Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» եւ «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (փաստաթղթային կոդ` Կ-910-20.05.2010-ԳԿ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռ՟նության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» եւ «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաս՟տանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

«Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատաս՟խանության տե՟սանկյունից առաջարկում ենք Նախագիծն արմատապես լրամշակել ՀՀ ԳԱԱ կառավարման մարմինների իրավասությունների, այդ թվում` իրավունքների եւ պարտականությունների բացառապես օրենքով սահմանելու առումով` հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածի պահանջները: Սահմանադրության նույն հոդվածի դրույթների շրջանակում անհրաժեշտ է օրենքով կարգավորել նաեւ ՀՀ ԳԱԱ-ի աշխատակազմի հետ կապված բոլոր իրավահարաբերությունները:

Նախագիծը համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատաս՟խանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել, որ Նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտություն կառաջանա համապատասխան փոփոխություններկատարել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում, «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին»Հայաստանի Հանրապետության օրենքներում:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

1. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի «պետության» բառն անհրաժեշտ է փոխարինել «Հայաստանի Հանրապետության» բառերով:

2. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի «հատուկ կարգավիճակ ունեցող, ինքնակառավարվող բարձրագույն գիտական կազմակերպություն» բառերն անհրաժեշտ է հստակեցնել, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ նման կազմակերպաիրավական ձեւ սահմանված չէ:

3. Նախագծի 2-րդ հոդվածի 6-րդ մասի «ՀՀ ԳԱԱ-ն որպես սեփականություն ունի ամրացված գույք» բառերն անհրաժեշտ է փոխարինել «ՀՀ ԳԱԱ-ն ունի սեփականության իրավունքով իրեն պատկանող գույք» բառերով, քանի որ ամրացված գույքը սեփականություն չի հանդիսանում: Առավել եւս, որ Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է` «Հիմնադրի որոշմամբ սահմանվում են … նրան սեփականության իրավունքով հանձնվող եւ (կամ) ամրացվող գույքի կազմն ու արժեքը …», իսկ19-րդ եւ 20-րդ հոդվածները հստակ սահմանում են, թե որ գույքն է հանդիսանում ՀՀ ԳԱԱ-ի սեփականություն կամ ՀՀ ԳԱԱ-ին ամրացված:

4. Նախագծի 2-րդ հոդվածի 7-րդ եւ 8-րդ մասերն առաջարկում ենք միացնել` հստակեցնելով, թե որոնք են դրույթում ամրագրված «ընդհանուր հիմունքները» եւ ինչ «գործող կարգի» մասին է խոսքը:

5. Նախագծի 2-րդ հոդվածի 11-րդ մասն առաջարկում ենք հանել կամ տեղափոխել նախագծի 17-րդ հոդված, որով կարգավորվում է ՀՀ ԳԱԱ նախագահության հետ կապված իրավահարաբերությունները:

6. Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանվում է` «ՀՀ ԳԱԱ-ի նախագահը մասնակցում է կառավարության նիստերին»: Դրույթն անհրաժեշտ է հանել կամ վերախմբագրել, քանի որ ՀՀ Սահմանադրության 85-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է, որ « …Կառավարության եւ նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը վարչապետի ներկայացմամբ սահմանվում է ՀՀ Նախագահի հրամանագրով»:

7. Նախագծի 3-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանվում է. «ՀՀ ԳԱԱ-ն գիտական գործունեության գծով կառավարության պաշտոնական խորհրդատուն է, որի առաջարկները պարտադիր կարգով քննարկում են կառավարությունը եւ պետական կառավարմանհամապատասխան մարմինները»: Դրույթն անհրաժեշտ է քննարկել «Հայաստանի Հանրապետությանկառավարության գործունեության կարգը սահմանելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի պահանջներին համապատասխանության տեսանկյունից` հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության 85-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները:

8. Նախագծի 4-րդ հոդվածը վերնագրված է «ՀՀ ԳԱԱ-ի եւ հիմնադրի պատաս՟խանատվությունը», մինչդեռ, հիմնադրի մասին որեւէ դրույթ սահմանված չէ:

Միաժամանակ, առաջարկում ենք հոդվածը լրացնել 3-րդ մասով` հետեւյալ բովան՟դակությամբ. «Հիմնադիրը պատասխանատվություն չի կրում ՀՀ ԳԱԱ-ի պարտավորու՟թյունների համար»:

9. Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի «իրեն պատկանող» բառերից առաջ անհրաժեշտ է լրացնել «սեփականության իրավունքով» բառերով:

10. Նախագծի 5-րդ հոդվածը վերնագրված է «ՀՀ ԳԱԱ-ի ստեղծումը եւ պետական գրանցումը», սակայն հոդվածի 3-րդ մասով սահմանվում են հիմնադրի բացառիկ լիազորությունները, որն առաջարկում ենք ներկայացնել առանձին հոդվածի տեսքով:

11. Նախագծի 5-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» կետով` որպես հիմնադրի բացառիկ լիազորություն է սահմանվում «ՀՀ ԳԱԱ-ի կանոնադրության հաստատումը եւ դրանում փոփոխություններ կատարելը»: Նախագծի հիշյալ հոդվածն առաջարկում ենք լրացնել կանոնադրության մեջ լրացում կատարելու եւ կանոնադրության նոր խմբագրությամբ հաստատելու մասին դրույթներով:

12. Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ ՀՀ ԳԱԱ-ի կանոնադրությունն ընդունում է ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողովը եւ հաստատում է կառավարությունը: Նախ` «կառավարությունը» բառից առաջ առաջարկում ենք լրացնել «Հայաստանի Հանրա՟պետության» բառերը: Բացի այդ` դրույթն առավել մանրամասնելու համար առաջարկում ենք սահմանել նաեւ կանոնադրության ընդունման կարգը եւ ՀՀ կառավարության կողմից կանոնադրության «չհաստատման» իրավական հետեւանքները:

13. Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «նախագահության» բառն անհրաժեշտ է փոխարինել «ընդհանուր ժողովի» բառերով, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 59-րդ հոդվածը սահմանում է, որ «Իրավաբանական անձի գտնվելու վայրը նրա մշտական մարմնի գտնվելու վայրն է»:

14. Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում առաջարկում ենք ներառել նաեւ ՀՀ ԳԱԱ-ի կառավարման մարմինների ընտրման կամ նշանակման եւ լիազորությունների վաղաժամկետ դադարման կարգի վերաբերյալ դրույթներ:

15. Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի «հիմնադրի կողմից նախատեսված» բառերը հակասում են նույն հոդվածի 1-ին մասին, ըստ որի` կանոնադրությունն ընդունում է ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողովը, որը հաստատում է ՀՀ կառավարությունը: Ընդհանուր առմամբ առաջարկում ենք 6-րդ հոդվածը խմբագրել` առավել մանրամասնելով ՀՀ ԳԱԱ կանո՟նադրու՟թյան մեջ ներառվող դրույթները:

16. Նախագծի 7-րդ հոդվածով սահմանվում են ՀՀ ԳԱԱ-ի խնդիրները եւ գործունեության հիմնական ուղղությունները: Կարծում ենք, որ դրույթների հինական մասը ենթակա է սահմանման ՀՀ ԳԱԱ-ի կանոնադրությամբ: Այս առումով առաջարկում ենք հոդվածն ամբողջությամբ քննարկել եւ վերախմբագրել:

17. Նախագծի 7-րդ հոդվածի «ՀՀ ԳԱԱ-ի գործունեության հիմնական ուղղությունների» 3-րդ մասն անհրաժեշտ է հստակեցնել, քանի որ անհասկանալի է, թե ում պետք է ներկայացվեն նշված առաջարկները:

18. Նախագծի 7-րդ հոդվածի «ՀՀ ԳԱԱ-ի գործունեության հիմնական ուղղությունների» 5-րդ մասի «պետական լիցենզիայի առկայության պայմաններում» բառերն անհրաժեշտ է հանել կամ հստակեցնել:

19. Նախագծի 7-րդ հոդվածի «ՀՀ ԳԱԱ-ի գործունեության հիմնական ուղղությունների» 15-րդ մասի «դպրոցների» բառերն անհրաժեշտ է հանել կամ հստակեցնել, քանի որ անհասկանալի է, թե ինչ է նշանակում «դպրոցների անցկացումը»:

20. Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին մասն առաջարկում ենք խմբագրել, առավել եւս, որ դրույթով սահմանվող պատասխանատվության մեխանիզմը կարգավորված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

21. Նախագծի 8-րդ հոդվածի 2-րդ մասն առաջարկում են հստակեցնել, քանի որ դրույթով սահմանված լիազորություններն առավելապես վերաբերում են ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողովին:

