ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»(փաստաթղթային կոդ՝ Պ-120-26.04.2019-ԳԿ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծիվերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի եւ Լիլիթ Մակունցիկողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1.Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 159-րդ հոդվածը լրացնել նոր 5-րդ մասով, այն է՝ «5. Անկախ սեփականության ձեւից՝ ՀՀ-ում հավատարմագրված բարձրագույն, միջնակարգ-մասնագիտական ու պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնական հաստատություններում սովորող (ուսանող) վարձու աշխատողի (այդ թվում՝ ծառայություններ մատուցող) ուսման վարձը փոխհատուցվում է սույն օրենսգրքի 1601 հոդվածով:»:

Այդ կապակցությամբ, անհրաժեշտ ենք համարում նշել, որ «Կրթության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն. մասնագիտական հիմնական կրթական ծրագրերն են` նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական եւ հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերը: Օրենքի 13-րդ հոդվածի համաձայն ՝ ուսումնական հաստատությունների տիպերն են՝ նախադպրոցական, հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական, հետբուհական մասնագիտական, լրացուցիչ կրթությունը, այդ թվում՝ արտադպրոցական դաստիարակության:

Օրենքների միատեսակությունը ապահովելու եւ ՀՀ օրենսդրությանը համահունչ դարձնելու նպատակով առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող Օրենսգրքի 159-րդ հոդվածի նոր 5-րդ մասի եւ Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող Օրենսգրքի նոր 1601 -րդ հոդվածի 1-ին մասի « միջնակարգ-մասնագիտական ու պրոֆեսիոնալ-տեխնիկական » բառերը փոխարինել «ն ախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական » բառերով (տե՛ս «Կրթության մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» օրենքները, Կառավարության 2013 թվականի նոյեմբերի 28-ի N 1330-Ն որոշումը, ՀՀ կրթության եւ գիտության նախարարի 2012 թվականի ապրիլի 5-ի N 254-Ն հրամանը ):

Բացի այդ, առաջարկում ենք ենք քննարկել Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող լրացումը որպես Օրենսգրքի 159-րդ հոդվածի 3.1-րդ մաս կատարելու հարցը:

2.Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող Օրենսգրքի 159-րդ հոդվածի նոր 5-րդ մասի «ՀՀ» հապավումը բացել եւ դարձնել «Հայաստանի Հանրապետությունում»՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը:

3. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող Օրենսգրքի 1601 -րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Սույն հոդվածով սահմանված գումարները վերադարձվում են ուսումնական տարվա կիսամյակի ավարտից հետո յուրաքանչյուր ուսումնական տարվա համար սահմանված միջին որակական գնահատականի (ՄՈԳ) շեմը հաղթահարելու դեպքում:»: Այդ կապակցությամբ նշենք, որ նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական ուսումնական հատսատություններում միջին որակական գնահատականի (ՄՈԳ) շեմ սահմանված չէ, ուստի առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող Օրենսգրքի 1601 -րդ հոդվածի 2-րդ մասը քննարկել«Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի համատեքստում եւ շարադրել նոր խմբագրությամբ:

Առաջարկում ենք նաեւ քննարկել Օրենսգրքի 1601 -րդ հոդվածի 2-րդ մասը. «Սույն հոդվածով, ինչպես նաեւ այլ իրավական ակտերով սահմանված մի քանի արտոնություններին հավակնելու դեպքում ուսանողը կարող է օգտվել դրանցից միայն մեկից, որի դեպքում կիրառվում է մասնակի փոխհատուցման առավելագույն չափը:» նախադասությամբ լրացնելու հարցը:

4. Խմբագրական առումով, առաջարկում ենք, Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող Օրենսգրքի 1601 -րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ «3. Սույն հոդվածի նկատմամբ կիրառելի են Օրենսգրիքի 160-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերը եւ 5-րդ մասի 1-ին, 2-րդ կետերը:»:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ՝                                                                   ՍՊԱՐՏԱԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող՝Ս. Համբարձումյան

(հեռ. 011-513-360) (119)

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»(փաստաթղթային կոդ՝ Պ-120-26.04.2019-ԳԿ -011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայությանմասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունըբացակայում է:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ՝                                                                      ՍՊԱՐՏԱԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող՝Ս. Համբարձումյան

(հեռ. 011-513-360) (119)