Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Օտարերկրացիների մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ
կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի(փաստաթղթային կոդ` Կ-711-25.09.2009-ՍՀ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

1. Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Նախագիծը համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից հիմնախնդիրներ չի առաջացնում:

3. Նախագծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

4. Նախագիծը ՀՀ օրենքներին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալ նկատառումները.

ա) Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է. «2. Օտարերկրացուն աշխատանքի թույլտվություն տրվում է սույն օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն գործատուի դիմած կոնկրետ ժամկետով`պահպանելով նույն հոդվածի պահանջները: Օտարերկրյա քաղաքացուն կարող է տրամադրվել նոր աշխատանքի թույլտվություն սույն օրենքով սահմանված կարգով»:

Մեր կարծիքով հիշյալ դրույթում «գործատուի դիմած կոնկրետ ժամկետով» բառակապակցությունը հստակեցման կարիք ունի, քանի որ այդ արտահայտությունը թերի է թե՛ խմբագրական, թե՛ իմաստային առումով, իսկ օրենսդրական տեխնիկայի պահանջների տեսանկյունից հիշատակված արտահայտությունը տարընթերցման տեղիք կարող է տալ: Տվյալ դեպքում պարզ չէ, թե ինչին է խոսքը վերաբերում` գործատուի հետ համաձայնեցվա՞ծ որոշակի ժամկետին, գործատուի համար անհրաժե՞շտ ժամկետին, գործատուի կողմից առաջարկվա՞ծ ժամկետին, թե՞ այն այլ իմաստով է գործածված:

Նախագծի նույն հոդվածի բովանդակությունից առաջարկում ենք հանել «պահպանելով նույն հոդվածի պահանջները» բառակապակցությունը, քանի որ այդ պահանջն արդեն իսկ ամրագրված է նույն նախադասության մեջ:

բ) Նախագծի 3-րդ հոդվածում առաջարկվում է. «Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասում, 28-րդ հոդվածի 2-րդ մասում,    45-րդ հոդվածի 3-րդ մասում «լիազորված» բառից առաջ լրացնել «օտարերկրացիների աշխատանքի եւ զբաղվածության բնագավառում» բառերը»:

Նշված հոդվածների համապատասախան մասերն առաջարկում ենք լրացնելոչ թե «օտարերկրացիների աշխատանքի եւ զբաղվածության բնագավառում» բառերով, այլ «օտարերկրացիների աշխատանքի եւ զբաղվածության բնագավառում Հայաստանի Հանրապետության լիազորված պետական կառավարման մարմինը» բառերով, ինչի մասին ուղղակի նշված է «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասում:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկությունները կարող են ներկայացվել աշխատանքային կարգով:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                   Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

22 հոկտեմբերի 2009 թվական

N 8

Կատարողներ` Կ. Հարությունյան հեռ. 588-459

Ս. Համբարձումյան հեռ. 588-472