Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթե
թի վերաբերյալ
(փաստաթղթային կոդ` Պ-774 -25.11.2009-ՊԻ-010/0)
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի, Ռուբեն Գեւորգյանի եւ Հովհաննես Սահակյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթե թը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Նախագծերի փաթեթը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը:
Նախագծերի փաթեթը համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:
Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.
1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.
Նախագծով ներկայացված առաջարկություններն ընդունվելու դեպքում, կարծում ենք, անհրաժեշտություն կառաջանա համապատասխան լրացումներ կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածում:
Նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք «այլ օրենքներով» բառերից առաջ ավելացնել «Հայաստանի Հանրապետության» բառերը:
Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը լրացնել նոր 1087.1-րդ հոդվածով: Առաջարկում ենք լրացվող 1087.1-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 5-րդ մասերում «զրպարտություն» եւ «վիրավորանք» հասկացությունների սահմանումը նախատեսել Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ առաջարկվող օրենսգրքի 19-րդ հոդվածում:
Միաժամանակ Նախագծով լրացվող նոր 1087.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունում առաջարկում ենք հստակեցնել «պայմանավորված է գերակշռող հանրային կամ իրավաչափ մասնավոր շահով» բառակապակցությունը:
Նախագծի նույն հոդվածում հստակեցման կարիք ունի «ոչ ճշմարիտ փաստացի տվյալներ» բառակապակցությունը: Այդ կապակցությամբ հարկ է նշել, որ ըստ էության այստեղ առկա է իմաստային հակասություն երկու տերմինների` «ոչ ճշմարիտ» եւ «փաստացի տվյալ», միջեւ: Խնդիրն այն է, որ ինչպես «տվյալ կամ փաստացի տվյալ» բառերի ստուգաբանությունը, այնպես էլ օրենքներում այդ եզրույթների կիրառելիությունը վկայում են այն մասին, որ փաստացի տվյալն արդեն որոշակի առումով իր մեջ պարունակում է ճշմարտության տարր, որն հաստատվել է այս կամ այն հանգամանքներով: Ընդ որում, ոչ ճշմարիտ կարող է լինել տեղեկությունը, տեսակետը, կարծիքը, ենթադրությունը, բայց ոչ փաստացի տվյալը: Ուստի առաջարկում ենք, հիշատակված տերմինները վերախմբագրել` վերացնելով դրանում առկա ներքին հակասությունը:
Նախագծի 2-րդ հոդվածով լրացվող նոր 1087.1-րդ հոդվածի 4-րդ մասում ամրագրված դրույթի վերլուծությունից բխում է, որ, եթե զրպարտող անձը, որը հանդես է գալիս պատասխանողի դերում, ի վիճակի չէ ապացուցել իր կողմից տարածված ոչ ճշմարիտ փաստացի տվյալները «ողջամիտ գործողություններով», ապա այդ տվյալների իրականության ապացուցման բեռը փոխանցվելու է հայցվորին, եթե վերջինս տիրապետում է այդ փաստացի տվյալներին (հանգամանքներին): Առաջարկում ենք հստակեցնել «ոչ ողջամիտ գործողություններ» բառակապակցությունը կամ սահմանել դրանց հասկացությունը:
Ինչ վերաբերում է նույն հոդվածի 5-րդ մասի «ա» ենթակետին, ապա հարկ է նշել, որ օրենսդիր մարմնում տեղի ունեցող լսումներին մասնակցություն կարող են ունենալ բազմաթիվ մարդիկ, այդ թվում օրենսդիր մարմնի անդամներ եւ օրենսդիր մարմնի աշխատակազմի ներկայացուցիչներ: Ստացվում է, որ միայն վայրի հատկանիշով այլ անձանց համեմատ կարող է խախտվել հավասարության սկզբունքը:
Վերոնշյալ հոդվածի 5-րդ մասի «գ» ենթակետի «դատական քննության մասնակից» արտահայտության կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում նշել հետեւյալը.
