ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-098-10.04.2019-ԳԿ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արտակ Մանուկյանի եւ Արսեն Ջուլֆալակյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածում «2001 թվականի» բառերից առաջ նշված «Հայաստանի Հանրապետության» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ եւ 18-րդ հոդվածի 3-րդ մասերը:

2. Նախագծի 1-ին հոդվածում «2-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր կետերով.» բառերը փոխարինել «2-րդ հոդվածում լրացնել նոր՝ «ժգ», «ժդ», «ժե», «ժզ» կետեր.» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

3. Նախագծի 2-րդ հոդվածից հանել «կատարել հետեւյալ փոփոխությունը եւ լրացումը» բառերը՝ հիմք ընդունեով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը: Նույն հիմնավորմամբ առաջարկում ենք խմբագրել Նախագծիմյուս հոդվածները:

4. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ խմբագրվում է «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի «դ» կետն, ըստ որի Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառի նորմատիվ ակտերը, մասնավորապես՝ զանգվածային սպորիտին, բարձրագույն նվաճումների սպորտին եւ մանկապատանեկան սպորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերը : Այս կապակցությամբ հայտնում ենք, որ Օրենքի գործող ձեւակերպումը ներառում է նաեւ նշված բնագավառները, իսկ առաջարկվող կարգավորմամբ ստացվում է, որ Կառավարությունն իրավունք կունենա ընտրել կոնկրետ բնագավառների ակտերը: Նույն նկատառումը վերաբերվում է նաեւ Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին կետին: Բացի դրանից Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով կատարվող լրացումը հակասում է Օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետին՝ մասնավորապես մի դեպքումնշված բնագավառի նորմատիվ ակտերը հաստատելու լիազորությունը վերապահված է Կառավարությանը, իսկ մեկ այլ դեպքում նույն նորմատիվ ակտերի հաստատման լիազորությունները վերապահվում է լիազոր մարմնին:

5. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասի «հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր կետով.» բառերը փոխարինել «լրացնել նոր՝ «զ» կետ.» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույն հիմնավորմամբ առաջարկում ենք խմբագրել Նախագծիմյուս հոդվածները:

6. Նախագծի 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ լրացում է կատարվում Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ժ.2»-րդ կետում, որի արդյունքում լիազոր մարմինը ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառի ինչպես վաստակաշատ անձանց, այդ թվում նաեւ տվյալ ոլորտում ներդրում ունեցած անձանց ներկայացնում է պետական պարգեւների, մրցանակների եւ կոչումների: Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով հստակ սահմանված են այն սուբյեկները ում կարող է շնորհվել պետական պարգեւներ եւ պատվավոր կոչումներ, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառներում պետական պարգեւներ եւ կոչումներ կարող են շնորհվել այդ բնագավառի ականավոր գործիչներին եւ կոլեկտիվներին: Հետեւաբար, հաշվի առնելով վերը նշված իրավական ակտերի միջեւ առկա հակասությունը՝ առաջարկում ենք Նախագծով առաջարկվող կարգավորումները համապատասխանեցնել վերոնշյալ օրենքի պահանջներին: Բացի դրանից պարզ չէ թե ինչ է ենթադրում «արժեքավոր այլ նվերներ» ձեւակերպումը:

7. Նախագծի 3-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ լիազոր մարմինը վերահսկողություն պետք է իրականացնի մարզաձեւերիկ ազգային ֆեդերացիաների նկատմամբ: Այս կապակցությամբ հայտնում ենք, որ ոչ Օրենքով եւ ոչ էլ Նախագծով սահմանված չեն, թե ինչ է ենթադրում այդ վերահսկողությունը եւ որոնք են դրա իրականացման մեխանիզմները:

8. Նախագծի 3-րդ հոդվածի համապատասխան մասերում նշված «ժ2» ,«ժ3»,…, կետերը խմբագրել, «ժ.2-րդ», «ժ.3-րդ»,… եւ այլն՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասը:

9. Նախագծի 4-րդ հոդվածի«Օրենքի 12-րդ հոդվածը լրացնել նոր պարբերությամբ հետեւյալ բովանդակությամբ.» բառերն առաջարկում ենք փոխարինել «Օրենքի 12-րդ հոդվածում լրացնել նոր՝ 10-րդ պարբերություն.» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

10. Նախագծի 4-րդ հոդվաում «օլիմպիական խարտիայի» բառերն առաջարկում ենք փոխարինել «Միջազգային օլիմպիական կոմիտեի խարտիայի» բառերով՝ հիմք ընդունելով Օրենքի 12-րդ հոդվածով սահմանված հասկացությունը:

