Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի
(փաստաթղթային կոդ` Պ-738-15.10.2009-ԱՀ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանի, Լարիսա Ալավերդյանի, Անահիտ Բախշյանի, Վարդան Խաչատրյանի, Արմեն Մարտիրոսյանի, Զարուհի Փոստանջյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելումասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Նախ, անհրաժեշտ է նշել, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից 2007 թվականի օգոստոսի 28-ին օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացրած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (Պ-088-28.08.2007-ԱՀ-010/0 փաստաթղթային կոդով) 2008 թվականի ապրիլի 28-ին հանվել է Ազգային ժողովի շրջանառությունից` հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկելու մասին ՀՀ Ազգային ժողովի որոշման ընդունման համար անհրաժեշտ ձայներ չստանալու հիմքով: Վերոնշյալ նախագիծը կրկնում է ներկայացված Նախագծին` բացառությամբ օրենքի ուժի մեջ մտնելուն վերաբերող Նախագծի 2-րդ հոդվածին:

Միաժամանակ, հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության իրավակիրառ պրակտիկայում պետությունների միջազգային իրավական ճանաչումն իրականացվում է Հանրապետության Նախագահի կողմից դեստինատոր (հասցեատեր) պետության ղեկավարին համապատասխան ուղերձի հղման եղանակով: Այսպես, օրինակ, Հանրապետության Նախագահը 2006 թվականի հունիսի 14-ին ուղերձով դիմել է Մոնտենեգրոյի Հանրապետության նախագահին` ճանաչելով Մոնտենեգրոյի Հանրապետությունը որպես անկախ ու ինքնիշխան պետություն եւ հայտնել դիվանագիտական հարաբերությունների հաստատման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ միջազգային իրավական ճանաչումը համարվում է միջազգային հարաբերությունների կարեւոր եւ առանցքային տարրերից, ուստի առաջարկում ենք Նախագծով ներկայացված դրույթը քննարկել ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետի համապատասխանության տեսանկյունից:

Հարկ է նաեւ նկատել, որ միջազգային իրավունքում միջազգային իրավական ճանաչման ինստիտուտն ընկալվում է` որպես որեւէ պետության արձագանք նոր պետության առաջացման եւ վերջինիս միջազգային իրավասուբյեկտություն հաղորդելու վերաբերյալ: Հատկանշական է, որ միջազգային իրավական ճանաչման առնվազն երկու տեսակներ իրենց ամրագրումն են ստացել ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 1989 թվականի դեկտեմբերի 1-ի թիվ 1650-XI որոշման մեջ, դրանք են` պետության ճանաչումը եւ կառավարության կամ պետության իշխանության ճանաչումը:

Անհրաժեշտ է ընդգծել, որ նախկին Հայկական ԽՍՀ Սահմանադրության 98-րդ հոդվածի համաձայն` Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը հանդիսանում էր Հայկական ԽՍՀ պետական իշխանության բարձրագույն մարմին, որն իրավազոր էր լուծելու Հայկական ԽՍՀ տնօրինությանը վերապահված բոլոր հարցերը:

ՀԽՍՀ Գերագույն խորհրդի հիշատակված որոշման 1-ին կետի համաձայն. «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ինքնորոշման փաստը...», իսկ նույն որոշման 2-րդ կետով սահմանվում է, որ «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի լիազոր ներկայացուցիչների համագումարը եւ նրա ընտրած Ազգային խորհուրդը որպես մարզի ներկայումս գործող միակ իշխանությունը»:

Ընդ որում, հարկ է նշել, որ հիշյալ որոշումն ուժը կորցրած չի ճանաչվել եւ, կարծում ենք, խնդրո առարկայի գերկարգավորվածությունը ոչ նպատակահարմար է հատկապես Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի 2005 թվականի հունվարի 25-ի թիվ 1416 բանաձեւով ամրագրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ընդունելի ու մերժելի ուղիների վերաբերյալ սկզբունքների իրացման շրջանակում:

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆՊԵՏ                                              Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

12 նոյեմբերի 2009թ.

N 22

Կատարողներ`Մ. Հակոբյան, հեռ. 588-659

Ա. Քոչարյան, հեռ. 588-585