոդվածի «Հայաստանի Հանրապետության» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ եւ 18-րդ հոդվածի 3-րդ մասերը:

3. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով նախատեսվող փոփոխության արդյունքում ուժը կորցրած է ճանաչվելու «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի (այսուհետ՝Օրենք) 29-րդ հոդվածի 7.1-րդ մասը, որի համաձայն՝ ..…: Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ Օրենքի 12-րդ հոդվածով սահմանված են Երեւանի ավագանու լիազորությունները, մասնավորապես, նույն հոդվածի 1-ին մասի 18-րդ, 19-րդ, 20-րդ եւ 20.1-րդ կետերով սահմանված են ավագանու կողմից Երեւան քաղաքի գլխավոր հատակագծի, դրա փոփոխությունների, դրան համապատասխան մշակված գոտիավորման նախագծերի եւ այդ ոլորտում այլ որոշումների ընդունման լիազորությունները, որոնք անմիջականորեն կապված են Երեւանի գլխավոր ճարտարապետի գործառույթների հետ: Նշված հոդվածով սահմանված ավագանու լիազորությունների շարքում կան նաեւ այնպիսի լիազորությունները, որոնք առնչվում են Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի, աշխատակազմի կամ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունների աշխատակիցների գործառույթներին եւ այլն: Այսինքն, Օրենքի 7.1-րդ հոդվածում նշված սուբյեկտների՝ Երեւանի ավագանու նիստին մասնակցության իրավունքը միայն կարող է բարենպաստ եւ արդյունավետ գնահատվել հետագայում համապատասխան որոշումների կատարման համար: Հետեւաբար, հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Նախագծից հանել 1-ին հոդվածի 1-ին կետը:

4. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետում «դռնբաց» բառն առաջարկում ենք փոխարինել «հրապարակային» բառով, հաշվի առնելով, որ Օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ մասում կիրառվում է «հրապարակային» ձեւակերպումը:

5. Նախագծի 2-րդ հոդվածի կապակցությամբ հայտնում ենք, որ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ Զանգվածային լրատվության ոլորտում ծագող հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով, այլ օրենքներով , ինչպես նաեւ դրանց հիման վրա եւ դրանցով սահմանված շրջանակներում այդ հարաբերությունները կարգավորող իրավական այլ ակտերով: Այսինքն, Օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ 14.1-ին կետով սահմանված դրույթը, ինչպես նշված է Նախագծի Հիմնավորման մեջ, չի հակասում «Զանգվածային լրատվության մասին» օրենքին եւ Օրենքով եւս կարող ենկարգավորվել Երեւանի տեղական ինքնակառավարման մարմիններում լրագրողների հավատարմագրման, ինչպես նաեւ Երեւանի տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրում մամուլի ասուլիսների, ճեպազրույցների անցկացման կարգերը: Հետեւաբար, հաշվի առնելով վերոգրյալն՝ առաջարկում ենք Նախագծից հանել 2-րդ հոդվածը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                                     Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող՝ Գ. Մամյան (հեռ. 011-513-675) (108)


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                                     Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող՝Գ. Մամյան (հեռ. 011-513-675) (108)