Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի
(փաստաթղթային կոդ` Կ-755-04.11.2009-ՏՀ-010/0 ) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Նախագիծը համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել.

ա) «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ եթե ծրագրի գործողության ժամկետը լրանալուց հետո նոր ծրագիր չի ընդունվում, ապա շարունակում է գործել նախորդ ծրագիրը: Կարծում ենք, այս դրույթի տրամաբանությունը վերաբերում է գոնե միայն հաջորդ տարվան եւ ոչ թե հաջորդող մի քանի տարիներին: Մասնավորեցման քաղաքականության շարունակականությունն ապահովելու լավագույն եւ ճիշտ ճանապարհը, մեր կարծիքով, ոչ թե հատվածական լուծում տալն է, այլ` տվյալ դեպքում, նոր ծրագրի ընդունումն է:

բ) Նույն 4-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ « …Մինչեւ ծրագրի գործադրման uկիզբը Հայաuտանի Հանրապետության Ազգային Ժողովը քննարկում եւ ընդունում է ծրագիրը, ինչպեu նաեւ ընթացիկ ծրագրին նախորդող ծրագրի կատարման մաuին հաշվետվությունը` oրենքների տեuքով»:

Այս դրույթի տրամաբանությունից հետեւում է, որ 2009-2011 թվականների ծրագրերի հաստատմանը պետք է նախորդի առնվազն 2008 թվականի տարեկան հաշվետվության հաստատումը, ինչը դեռ տեղի չի ունեցել:

գ) Նախագծի 2-րդ հոդվածի 5-րդ մասում առաջարկվում է. «Հայաստանի Հանրապետության առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության ընկերությունների ցանկում ուժը կորցրած ճանաչել 3-րդ կետը, իսկ «Հայաստանի Հանրապետության առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն» բառերով»:

Կարծում ենք, որ նշված հոդվածի առաջարկները` օրենսդրական տեխնիկայի պահանջներից ելնելով, անհրաժեշտ է տարանջատել` բաժանելով դրանք առանձին մասերի, քանի որ «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի 1-ին ցանկում առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել 3-րդ կետը, իսկ դա վերաբերում է "Գառնի-Լեռ" ԲԲԸ-ան մասնավորեցման գործընթացը դադարեցնելուն, իսկ 2-րդ մասի առաջարկը վերաբերում է ՀՀ նախարարության անվանման փոփոխմանը:

Միաժամանակ, գտնում ենք, որ անհրաժեշտ է վերոհիշյալ 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչելու հետ մեկտեղ` հստակեցնել մասնավորեցման գործընթացի դադարեցման (ինչի մասին հիշատակված է նախագծի ընդունման հիմնավորման տեղեկանքի մեջ) իրավական հետեւանքները, այսինքն` մասնավորեցման գործընթացի հետ կապված ծախսերը փոխհատուցելու հարցը:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                            Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

1դեկտեմբերի 2009թ.

N 37

Կատարող` Իրավական փորձաքննության բաժին

Կ.Հարությունյան, հեռ. 588-459