ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-216-03.07.2019-ՊԻ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-2161 -03.07.2019-ՊԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլայ Բաղադասարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածով շարադրվող՝ օրենսգրքի 287-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Սույն օրենսգրքի 10-րդ գլխով սահմանված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական ակտերը կարող են վիճարկվել դատական կարգով միայն վարչական կարգով բողոքարկվելուց հետո »:
«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածով լրացվող՝ օրենսգրքի 3-րդ հոդվածի 1.2-րդ մասի համաձայն. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 10-րդ գլխով սահմանված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական ակտերը կարող են վիճարկվել դատական կարգով միայն վարչական կարգով բողոքարկվելուց հետո» :
Ներկայացված դրույթների համաձայն՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 10-րդ գլխով սահմանված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով անձն իրավունք ունի (կարող է) դիմել դատարան միայն այն դեպքում, երբ վարչական իրավախախտում կատարելու փաստը բողոքարկել է վարչական կարգով: Այսինքն՝ նշված գործերով անձի՝ դատական կարգով բողոքարկման իրավունքը կարող է իրացվել բացառապես միայն վարչական կարգով բողոքարկվելուց հետո: Ստացվում է, որ անձի խախտված իրավունքը դատական կարգով բողոքարկելու իրավունքը սահմանափակվում է վարչական կարգով բողոք ներկայացնելու պայմանով, քանի որ վարչական վարույթի կողմ հանդիսացող անձն ըստ էության զրկվում է դատական պաշտպանության իր իրավունքից, եթե կոնկրետ գործերով չի բերել վարչական բողոք, ինչը խնդրահարույց է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածով ամրագրված անձի դատական պաշտպանության իրավունքի իրացման տեսանկյունից:
Հարկ է նաեւ նշել, որ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի համաձայն՝ ակտը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով, ինչը նշանակում է, որ նշված կարգավորումների համաձայն՝ իրավունքի պաշտպանության միջոցի, եղանակի ընտրությունը թողնված է անձի հայեցողությանը եւ սահմանափակված չէ որեւէ նախապայմանով, մինչդեռ ներկայացված նախագծերով անձի դատարան դիմելու համար ըստ էության սահմանված է նախապայման-սահմանափակում այն է՝ վարչական ակտերը կարող են վիճարկվել դատական կարգով միայն վարչական կարգով բողոքարկվելուց հետո: Ավելին՝ նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե ակտը բողոքարկվել է վարչական եւ դատական կարգով միաժամանակ, ապա բողոքը ենթակա է դատական քննության, որի դեպքում վարչական մարմնում հարուցված վարույթը կարճվում է:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ գտնում ենք, որփաթեթով առաջարկվող կարգավորումները խնդրահարույց են ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածով ամրագրված անձի դատական պաշտպանության իրավունքի տեսանկյունից:
Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.
1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածով շարադրվող՝ օրենսգրքի 287-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ որոշումը վարչական կարգով բողոքարկվում էվարչական ակտն ընդունած վարչական մարմին, վարչական մարմնի վերադաս վարչական մարմին կամ օրենքով նախատեսված դեպքերում՝ այլ իրավասու վարչական մարմին, ինչը չի համապատասխանում «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե ակտը բողոքարկվել է ակտն ընդունած վարչական մարմին եւ (կամ) բողոքարկվող ակտն ընդունած վարչական մարմնի վերադաս վարչական մարմին, ապա բողոքը ենթակա է քննարկման բողոքարկվող ակտն ընդունած վարչական մարմնի վերադաս վարչական մարմնում:
2. Փաթեթով ներկայացված նախագծերի վերնագրերն, ինչպես նաեւ «Նախագիծ» բառերն անհրաժեշտ է նշել մեծատառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասը եւ 21-րդ հոդվածի 7-րդ մասը:
3. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածի «(այսուհետ՝ Օրենգիրք)» բառերն առաջարկում ենք հանել՝ հաշվի առնելով, որ Նախագծում օրենսգրքին այլեւս հղում չի կատարվում,
4. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածում նշված «հետեւյալ խմբագրությամբ» բառերն անհրաժեշտ է փոխարինել «նոր խմբագրությամբ» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը: Բացի այդ, նշված հոդվածում փոփոխվող հոդվածի վերնագրից առաջ անհրաժեշտ է լրացնել «Հոդված 287.» բառերը, իսկ նշված հոդվածի մասերի համարակալումը համապատասխանեցնել՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14- րդ հոդվածի 7- րդ մասի պահանջներին:
5. «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածում անհրաժեշտ է ճիշտ նշել օրենսգրքի լրիվ անվանումը՝ հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի եւ 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները: Միաժամանակ նշված նախագծի 1-ին հոդվածում 1-ին մասը լրացվում է նոր 1.2-րդ մասով, մինչդեռ խոսքը պետք է վերաբերվի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածում նոր՝ 1.2-րդ մաս լրացնելուն:
6. «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածում նշված «հետեւյալ բովանդակությամբ» բառերն անհրաժեշտ է հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը, իսկ լրացվող 1.2-րդ մասում նշված «ՀՀ» հապավումն անհրաժեշտ է բացել:
Փաթեթի վերաբերյալայլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ` Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ
հեռ.՝ 011-513-337 (118)
ՏԵՂԵԿԱՆՔ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-216-03.07.2019-ՊԻ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-2161 -03.07.2019-ՊԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծերին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ` Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ
հեռ.՝ 011-513-337 (118)