Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Հսկիչ նշանների(դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
(փաստաթղթային կոդ` Պ-796-11.12.2009-ՏՀ-010/0)

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Վարդանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հսկիչ նշանների(դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմա-նադրությանը:

Նախագծերի փաթեթը համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանա-գրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել, որՆախագծերի փաթեթի ընդունման դեպքում անհրաժեշտություն կառաջանա համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքներում (Տես եզրակացության 1, 5, 9 կետերը):

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

«Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նածագիծ) վերաբերյալ.

1) Նախագծի 1-ին հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը միասնականացման ու հստակեցման խնդիր ունեն: Անհրաժեշտ է նշել, որ հիշյալ Նախագծով սահմանվում են այն հարաբերությունների շրջանակը, որոնք պետք է կարգավորվեն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքով: Այս դեպքում անհրաժեշտություն կառաջանա համապատասխան լրացումներ կատարել հիշատակված օրենքում:

2) Նախագծի 3-րդ հոդվածը անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասին, համաձայն որի` « … Հայաuտանի Հանրապետության oրենքների հոդվածները բաժանվում են «մաuեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների... »:

3) Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասի գ) կետի «մասին,» բառից հետո առաջարկում ենք ավելացնել «(եթե այդպիսին առկա է)» բառերը:

4) Նախագծի 7-րդ հոդվածի 5-րդ մասում առաջարկում ենք հստակ սահմանել 10 օրյա ժամկետի սկիզբը:

5) Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին մասում ներկայացված առաջարկությունները ընդունվելու դեպքում անհրաժեշտություն կառաջանա նաեւ «Շահութահարկի մասին» եւ «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքներում համապատասխան փոփոխություններ կատարել:

6) Նախագծի 8-րդ հոդվածի 8-րդ մասի «գրանցված (հաշվառված)» բառերը հստակեցման կարիք ունեն:

7) Նախագծի 9-րդ հոդվածի «... օրենքով» բառը անհրաժեշտ է փոխարինել «ՀՀ օրեսնդրությամբ» բառերով, կամ նշել օրենքի անվանումը:

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ .

8) Նախագծով ներկայացված առաջարկությունն օրենսդրական տեխնիկայի կանոններին եւ ՀՀ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի հետ համապատասխանեցման եւ հստակեցման կարիք ունի:

9) Անհրաժեշտ է նշել, որ նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտություն կառաջանա համապատասխան լրացումներ կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում:

Հիշյալը պայմանավորված է այն հիմնավորմամբ, որ նախագծով սահմանվում են քրեաիրավական հակազդման միջոցներ առանց հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների իրավատիրոջ համաձայնության նրա երկը` շահույթ ստանալու նպատակով, մագնիսական կրիչի վրա ձայնագրելը, տարածելը եւ վաճառելը: Սակայն, այդ նպատակով, մագնիսական կրիչի վրա ձայնագրելու, տարածելու եւ վաճառելու վարչաիրավական միջոցները բացակայում են:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆՊԵՏ                                                  Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

15 հունվարի 2010թ.

N 6

Կատարող`Իրավական փորձաքննության բաժին

Ք.Գեովշանյան , հեռ. 588- 636