ՀՀ օրենսդրության մեջ բացակայում է միասնական եզրույթ դատավարության սուբյեկտների բնորոշման վերաբերյալ: Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքը օգտագործում է «գործին մասնակցող անձինք» եւ «դատավարության մասնակիցներ», ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը` «գործին մասնակցող անձինք», իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը` «դատավարության մասնակիցներ» եւ«քրեական դատավարությանը մասնակցող անձինք» եզրույթները:
Հիշյալ առումով, առաջարկում ենք հստակեցնել, թե կոնկրետ ո՞ր սուբյեկտներն են մտնում «դատական քննության մասնակից» հասկացության մեջ, արդյո՞ք այն վերաբերում է միայն դատավարության կողմերին, թե նաեւ դատավարությանը մասնակցող այլ անձանց (ընթերակա, թարգմանիչ, վկա, փորձագետ, մասնագետ, դատական նիստի քարտուղար) եւ ընդհանրապեսդատական քննությանը ներկա գտնվող յուրաքանչյուր անձի:
Առաջարկում ենք հստակեցնել նաեւ նույն մասի «դ» կետում ամրագրված «մասնակցելու նպատակով» եւ «ողջամտության սահմաններում» հասկացությունների բովանդակությունը: Միաժամանակ, նշված կետում ամրագրված դրույթից պարզ չէ, թե «ճշմարտությունը» պարզելու համար ի՞նչ չափանիշներով է առաջնորդվելու դատարանը, հատկապես «հավասարակշռված» տվյալներ ներկայացնելու պարագայում: Նույնը վերաբերում է նույն հոդվածի 11-րդ մասի «գ» կետին:
Վերոնշյալ հոդվածի 8-րդ մասի տրամաբանությունն ամբողջական դարձնելու նպատակով` առաջարկում ենք այդ մասում «պահանջել» բառից հետո ավելացնել «հատուցելու» բառը:
Ինչ վերաբերում է նույն հոդվածի 9-րդ մասին, ապա անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչպես կարող է վիրավորանքը կամ զրպարտությունը տարածվել զանգվածային լրատվության միջոցներով անձի կոպիտ անզգուշության հետեւանքով: Առավել եւս, որ հենց Նախագծի տրամաբանությամբ` վիրավորանքն այնպիսի գործողությունների կատարումն է, որոնց նպատակը կամ մտադրությունը անձին արատավորելն է: Ստացվում է, որ անձը պետք է հստակ նպատակ կամ մտադրություն ունենա արատավորել այլ անձի, իսկ անզգուշությունը` որպես մեղքի ձեւ, բացառում է նման ուղղակի միտման առկայությունը:
Բացի այդ, Նախագծի ընդհանուր տրամաբանության շրջանակներում գտնում ենք, որ նույն 9-րդ մասը «1000-ապատիկ» բառից առաջ անհրաժեշտ է լրացնել «մինչեւ» բառով:
Հիշյալ հոդվածի 10-րդ մասի «դ» կետի համաձայն` «վնաս կրած անձն իրավունք ունի զանգվածային լրատվական գործողություն իրականացնողից պահանջել .վճարել փոխհատուցում սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված կարգով», մինչդեռ, նույն հոդվածի 11-րդ մասն իրավունք է վերապահում պահանջել փոխհատուցման վճարում, «եթե սույն հոդվածի 10-րդ մասով սահմանված միջոցները բավարար չեն խախտած իրավունքները վերականգնելու համար »: Առաջարկում ենք հիշյալ դրույթները հստակեցնել` վերացնելով դրանց միջեւ առկա ներքին հակասությունը:
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասի եւ 40-րդ հոդվածի համապատասխանությունն ապահովելու նպատակով` առաջարկում ենք լրացվող 1087.1-րդ հոդվածի 10-րդ մասի «գ» ենթակետից հանել «մասին» բառը, իսկ 12-րդ մասում` «չի հերքվել զանգվածային լրատվության մասին ՀՀ օրենքով սահմանված կարգով եւ ժամկետում» նախադասությունը փոխարինել «չի հերքվել «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով եւ ժամկետում» բառակապակցությամբ:
2. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.
Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 135-րդ եւ 136-րդ հոդվածները, ինչի արդյունքում ապաքրեականացվելու են վիրավորանքը եւ զրպարտությունը` որպես քրեորեն պատժելի արարք:
Խնդրո առարկայի վերաբերյալ միջազգային փորձը վկայում է, որ զրպարտության եւ վիրավորանք հասցնելու համար քրեական պատասխանատվություն է սահմանվում`Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգիրքի 129-րդ եւ 130-րդ հոդվածներով, Գերմանիայի Դաշնային Հանրապետության քրեական օրենսգրքի 90, 90a, 90b, 185 եւ 186 հոդվածներով, Լիտվայի Հանրապետության քրեական օրենսգրքի 154-րդ եւ 155-րդ հոդվածներով, Դանիայի քրեական օրենսգրքի 266b-274 հոդվածներով, Բելոռուսի Հանրապետության քրեական օրենսգրքի 188 եւ 189-րդ հոդվածներով, Լեհաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 133, 196, 212, 216, 226, 233, 234, 235-րդ հոդվածներով, Շվեյցարիայի քրեական օրենսգրքով 174, 175 եւ 177-րդ հոդվածներով, Հոլանդիայի քրեական օրենսգրքի 156 եւ 157-րդ հոդվածներով, Էստոնիայի քրեական օրենսգրքի 129 եւ 130-րդ հոդվածներով, Իսպանիայի քրեական օրենսգրքի 207րդհոդվածով: Նույնը վերաբերում է ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Վրաստանի, Կիպրոսի, Լատվիայի, Ալբանիայի, Սերբիայի, Սլովենիայի, Չեխիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Շվեդիայի, Խորվաթիայի, Ավստիայի եւ այլ երկրների քրեական օրենքներին:
Հարկ է նշել, որ հիշատակված երկրներում զրպարտության եւ վիրավորանքի համար քրեաիրավական ներգործության միջոցների նախատեսումը պայմանավորված է առաջին հերթին այդ արարքների հակազդման կամ զսպման գործոնի անհրաժեշտությամբ, ընդ որում, դրանց դրսեւորումներից մարդու պաշտպանությունը միայն քաղաքացիաիրավականեղանակներով ոչ բոլոր դեպքերում կարող է արդյունավետ լինել:
Իսկ առանձին երկրներում ( Նորվեգիայում, Մեծ Բրիտանիայում, Բոսնիա Հերցեգովինայում եւ այլն) զրպարտությունը եւ վիրավորանքը կարգավորվում են միայն քաղաքացիական օրենսգրքով:
Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ ներկայացված առաջարկությունների հետագա արդյունավետ կիրառումն ապահովելու նպատակով Նախագիծն ունի մի շարք հստակեցումների կարիք :
Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:
3. «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆՊԵՏ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ
21 դեկտեմբերի 2009թ.
N 58
Կատարողներ`Ս.Գեւորգյան,
Իրավական փորձաքննության բաժին Ա.Մխիթարյան,Ք.Մանուկյան, հեռ. 588-636