Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-904-11.05.2010-ՊԻ-010/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել, որ Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է հետեւյալը. համայնքային ծառայության ռեզերվում գրանցվում են անձինք` «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնում սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կարգովթեստավորում, ինչպես նաեւ թեստավորման հարցաշարերի շրջանակներում հարցազրույց անցնելուց հետո»: Առաջարկում ենք քննարկել հիշատակված դրույթի` Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխանության վերաբերյալ հարցը:
Նախագիծը համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանու-թյան տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:
Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.
1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ եւ 2.1-րդ մասերի «շնորհում» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ սույն օրենքով նախատեսված դեպքում զրկում» բառերով: Միաժամանակ, անհարկի կարգավորումից ու շփոթությունից խուսափելու համար առաջարկում ենք առաջարկվող լրացումը կատարել Օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի «դեպքերում» բառից հետո, հետեւյալ բովանդակությամբ` «` տվյալ դասային աստիճանը շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ»:
2. Նախագծի 5-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել նոր 2.1-րդ մասով, հետեւյալ բովանդակությամբ. «Քաղաքացիական ծառայության դասային աստիճան ունեցող անձին համայնքային ծառայության պաշտոնում առաջին անգամ նշանակման դեպքում փորձաշրջան չի սահմանվում»: Վերոնշյալ լրացումը կատարելու հետ միաժամանակ` առաջարկում ենք Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին պարբերության «սահմանված կարգով» բառերից հետո լրացնել «` բացառությամբ սույն հոդվածի 2.1-րդ մասի» բառերով:
3. Նախագծի 6-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ. «Համայնքային ծառայողների վերապատրաuտումն անցկացնում են սահմանված կարգով ընտրված կազմակերպությունները»: Դրույթում անհրաժեշտ է հստակեցնել, թե ում կողմից սահմանված կարգով են ընտրվում տվյալ կազմակերպությունները:
4. Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր «գ» կետով, որի արդյունքում ստացվում է. «Համայնքային ծառայության ռեզերվում գրանցվում են նաեւ` գ) համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեցող անձինք` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնում սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կարգովթեստավորում, ինչպես նաեւ թեստավորման հարցաշարերի շրջանակներում հարցազրույց անցնելուց հետո»:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Օրենքի որեւէ հոդվածում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնում թեստավորման կամ թեստավորման հարցաշարերի շրջանակներում հարցազրույց անցնելու կարգ սահմանված չէ, ուստի առաջարկում ենք դրույթը հանել:
Միաժամանակ, Նախագծի հիմնավորման 7-րդ կետի 2-րդ պարբերության մեջ նշված է, որ «Թեստավորման եւ հարցազրույցի անցկացման մեխանիզմները մանրամասն կնկարագրվեն ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի կողմից 2008 թվականի դեկտեմբերի 4-ի «Համայնքային ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու եւ կադրերի ռեզերվից հանելու կարգը հաստատելու մասինե N 02-Ն հրամանում համապատասխան լրացումներ կատարելու միջոցով»: Այդ առումով, կարծում ենք, որ Նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտություն կառաջանա Օրենքով սահմանել անցումային դրույթ, որում հստակ ժամկետներ կսահմանվեն համապատասխան լրացումները կատարելու համար:
5. Նախագծի 10-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասում կատարել փոփոխություն, որի արդյունքում ստացվում է. « Համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու դեպքում համայնքային ծառայության տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից ընդունված իրավական ակտով ծառայողը կարող է մինչեւ մեկ տարի ժամկետով շարունակել զբաղեցնել իր պաշտոնը»: Դրույթի «կողմից ընդունված իրավական ակտով» բառերն առաջարկում ենք փոխարինել «որոշմամբ» բառով, հակառակ դեպքում` ստացվում է, որ միայն համայնքային ծառայության տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից ընդունված ակտի առկայությունը բավարար հիմք էհամայնքային ծառայողի պաշտոնավարումը մինչեւ մեկ տարի ժամկետով երկարացնելու համար` անկախ ընդունված ակտի բովանդակությունից:
Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆՊԵՏ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ
4 հունիսի 2010 թ.
N 89
Կատարող`Իրավական փորձաքննության բաժին
Մ.Հակոբյան, հեռ. 588-659