Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Շարժական գույքի կադաստրի վարման, շարժական գույքի գրավի իրավունքի, լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (փաստաթղթային կոդ` Կ-840-11.03.2010-ՊԱ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Շարժական գույքի կադաստրի վարման, շարժական գույքի գրավի իրավունքի, լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Նախագծերի փաթեթը միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունք՟ներին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանու-թյան տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

1. «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

1.1 Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվող 13-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ, 6-րդ մասերում «կատարվող» բառն առաջարկում ենք փոխարինել «կապված» բառով, առավել եւս, որ նույն հոդվածի 5-րդ մասում գործածվում է «կապված» բառը:

1.2. Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվող 13-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է. «Տրանսպորտային միջոցի հետ կատարվող գործարքներից ծագող սեփականության իրավունքը ենթակա է (պետք է ներկայացվի) ճանապարհային ոստիկանությունում պետական գրանցման... 15-օրյա ժամկետում»: Նախատեսվող դրույթի «ենթակա է (պետք է ներկայացվի)» բառերն առաջարկում ենք փոխարինել «ենթակա է եւ պետք է ներկայացվի» բառերով: Միաժամանակ, հիշյալ դրույթով սահմանվում է պարտականություն, որի չկատարման համար ՀՀ օրենսդրությամբ պատասխանատվություն չի սահմանվում: Իսկ Նախագծերի փաթեթով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով պատասխանատվություն է սահմանվում միայն չհաշվառված տրանսպորտային միջոց վարելու համար:

1.3. Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվող 13-րդ հոդվածի 4-րդ մասի վերաբերյալ առաջարկում ենք քննարկել «(պետության կողմից ճանաչվում է)» նախադասությունը հանելու մասին հարցը:

1.4. Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվող 13-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանվում է. «Տրանսպորտային միջոցի հետ կատարվող գործարքներից ծագող սեփականության, գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման պահանջը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության (նման գործարքն առոչինչ է)»: Նմանատիպ դրույթ է սահմանված նաեւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով, ըստ որի. «Գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման պահանջը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերությանը: Նման գործարքը համարվում է առոչինչ»: Մինչդեռ, գործարքի առոչինչ համարվելու դեպքում ՀՀ օրենսդրությամբ որեւէ մեխանիզմ սահմանված չէ հետագա քայլերի վերաբերյալ: Այս հարցին բազմիցս անդրադարձել է նաեւ ՀՀ վճռաբեկ դատարանն իր կայացրած որոշումներում` մասնավորապես նշելով. «...նյութական իրավունքի նորմերով սահմանված ժամկետների բացթողումը կարող է վերականգնվել միայն օրենքով նախատեսված դեպքերում: Տվյալ դեպքում «գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման համար սահմանված 30-օրյա ժամկետի վերականգնման դեպք որեւէ օրենքով նախատեսված չէ» (թիվ 3-1862, 2006թ.):

Ելնելով վերոգրյալից առաջարկում ենք քննարկել ներկայացված առաջարկության հստակեցման մասին հարցը:

1.5 Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվող 13-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանվում է. «Ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցներին, որոնց սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման ճանապարհային ոստիկանությունում, մաքսային ձեւակերպումներից հետո ճանապարհային ոստիկանության կողմից տրվում են տարանցիկ համարանիշներ»: Այս դրույթն անհրաժեշտ է հստակեցնել, քանի որ անհասկանալի է, թե երբ եւ որ դեպքերում է ճանապարհային ոստիկանության կողմից տրվում տարանցիկ համարանիշեր: Առավել եւս, որ նույն վերախմբագրվող 13-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է` «... «ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքը ենթակա է (պետք է ներկայացվի) ճանապարհային ոստիկանություն պետական գրանցման 15 օրյա ժամկետում...»:

1.6 Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվող 13-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետի «բ» ենթակետի «օրենսդրության իմաստով» բառերն անհրաժեշտ է փոխարինել «օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերով:

1.7. Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվող 13-րդ հոդվածի 10-րդ մասի 1-ին կետով տրանսպորտային միջոցի պետական գրանցման մերժման հիմք է հանդիսանում «տրանսպորտային միջոցի վրա ուժի մեջ գտնվող տեխնիկական զննության կտրոնի բացակայությունը»: Օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված է. «...զննություն իրականացրած լիցենզավորված անձը տրամադրում է սահմանած նմուշի կտրոն, որը պետք է փակցվի տրանսպորտային միջոցի վրա` ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսված տեղում»: Հարկ է նշել, որ ՀՀ կառավարության 2004 թվականի հունվարի 22-ի թիվ 32-Ն որոշմամբ սահմանվել է միայն կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների համար այն տեղը, որտեղ պետք է փակցվի տեխնիկական զննության կտրոնը: Ուստի, Օրենքն առավել ամբողջական դարձնելու համար առաջարկում ենք սույն Նախագծով հստակ սահմանել տրանսպորտային միջոցի վրա այդ կտրոնի փակցման տեղը:

