ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-226-15.07.2019-ԱՍ-011/0 ) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արտակ Մանուկյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայսատանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը՝

1. Նախագծի վերնագրից առաջարկում ենք հանել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ եւ 18-րդ հոդվածի 3-րդ մասերը:

2. Նախագծի վերնագրում «լրացումներ եւ փոփոխություններ» բառերն առաջարկում ենք փոխարինել «լրացում» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը:

3. Նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք նշել օրենքի լրիվ անվանումը՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումներին համապատասխան:

4. Նախագծի 1-ին հոդվածում «ավելացնել 3-րդ մասով» բառերն առաջարկում ենք փոխարինել «լրացնել նոր 3-րդ մասով» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

5. Նախագծի 1-ին հոդվածով կատարվող լրացման 2-րդ կետում «ամենամյա» բառից հետո առաջարկում ենք լրացնել «նվազագույն» բառը:

6. «Սույն փոփոխությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից» նախադասություննառաջարկում ենք ձեւակերպել հետեւյալ կերպ՝

«Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:» ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                                                  Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող՝ Լ. Մակարյան (հեռ. 011-513-283)

ՏԵՂԵԿԱՆՔ

««Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-226-15.07.2019-ԱՍ-011/0 ) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին (այսուհետ՝ Նախագիծ) առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                                                                   Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող` Լ. Մակարյան (հեռ. 011-513-283)