11. Նախագծի 5-րդ եւ 6-րդ հոդվածներով նախատեսված լրացումների արդյունքում ստացվում է, որ Մարզաձեւերի ազգային ֆեդերացիաները հանդիսանալու են համապատասխան չափանիշներ կրող, որոշակի պահանջների բավարարող եւ ըստ այդմ էլ լիազոր մարմնի կողմից թույլտվություն ստացած կազմակերպություններ են, որոնք էլ Նախագծի 4.1-րդ գլխի համաձայն` ձեւավորում են Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերը՝ ըստ համապատասխան մարզաձեւերի: Մասնավորապես Նախագծի 5-րդ հոդվածի համաձայն՝ Մարզաձեւերի ազգային ֆեդերացիաները սպորտի առանձին տեսակը կամ տեսակները զարգացնելու նպատակով ստեղծված կազմակերպություններ են, որոնք ֆեդերացիա կարող են ճանաչվել, եթե…, իսկ Օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ մարզաձեւերի ազգային ֆեդերացիաները Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ազգային համակարգի մասը կազմող ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառի հասարակական կազմակերպություններ են: Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ Նախագծի 5-րդ հոդվածով լրացվող վերը նշված դրույթը հակասում է Օրենքի 8-րդ հոդվածին եւ չի սահմանում, թե մարզաձեւերի ազգային ֆեդերացիան ինչ կազմակերպություն կարող է լինել, քանի որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 51-րդ հոդվածով հստակ սահմանված են իրավաբանական անձ հանդիսացող կազմակերպությունների տեսակները:

12. Նախագ ծի6-րդ հոդվա ծի 2-րդ մասի համաձայն՝ լիազորված մարմինը կարող է մերժել թույլտվության տրամադրումը, եթե հիմնադրվող ֆեդերացիան չի համապատասխանում օրենքի 13-րդ հոդվածի պահանջներին կամ…: Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ թույլտվության տրամադրման մերժումը՝ տվյալ ձեւակերպմամբ հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 78-րդ հոդվածով սահմանված որոշակիության սկզբունքին եւ լիազոր մարմնի կողմից այն կարող է առաջ բերել հայեցողական վարքագծի դրսեւորման: Հետեւաբար, հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք «կարող է մերժել» բառերը փոխարինել «մերժում է» բառերով: Բացի դրանից՝ առաջարկում ենք «13-րդ» բառերից հետո լրացնել « եւ 13.1-րդ» բառերը, քանի որ Նախագծի 6-րդ հոդվածով լրացվող 13.1-րդ հոդվածով եւս նախատեսվում են պահանջներ, որոնք պետք է ներկայացվիթույլտվության ստացման համար:

13. Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Օրենքի 14-րդ հոդվածում լրացվում է նոր պարբերություն, ըստ որի այլ մարզական հասարակական կազմակերպությունները, միությունները եւ ընկերությունները Օրենքով սահմանված կարգով պարտավոր են հավատարմագրվել: Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ Օրենքով որեւիցե հավատարմագրման կարգ սահմանված չէ, հետեւաբար, պարզ չէ թե ինչ հավատարմագրման մասին է խոսքը եւ ինչ կարգով այն պետք է իրականացվի:

14. Նախագծի 18.6-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն՝ հավաքական թիմի կազմում ընդգրկված մարզիկները, մարզիչները եւ սպասարկող անձնակազմը մարզաձեւերի համապատասխան ազգային ֆեդերացիաների հետ կարող են կնքել երկկողմ պայմանագրեր: Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ պարզ չէ թե ինչ պայմանագրերի մասին է խոսքը, քանի որ Նախագծի 18.7-րդ հոդվածի վերջին պարբերության համաձայն՝ աշխատանքային կարգապահության խախտումների դեպքում հավաքական թիմի մարզիկ-անդամների նկատմամբ սահմանված է, որ կիրառվում է աշխատանքային պայմանագրով նախատեսված կարգապահական տույժ: Բացի դրանից հայտնում ենք, որ աշխատանքային պայմանագրով չեն կարող նախատեսվել կարգապահական տույժեր, քանի որ կարգապահական տույժեր կիրառելու հիմքերը օրենքի կարգավորման առարկան են, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով:

15. Նախագծի 18.7-րդ հոդվածով սահմանված են հավաքական թիմի կազմում ընդգրկված մարզիկների պարտականությունները, սակայն դրանց չկատարման համար նախատեսված չեն իրավական հետեւանքներ:

16. Նախագծի 18.10-րդ հոդվածով սահմանված է, որ գլխավոր մարզիչը ղեկավարում է հավաքական թիմի խորհուրդը, սակայն սահմանված չէ թե ինչ կարգավիճակ ունի խորհուրդը եւ ովքեր են ընդգրկված վերջինիս կազմում, պարզ չէ նաեւ խորհրդի լիազորությունների շրջանակը:

17. Առաջարկում ենք Նախագծում սահմանել այն ուժի մեջ մտնելու վերաբերյալ դրույթ:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                                         Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող՝Գ. Մամյան (հեռ. 011-513-675) (108)


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                                          Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող՝Գ. Մամյան (հեռ. 011-513-675) (108)