ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Խ-221-11.07.2019-ՊԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ՝ Լուսավոր Հայաստան խմբակցությանկողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1.Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել նոր 338.2 հոդվածով՝ սահմանել քրեական պատասխանատվություն նոտարին կեղծ տեղեկատվություն կամ փաստաթուղթ տրամադրելու համար: Հեղինակների կողմից Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորվել է նաեւ այն հանգամանքով, որ նոտարական գործողությունները քաղաքացիական շրջանառության մասնակիցների համար առաջացնում են նշանակալից հետեւանքներ, իսկ այդ գործողություններն իրականացնելիս նոտարները հիմք են ընդունում իրենց տրամադրված տեղեկատվությունն ու փաստաթղթերը: Ըստ հեղինակների՝ չափազանց կարեւոր է որպեսզի օրենսդրությամբ սահմանվի նոտարին կեղծված տեղեկատվություն կամ փաստաթուղթ ներկայացնելու քրեաիրավական հետեւանք: Այս առումով, գտնում ենք, որ նախագծով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի կատարման համար արդեն իսկ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված է պատասխանատվություն:

ՀՀ քրեական օրենսգրքի՝ « Փաստաթղթերի, դրոշմների, կնիքների, ձեւաթղթերի, տրանսպորտային միջոցների պետհամարանիշների կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը » վերտառությամբ 325-րդ հոդվածը սահմանում է.

1. Իրավունք վերապահող, կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը՝ կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ պատրաստելը կամ իրացնելը, ինչպես նաեւ ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝

պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:

Երեւանի պետական համալսարանի 2012 թվականի հրատարակչությամբ՝ «Հայաստանի Հանրապետության քրեական իրավունք հատուկ մաս» * վերտառությամբ դասագրքում մանրամասն մեկնաբանված է ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի, այսինքն՝ « Փաստաթղթերի, դրոշմների, կնիքների, ձեւաթղթերի, տրանսպորտային միջոցների պետհամարանիշների կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը » հանցագործության հանցակազմը:

Մասնավորապես.

Փաստաթղթերը հանդիսանում են այնիպիսի տեղեկատվության աղբյուր, որի հիման վրա ընդունվում են որոշումներ, ինչպես նաեւ դրանք հանդիսանում են ընդունված որոշումները ամրագրելու եւ դրանք քաղաքացիներին ու կազմակերպություններին հասցնելու միջոց:

Օրենսգրքի 325-րդ հոդվածով սահմանված՝ փաստաթղթերի, դրոշմների, կնիքների, ձեւաթղթերի, տրանսպորտային միջոցների պետհամարանիշների կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու հիմնական անմիջական օբյեկտը՝ փաստաթղթերի եւ այլ առարկաների հետ վարվելու սահմանված կարգն է: Հանցակազմի սուբյեկտիվ կողմը բնութագրվում է ուղղակի դիտավորությամբ՝ հանցավորը գիտակցում է, որ պատրաստում, իրացնում կամ օգտագործում է կեղծ փաստաթղթեր կամ այլ առարկաներ: Իրացնել կեղծ փաստաթղթեր կամ այլ առարկաներ՝ նշանակում է դրանք դնելշրջանառության մեջ, տարբեր ձեւերով դրանք հանձնել այլ անձանց: Կեղծ փաստաթղթերի օգտագործումը՝ նշանակում է դրանք շրջանառության մեջ դնել սեփական կարիքների համար՝ դրանց միջոցով իրավունքներ ձեռք բերելու կամ պատասխանատվությունից ազատվելու նպատակով (հետեւաբար նոտարին կեղծ տեղեկատվություն կամ փաստաթուղթ տրամադրելը պետք է դիտարկել Օրենսգրքի 325-րդ հոդվածի լույսի ներքո): Սրանով օգտագործելը տարբերվում է իրացնելուց, որի դեպքում հանցավորը նպատակ չի հետապնդում օգտվելու փաստաթղթից կամ այլ առարկայից բխող իրավունքներից:

Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում ենք Նախագիծը վերանայել՝ հիմք ընդունելովՀայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի կարգավորումները:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                                                               Ս.ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող` Գ. Տոնոյան (հեռ. 011-513-360)

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Խ-221-11.07.2019-ՊԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                                                                   Ս.ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող` Գ. Տոնոյան (հեռ. 011-513-360)



* Տես՝ Գ.Ս.Ղազինյան «Հայաստանի Հանրապետության քրեական իրավունք», Հրատ. ԵՊՀ հրատարակչություն 2012թ..