Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Ապրանքային նշանների մասին», «Աշխարհագրական նշումների մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (փաստաթղթային կոդ` Կ-782-30.11.2009-ՏՀ-010/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ապրանքային նշանների մասին», «Աշխարհագրական նշումների մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում :
Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Նախագծերի փաթեթը համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:
Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.
«Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ.
1. Հարկ ենք համարում նշել, որ Նախագծի թղթային տարբերակ ն էապես տարբերվում է ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքում տեղադրված Նախագծի էլեկտրոնային տարբերակից:
2. Նախագծի 1-ին, 2-րդ, 6-րդ, 38-րդ, 57-րդ, 64-րդ եւ 67-րդ հոդվածներն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին:
3. Նախագծի 2-րդ հոդվածի «թվական» հասկացությունն առաջարկում ենք հանել Նախագծի տեքստից եւ բոլոր ժամկետները հստակ սահմանել առանձին օրերով, ամիսներով եւ տարիներով, քանի որ որոշ դեպքերում այն անհասկանալի է դառնում` որպես օրինակ նշենք Նախագծի 41-րդ հոդվածը «Հայտի ներկայացման թվականը» կամ 66-րդ հոդվածի 2-րդ մասը. «Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը գրանցված եւ սույն օրենքի պահանջներին չհամապատասխանող ապրանքային նշանները սույն օրենքի ուժի մեջ մտնելու թվականից եռամսյա ժամկետում պետք է համապատասխանեցվեն սույն օրենքի պահանջներին»:
4. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի «բաղկացած է» բառից հետո առաջարկում ենք ավելացնել «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից» բառերը»:
5. Նախագծի 5-րդ հոդվածում առաջարկում ենք նաեւ նախատեսել դատական կարգով բողոքարկման հնարավորությունը:
6. Նածագծի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «գույների համակցություններ» բառերից առաջ առաջարկում ենք ավելացնել «գույներ,» բառը:
7. Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետից առաջարկում ենք հանել «ցուցումներից կամ» բառերը, քանի որ այն հակասում է 8-րդ հոդվածով նախատեսված պահանջներին:
8. Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանվում է. « հակասում է հասարակական կարգին, մարդասիրության կամ բարոյականության սկզբունքներին, ինչպես նաեւ անհարիր է ազգային կամ հոգեւոր արժեքներին»: Դրույթն առաջարկում ենք հստակեցնել, քանի որ պարզ չէ, թե ով եւ ինչ կարգով է սահմանելու այն չափանիշերը, որոնք հիմք կարող են հանդիսանալ ապրանքային նշանի գրանցման մերժման համար:
9. Նախագծի 21-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է. «Ապրանքային նշանի գրանցումը չեղյալ է հայտարարվում դատարան ներկայացված համապատասխան հայցի կամ իրավունքների պաշտպանության հետ կապված հակընդդեմ հայցի քննարկման արդյունքում, եթե ՝ »: Այս դրույթն անհրաժեշտ է վերախմբագրել, քանի որ հայց ներկայացնելու արդյունքում գրանցումը չեղյալ չի կարող հայտարարվել: Այն կարող է չեղյալ հայտարարվել դատարանի վճռի հիման վրա:
10. Նախագծի 25-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի վերջում սահմանվում է. «Միաժամանակ, արդարացնող հանգամանքներից ելնելով, կարող է պահանջվել հանգամանքներն արդարացնող ծավալով գումարի հատուցում, որը վճարվել էպայմանագրի համաձայն »: Տերմինաբանության եւ տրամաբանության տեսանկյունից առաջարկում ենք դրույթը հստակեցնել եւ վերախմբագրել:
11. Նախագծի 26-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանվում է. « Գրանցված կամ հայտարկված ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների փոխանցման պայմանագիրը կամ իրավահաջորդության մասին փաստաթուղթը վավերականչէ, եթե իրավունքների փոխանցումը սույն օրենքի 5-րդ մասին համապատասխանպետական գրանցամատյանում կամ ապրանքային նշանների հայտերի հիմնապաշարում չի գրանցվել»: Կարծում ենք այս դրույթը պետք է հանել հոդվածից, քանի որ գրանցամատյանում գրանցելը պետական լիազոր մարմնի պարտականությունն է եւ «գրանցվողն» այդ գործառույթի հետ որեւէ կապ չունի:
12. Նախագծի 40-րդ հոդվածի 2-րդ մասի «իրական առեւտրային կամ արդյունաբերական հաստատություն» բառերն անհրաժեշտ է համապատասխանեցնել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի պահանջներին, քանի որ ՀՀ օրենսդրությամբ նման կազմակերպաիրավական ձեւեր սահմանված չեն:
13. Նախագծի 45-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ բողոքը պետք է լինի գրավոր եւ հիմնավորված: Բողոքի հիմնավորված լինելու պարտադիրությունն անհասկանալի է, քանի որ այդ նույն հոդվածը չի նախատեսում բողոքը մերժելու ինստիտուտ: Հարց է առաջանում, թե ինչ պետք է լինի, եթե բողոքը լինի չհիմնավորված:
14. Նախագծի 45-րդ հոդվածի 6-րդ մասի « դրա ընդունման օրվանից վեցամսյա ժամկետում» բառերն առաջարկում ենք փոխարինել « սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով որոշումը ստանալուց հետո վեցամսյա ժամկետում» բառերով:
15. Նախագծի 48-րդ հոդվածի 5-րդ հոդվածը սահմանում է առարկության քննարկման կասեցման հիմքերը, սակայն հոդվածում բացակայում է կասեցումը վերսկսելու ինստիտուտը: Այս առումով առաջարկում ենք հոդվածի 5-րդ մասի վերջում ավելացնել նոր պարբերություն` հետեւյալ բովանդակությամբ. «առարկության քննարկումը վերսկսվում է դրա կասեցման հիմքերի վերանալուց հետո»:
16. Նախագծի 49-րդ հոդվածի 1-ին մասում սահմանվում է. « նշված ժամկետի ավարտից հետո մեկամսյա ժամկետում պետական լիազոր մարմինն ապրանքային նշանի իրավատիրոջը կամ նրա ներկայացուցչին հանձնում է ապրանքային նշանի գրանցման վկայագիրը»: Իսկ 2-րդ մասում սահմանվում է. « Եթե իրավատերը կամ նրա ներկայացուցիչը մեկամսյա ժամկետում գրանցմանվկայագիրը չի ստանում, ապա պետական լիազոր մարմինն այն առաքում է փոստով »: Կարծում ենք, որ նման սահմանումներով անհարկի ծանրաբեռնվում է օրենքը եւ առաջարկում ենք հոդվածի 1-ին մասի «հանձնում է» բառից հետո փակագծերի մեջ ավելացնել «իսկ անհնարինության դեպքում փոստով ուղարկում է» բառերը, իսկ մեկամսյա ժամկետ սահմանել հանձնման կամ ուղարկման համար: Համապատասխան առաջարկն ընդունելու դեպքում հոդվածի 2-րդ մասն անհրաժեշտ է հանել:
17. Նախագծի 49-րդ հոդվածի 4-րդ մասը հնարավորություն է տալիս վկայագրի կորցնելու կամ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում ստանալ կրկնակի վկայագիր, սակայն չի սահմանում, թե ինչ հիմքերով եւ ինչ ժամկետներում:
18. Նախագծի 50-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է. «Ցանկացած անձ իրավունք ունի օգտվելու պետական գրանցամատյանի տվյալներից, որոնց մատչելիությունն ապահովում է պետական լիազոր մարմինը»: Այս իրավահարաբերությունն արդեն իսկ կարգավորվում են «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով: Առավել եւս, որ այսօր ՀՀ Ազգային ժողովում պաշտոնական շրջանառության մեջ է գտնվում ՀՀ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված օրենքների նախագծերի փաթեթ (Պ -742-22.10.2009,04.12.2009 ) , որտեղ ուշադրություն է դարձված այդ հարցին:
