ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Թվային ֆինանսական ակտիվների մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-224-12.07.2019-ՖՎ-011/0 ) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Թվային ֆինանսական ակտիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
Նախագիծը համապատասխանում է Հայսատանի Հանրապետության Սահմանադրությանը;
Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը՝
1. Նախագծի 3-րդ հոդվածի վերնագրում «ստեղծումն ու պահպանումը» բառերն առաջարկում ենք փոխարինել «ստեղծումը, պահպանումը եւ օտարումը» բառերով: Քանի որ նշված հոդվածը կարգավորում նաեւ կրիպտոակտիվների օտարման հետ կապված հարաբերությունները, իսկ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ հոդվածները ունենում են վերնագրեր, որոնք համապատասխանում են հոդվածների բովանդակությանը:
2. Նախագծի 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ֆիզիակական անձանց կողմից իրականացվող մայնինգը, կրիպտոակտիվների պահպանումը եւ օտարումը չի համարվում ձեռնարկատիրական գործունեություն , եթե այն իրականացվում է ինքնուրույն՝ առանց աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրերի հիմքով այլ ֆիզիկական անձի կամ անձանց ներգրավման: Նախատեսվող կարգավորումը հարկ ենք համարում քննարկել քաղաքացիական օրենսդրության կարգավորումների լույսի ներքո: Այսպես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն՝ ձեռնարկատիրական է համարվում անձի ինքնուրույն, իր ռիսկով իրականացվող գործունեությունը, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ ստանալն է : ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ օտարման պայմանագրի տեսակ է հանդիանում առուվաճառքի պայմանագիրը: Նախատեսվող կարգավորմամաբ ստացվում է, որ, ֆիզիկական անձի կողմից օրինակ՝ կրիպտոակտիվի օտարումը՝ առուվաճառքը չի համարվում ձեռնարկատիրական գործունեություն, ինչը, կարծում ենք խնդրահարույց է ներկայացված կարգավորումների տեսանկյունից:
3. Նախագծի 3-րդ հոդվածի 4-րդ մասում «ստեղծման եւ պահպանման» բառերն առաջարկեւմ ենք փոխարինել «ստեղծման, պահպանման եւ օտարման» բառերով՝ օտարման հետ կապված հարկային պարտավորությունների առաջացմամբ պայմանավորված:
4. Նախագծի 4-րդ հոդվածի 3-րդ մասից առաջարկում ենք հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ մասի կարգավորումները:
Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ` Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կատարող՝ Լ. Մակարյան (հեռ. 011-513-283
ՏԵՂԵԿԱՆՔ
«Թվային ֆինանսական ակտիվների մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-224-12.07.2019-ՖՎ-011/0 ) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծ ին (այսուհետ՝ Նախագիծ) առնչվող այլ օրենքի ընդունման անհրաժեշտության մասին
Նախագծի 2-րդ հոդվածի 4-րդ եւ 4-րդ հոդվածի 5-րդ մասերով նախատեսված կարգավորումներով պայմանավորված անհրաժեշտ է ներկայացնել նաեւ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ:
ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ` Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կատարող` Լ. Մակարյան (հեռ. 011-513-283)