ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Աշխատանքի վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ
(փաստաթղթային կոդ` Պ-723-28.09.2009-ՍՀ-010/0)

 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Վահան Հովհաննեսյանի, Արծվիկ Մինասյանի, Հրայր Կարապետյանի, Արտյուշ Շահբազյանի, Լիլիթ Գալստյանի, Արմեն Ռուստամյանի, Ռուզաննա Առաքելյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Աշխատանքի վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներինախագծերիփաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Նախագծերի փաթեթը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

3. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

4. Նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

ա) Նախագծի 1-ին հոդվածով ներկայացվող առաջարկությունը բովանդակում է չօգտագործված արձակուրդի համար դրամական հատուցման հնարավորություն, ինչը չի բխում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 170-րդ հոդվածի բովանդակությունից:

Այդ կապակցությամբ, առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածը վերանայել եւ համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի հիշյալ հոդվածի պահանջներին:

Միաժամանակ անհրաժեշտ է նշել, թե Նախագծով ներկայացվող առաջարկությամբ գործատուն ինչ չափանիշներով է առաջնորդվելու վերոնշյալ դրամական հատուցումը կատարելու համար:

բ) Նախագծի 2-րդ հոդվածն առաջարկում ենք հանել, քանի որ ներկայացված դրույթը բացառապես հարկային օրենսդրության կարգավորման առարկա է:

գ) Աշխատանքի վարձատրության ոլորտը կարգավորող օրենսդրության միասնականացման տեսանկյունից առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածով ներկայացվող առաջարկությունը քննարկել «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասում, «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասում եւ տվյալ ոլորտը կարգավորող այլ օրենքներում ամրագրված դրույթների համատեքստում:

«Աշխատանքի վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալդիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                     Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

26 հոկտեմբերի 2009 թվական

N 12

Կատարողներ`Ա. Գալստյան հեռ. 588-235

Մ. Գեղամյան հեռ. 588-659

Ա.Քոչարյան հեռ. 588-585