Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներեւ փոփոխություններ կատարելու մասին», «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (փաստաթղթային կոդ` Կ-868-10.04.2010-ՊԱ-010/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներեւ փոփոխություններ կատարելու մասին», «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Նախագծերի փաթեթը միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:
Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.
1. «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք)նախագծի վերաբերյալ.
1.1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել Օրենքի 2-րդ հոդվածում: Դրույթի վերջնատեքստն առավել ընկալելի դարձնելու համար առաջարկում ենք պահպանել հասկացությունների սահմանման այբբենական կարգը:
1.2. Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսվում է Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը «ժթ» կետից հետո լրացնել նոր «ի» եւ «իա» կետեր: Նշենք, որ Օրենքի 10-րդ հոդվածը «ժթ» կետ չունի, իսկ ««ժթ» կետից հետո լրացնել»բառերը կարծում ենք ավելորդ են, ուստի դրույթն անհրաժեշտ է շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «2) 1-ին մասը լրացնել նոր «ի» եւ «իա» կետերով` հետեւյալ բովանդակությամբ»:
Ընդհանուր առմամբ առաջարկում ենք Օրենքի 10-րդ հոդվածը համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին, ըստ որի. «...ՀՀ օրենքների հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի»:
1.3. Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքը լրացնել նոր` 13.2-րդ հոդվածով, որի 2-րդ մասով կարգավորվում է աճուրդով ձեռք բերված մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերի հետ կապված որոշ իրավահարաբերություններ: Նույն լրացվող հոդվածի 5-րդ եւ 8-րդ մասերը հանդիսանում են 2-րդ մասի տրամաբանական շարունակությունը, ուստի առաջարկում ենք դրանք ներառել հոդվածի 2-րդ մասում:
1.4. Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքը լրացնել նոր` 13.2-րդ հոդվածով, որի 7-րդ մասով կարգավորվում է աճուրդի հաղթողի կողմից աճուրդով ձեռք բերված մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերից հրաժարվելուց բխող հետեւանքները: Մեր կարծիքով դրույթն ամբողջությամբ չի կարգավորում տվյալ հարցը, ուստի առաջարկում ենք սահմանել տարբերակներ, թե մինչեւ որ մասնակցի հրաժարման դեպքում կարելի է շարունակել դրույթով սահմանված ընթացակարգը, ինչպես նաեւ հստակեցնել թե, որ պահից աճուրդը կհամարվի չկայացած:
1.5. Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքը լրացնել նոր` 13.2-րդ հոդվածով, որի տեքստի բոլոր «համարանիշ» բառերն առաջարկում ենք փոխարինել «հաշվառման համարանիշ» բառերով կամ սահմանել տերմինի կարճ անվանումը:
1.6. Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսվում է փոփոխել Օրենքի 18-րդ հոդվածով սահմանված այն դեպքերը, որոնց ժամանակ Օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա ոստիկանության ծառայողը կարող է չթույլատրել տրանսպորտային միջոցի հետագա երթեւեկությունը: Կարծում ենք, որ Օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասում պետք է ներառվեն Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված բոլոր դեպքերը եւ 2-րդ մասը, քանի որ սույն դրույթներով սահմանված դեպքերը պարտադիր են տրանսպորտային միջոցի երթեւեկությունն արգելելու համար:
1.7. Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսվում է Օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասում «առաջին մասի «ա» կամ երկրորդ մասի «բ» կետերում» բառերը փոխարինել «առաջին մասի «ա» կամ «ժա» կետերում» բառերով: Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «ժա» կետով սահմանված է. «տրանսպորտային միջոցն օրենքով սահմանված ժամկետում չի անցել տեխնիկական զննություն, կամ սահմանված կարգով փակցված չէ տվյալ տարվա տեխնիկական զննության կամ հաշվառման կտրոնը»: Այս կետի ներառումն տվյալ դրույթում անհասկանալի է, առավել եւս, որ նախագծով «ժա» կետը չի հանդիսանում հիմք, որի հիման վրա ոստիկանության ծառայողը (Օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մաս) իրավունք ունի չթույլատրել տրանսպորտային միջոցի հետագա երթեւեկությունը:
1.8. Նախագծի 7-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր «ժէ» կետով, որի արդյունքում ստացվում է. «Տրանսպորտային միջոցի երթեւեկությունն արգելվում է, եթե... «ժէ) բացակայում են վարորդի աչքը կամ վերին կամ ստորին վերջույթը, դաստակը կամ ոտնաթաթը, կամ առկա է շարժումները սահմանափակող` դաստակի ոտնաթաթի ձեւախախտում, ինչպես նաեւ ձեռքերի մատերի կամ ֆալանգների ձեւախախտումներ եւ արատներ, որոնք հանգեցնում են վերջույթի ֆունկցիաների խիստ խանգարման, բացառությամբ տվյալ անձի հնարավորություններին հարմարեցված տրանսպորտային միջոցներ վարելու դեպքերի»: Նախատեսվող լրացումն առաջարկում ենք քննարկել մի քանի տեսանկյուններից:
Նախ նշենք, որ դրույթով սահմանված ձեւախախտումների կամ արատների, առավել եւս դրանց հետեւանքով առաջացած խանգարումների որոշման համար անհրաժեշտ են բժշկական գիտելիքներ: Այստեղ հարց է առաջանում, թե ինչպես կարող է ոստիկանության ծառայողը «տեղում» նման որոշումներ կայացնել:
Անհրաժեշտ է հստակեցնել նաեւ «վարորդի աչքը բացակայում է» սահմանումը: Այսպես, նման դրության համար հարմարեցված տրանսպորտային միջոց չկա, իսկ նման վարորդին վարելուց զրկելը, խնդրահարույց է, իսկ առաջարկված դրույթն ամբողջությամբ հստակեցման կարիք ունի:
1.9. Նախագծի 9-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսվում է Օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ մասը լրացնել նոր «է» կետով, որի «նետել» բառից հետո առաջարկում ենք ավելացնել «իրեր եւ» բառերը` «Վարչական իրավախատումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածին համապատասխանեցնելու նպատակով:
1.10. Նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ կետի, ինչպես նաեւ Օրենքի տեքստում գործածված «ավտոմոբիլ» բառերն առաջարկում ենք փոխարինել «ավտոմեքենա» կամ «ավտոտրանսպորտ» բառով:
1.11. Նախագծի 16 հոդվածը հստակեցման կարիք ունի:
2. «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) նախագծի վերաբերյալ.
2.1. Նախագծի 1-ին հոդվածի «2-րդ կետը» բառերն անհրաժեշտ է փոխարինել «2-րդ մասը» բառերով, իսկ «ենթակետերով» բառը` «կետերով» բառով: Բացի այդ առաջարկում ենք հստակեցնել լրացվող կետերի նման համարակալման իմաստը: Ելնելով վերոգրյալից` առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածը վերաշարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 1. «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-491-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 4-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2.Փոխադրամիջոցները, այդ թվում`
ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը,
ջրային փոխադրամիջոցը,
ձյունագնացը,
մոտոցիկլը,
մոտոամենագնացը (քվադրոցիկլը):»
3. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ դիտողություննր եւ առաջարկություններ չկան:
4. «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ դիտողություննր եւ առաջարկություններ չկան:
5. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) նախագծի վերաբերյալ.
5.1. Նախագծի վերնագրի «փոփոխություն» բառից հետո անհրաժեշտ է ավելացնել «եւ լրացում» բառերը, քանի որ Նախագծի 2-րդ հոդվածը լրացում է նախատեսում Օրենքում:
5.2. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքը լրացնել նոր 123.6-րդ հոդվածով: Նախատեսվող լրացումն առաջարկում ենք հստակեցնել, քանի որ հոդվածի վերնագիրը կրկնում է Օրենքի 123.5-րդ հոդվածի վերնագիրը:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆՊԵՏ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ
4 մայիսի 2010 թ.
N 57
Կատարող`Իրավական փորձաքննության բաժին
Մ.Հակոբյան. հեռ. 588-659