1.8. Նախագծի 5-րդ հոդվածով սահմանվող անցումային դրույթների 2-րդ մասով սահմանվում է. «Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը պետական լիազոր մարմնի կողմից տրված տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը համարվում է տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքը հավաստող փաստաթուղթ, սակայն այդ վկայագրով գործարք իրականացնելն արգելվում է: Տրանսպորտային միջոցի սեփականատերն իրավունք ունի դիմելու եւ փոխարինելու այդ վկայագիրը սույն օրենքով նախատեսված տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի գրանցման վկայականով եւ հաշվառման փաստաթղթերով»: Նույն հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ` «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից»:

Կարծում ենք, որ տրանսպորտային միջոցների սեփականատերերի համար պետք է սույն օրենքով սահմանել ողջամիտ այնպիսի ժամկետ, որի ընթացքում նրանք ժամանակի առումով հնարավորություն կունենան փոխել հաշվառման վկայագրերը եւ որի ընթացքում միաժամանակ գործարքներ կկարողանան կատարել հաշվառման հին վկայագրերով:

1.9. Նախագծի 5-րդ հոդվածի 3-րդ մասի «չունի» բառն անհրաժեշտ է փոխարինել «դեռ չի ստացել» բառերով:

1.10. Նախագծի 5-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանվում է. «Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը լրանալուց հետո տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրում չնշված անձը տրանսպորտային միջոցի սեփականատեր կարող է ճանաչվել միայն դատական կարգով, եթե ապացուցվի, որ մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքը օրենքով սահմանված կարգով փոխանցվել է այդ անձին»: Ա ռաջարկում ենք հստակեցնել «չնշված անձ» հասկացությունը:

2. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ( այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

2.1. Նախագծով նախատեսվում է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) մի շարք հոդվածներով սահմանել, որ սույն օրենքի դրույթները չեն տարածվում տրանսպորտային միջոցների վրա:

Հարկ է նշել, որ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված է. «Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթեւեկության... անվտանգության ապահովման բնագավառի պետական քաղաքականության սկզբունքները եւ ուղղությունները... մասնակիցների իրավունքները եւ պարտականությունները»: Իսկ Օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված է. «Սույն օրենքի դրույթները տարածվում են սույն օրենքով սահմանված կարգով պետական գրանցման ենթակա գույքի նկատմամբ իրավունքների եւ սահմանափակումների վրա` անկախ սեփականության ձեւից, ինչպես նաեւ, օրենքով նախատեսված դեպքերում, շարժական գույքի նկատմամբ իրավունքների վրա»:

Կարծում ենք, որ սույն Օրենքի իմաստով կատարվող փոփոխությունն ու լրացումները անհարկի ծանրաբեռնում են այն: Առավել եւս, որ Հայաստանի Հանրապետության որեւէ օրենքով շարժական գույքի նկատմամբ իրավունքների կարգավորում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի շրջանակում նախատեսված չէ:

3. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ դիտողություննր եւ առաջարկություններ չկան:

4. «Շարժական գույքի կադաստրի վարման, շարժական գույքի գրավի իրավունքի, լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

4.1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է վերախմբագրել Օրենքի 1-ին հոդվածը, ըստ որի. «1.Սույն օրենքը կարգավորում է ՀՀ շարժական կադաստրի վարման, շարժական գույքի գրավի իրավունքի, իսկ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցման (այսուհետ` գրանցման) հետ կապված իարավահարաբերությունները, բացառությամբ տրանսպորտային միջոցների նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված հարաբերությունների: 2.Տրանսպորտային միջոցների նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով»:

Կարծում ենք, որ նախատեսվող փոփոխության կարիքը չկա, քանի որ Օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` սույն օրենքը տարածվում է արդեն իսկ գրանցված` «գրանցման օբյեկտների» վրա, մինչդեռ, «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը սահմանում է իրավունքների գրանցման կարգը:

5. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆՊԵՏ                                                   Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

31 մարտի 2010թ.

N 34

Կատարող`Իրավական փորձաքննության բաժին

Մ.Հակոբյան, հեռ. 588-659