ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Խ-248-06.08.2019-ՊԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական վերլուծական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի վերնագրում առաջարկում ենք «լրացումներ» բառը փոխարինել «լրացում» բառով՝ հաշվի առնելով, որ Նախագծով նախատեսվում է Օրենսգրքում կատարել մեկ լրացում:

2. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է լրացում կատարել Օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասում՝ լրացնելով նոր՝ 4-րդ կետ, որն Օրենսգրքում 265-րդ հոդվածով սահմանված արարքի համար նախատեսում է եւս մեկ ծանրացնող հանգամանք: Այսինքն, Նախագծի հիշյալ հոդվածից պարզ է դառնում, որ խոսքը վերաբերում է նշված արարքը նույն անձի կողմից մեկից ավելի անգամ կատարելուն: Այդ կապակությամբ հայտնում ենք, որ Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող «կրկին անգամ» ձեւակերպումն իրավական բովանդակության տեսանկյունից չի կիրառվում Օրենսգրքում, իսկ, որպես այդպիսին նշված բովանդակությամբ Օրենսգրքում կիրառվում է «մեկից ավելի անգամ» ձեւակերպումը (հիմք՝ Օրենսգրքի 158-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ): Ելնելով վերոգրյալից, նաեւ հաշվի առնելով, որ Լեզվի կոմիտեն իր կողմից իրականացվող լեզվական դիտարկումների արդյունքում արձանագրել է, որ «կրկին» բառի հետ «անգամ» բառի գործածությունն ավելորդ է եւ «կրկին» նշանակում է «երկրորդ անգամ», «եւս մի անգամ»՝ գտնում ենք, որ Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված լրացումը խմբագրման կարիք ունի: Հետեւաբար, առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված «կրկին անգամ» բառերը փոխարինել «մեկից ավելի անգամ» բառերով:

3. Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվում է խստացնել Օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված սանկցիան, մասնավորապես կալանքի դեպքում նախատեսվում է, որ Օրենսգրքով սահմանված մեկից երեք ամիս ժամկետով կալանքը փոխարինվի երեքից վեց ամիս ժամկետով կալանքով: Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ Օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է կալանքը՝ որպես պատժատեսակի, հասկացությունը, դրա նշանակման դեպքերը, ինչպես նաեւ կալանքի, որպես պատժատեսակի, նշանակման նվազագույն եւ առավելագույն ժամկետները, համաձայն որի կալանքը կարող է նշանակվել ոչ մեծ եւ միջին ծանրության հանցանքների համար օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերում` տասնհինգ օրից մինչեւ երեք ամիս ժամկետով եւ միայն այն դեպքում, երբ կալանավորումը որպես խափանման միջոց չի կիրառվել: Այսինքն, ստացվում է, որ Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվող փոփոխությունը հակասում է Օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասին: Հետեւաբար, գտնում ենք, որ Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվող փոփոխությունը լրացուցիչ ուսումնասիրման կարիք ունի:

Նախագծի վերաբերյալայլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