19. Նախագծի 66-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է. «Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը գրանցված ապրանքային նշանների գրանցումները շարունակում են գործել սույն օրենքով սահմանված պահանջներին համապատասխան, եթե դրանք չեն հակասում սույն օրենքի դրույթներին»: Այս դրույթը հակասում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի պահանջներին: Ուստի դրույթն անհրաժեշտ է վերախմբագրել:
20. Նախագծի 66-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է. «Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը գրանցված եւ սույն օրենքի պահանջներին չհամապատասխանող ապրանքային նշանները սույն օրենքի ուժի մեջ մտնելու թվականից եռամսյա ժամկետում պետք է համապատասխանեցվեն սույն օրենքի պահանջներին»: Կարծում ենք, որ եռամսյա ժամկետը բավականին կարճ ժամանակահատված է «համապատասխանեցման» համար, ուստի առաջարկում ենք հստակեցնել այդ ժամկետը:
21. Նախագծի 66-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի «թվականից» բառերն առաջարկում ենք փոխարինել «օրվանից» բառերով (տես` եզրակացության 2.-րդ կետը):
«Աշխարհագրական նշումների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ.
1. Հարկ ենք համարում նշել, որ Նախագծի թղթային տարբերակ ն էապես տարբերվում է ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքում տեղադրված Նախագծի էլեկտրոնային տարբերակից:
2. Նախագծի 2-րդ, 6-րդ, 20-րդ, 24-րդ, 33-րդ, 42- րդ և 45- րդ հոդվածներն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին:
3. Նախագծի 2-րդ հոդվածի «թվական» հասկացությունն առաջարկում ենք հանել Նախագծի տեքստից եւ բոլոր ժամկետները հստակ սահմանել առանձին օրերով, ամիսներով եւ տարիներով, քանի որ որոշ դեպքերում այն անհասկանալի է դառնում` որպես օրինակ նշենք Նախագծի 12-րդ հոդվածի 3-րդ մասը. «կարող է հավասարեցվել մեկ ֆիզիկական կամ իրավաբանական անձ, եթե հայտ ներկայացնելու թվականի դրությամբ նա միակ անձն է, որն իրականացնում է հայտում նշված ապրանքների արտադրական գործունեությունը»:
4. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի «բաղկացած է» բառից հետո առաջարկում ենք ավելացնել «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից» բառերը»:
5. Նախագծի 10-րդ, 25-րդ եւ 33-րդ հոդվածներում գործածվում է «օմոնիմիկ» բառը, որի հասկացությունն առաջարկում ենք սահմանել Նախագծի 2-րդ հոդվածում:
6. Նախագծի 36-րդ հոդվածում գործածվում է « դոմեն » բառը, որի հասկացությունն առաջարկում ենք սահմանել Նախագծի 2-րդ հոդվածում:
7. Նախագծի 44-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է. ««Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը գրանցված ապրանքների ծագման տեղանունների գրանցումները շարունակում են գործել սույն օրենքով սահմանված դրույթներին համապատասխան` որպես ծագման տեղանունների գրանցումներ, եթե դրանք համապատասխանում են սույն օրենքի պահանջներին»: Այս դրույթը հակասում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի պահանջներին: Ուստի դրույթն անհրաժեշտ է վերախմբագրել:
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ.
1. Նախագծի 3-րդ հոդվածի «4-րդ կետում» բառերն անհրաժեշտ է փոխարինել «4-րդ մասում» բառերով:
2. Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ կետերի «կետում» եւ «կետը» բառերը փոխարինել «մաս» բառի համապատասխան հոլովաձեւերով:
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆՊԵՏ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ
25 դեկտեմբերի 2009թ.
N 63
Կատարողներ` Իրավական փորձաքննության բաժին
Մ.Հակոբյան, Ա.Դանիելյան, հեռ. 588-659