22. Նախագծի 8-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» կետով սահմանվում է. «վերահսկողություն է իրականացնում կազմակերպությանն ամրացված պետական սեփականության օգտագործման եւ պահպանության նկատմամբ»: Դրույթն անհրաժեշտ է հանել, քանի որ այն հակասում է ՀՀ Սահմանադրության 83.4-րդ հոդվածի 1-ին մասին, ըստ որի. «Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատն անկախ մարմին է, որը վերահսկողություն է իրականացնում բյուջետային միջոցների եւ պետական ու համայնքային սեփականության օգտագործման նկատմամբ»:

23. Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ՀՀ ԳԱԱ-ն գիտական համակարգ է» հասկացությունն անհրաժեշտ է հստակեցնել, առավել եւս, որ Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «ՀՀ ԳԱԱ-ն բարձրագույն գիտական կազմակերպություն է»:

24. Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ՀՀ ԳԱԱ-ի պետության կողմից հիմնադրված կազմակերպություններից» բառերն անհրաժեշտ է վերախմբագրել:

25. Նախագծի 10-րդ հոդվածի 1-ին մասի «գիտական տիտղոս» հասկացությունն անհրաժեշտ է սահմանել սույն օրենքի նախագծով:

26. Նախագծի 10-րդ հոդվածի 1-ին մասի «ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոս (իսկական անդամ)» բառերն, ակադեմիկոսի եւ իսկական անդամի փոխկապակցվածության առումով, անհրաժեշտ է հստակեցնել:

27. Նախագծի 10-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է ՀՀ ԳԱԱ գիտական տիտղոսների շնորհման կարգը, որը` որպես գործառույթ, առաջարկում ենք ներառել Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասում:

28. Նախագծի 11-րդ հոդվածի 2-րդ մասի «պետության» բառն անհրաժեշտ է փոխարինել «Հայաստանի Հանրապետության» բառերով:

29. Նախագծի 11-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանվում է. «ՀՀ ԳԱԱ-ի համակարգի գիտական կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով եւ սույն օրենքով սահմանված կարգով կարող են զբաղվել շահութաբեր գործունեությամբ` այդ նպատակների համար օգտագործելով պետական առաջադրանքի կատարումից ազատ տարածքները, սարքավորումները եւ այլ գույք»: «Շահութաբեր գոր՟ծունեությամբ» բառերն անհրաժեշտ է փոխարինել «ձեռնարկատիրական գործունեությամբ» բառերով, իսկ «այդ նպատակների համար օգտագործելով պետական առաջադրանքի կատարումից ազատ տարածքները, սարքավորումները եւ այլ գույք» բառերն անհրաժեշտ է հստակեցնել կամ հանել հոդվածից:

30. Նախագծի 12-րդ հոդվածը վերաբերում է ՀՀ ԳԱԱ-ի բաժանմունքին, որի հասկացությունն անհրաժեշտ է սահմանել սույն օրենքի նախագծով:

31. Նախագծի 15-րդ հոդվածը վերաբերում է ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողովին, իսկ 17-րդ հոդվածը` ՀՀ ԳԱԱ-ի նախագահությանը: Այս երկու մարմինները` իրավական կարգավիճակների եւ նրանց կազմավորման առումով, կրկնվում են: Այս տրամաբանությամբ` առաջարկում ենք սույն օրենքի նախագծով հստակեցնել վերոնշյալ մարմինների իրավական կարգավիճակները, այդ թվում` գործառույթները, իրավունքները եւ պարտականությունները:

32. Նախագծի 15-րդ հոդվածի 4-րդ մասի «ընտրելու» բառից հետո առաջարկում ենք լրացնել «եւ ընտրվելու» բառերով:

33. Նախագծի 16-րդ հոդվածի 1-ին մասը «Նա պատասխանատու է ՀՀ ԳԱԱ-ի բնականոն գործունեության համար» բառերն առաջարկում ենք փոխարինել «Նա ապահովում է ՀՀ ԳԱԱ-ի բնականոն գործունեությունը» բառերով:

34. Նախագծի 16-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանվում է` «ՀՀ ԳԱԱ-ի նախագահը հանդիսանում է վարկի կառավարիչ», որն առաջարկում են հանել կամ հստակեցնել:

35. Նախագծի 16-րդ հոդվածի 4-րդ մասը «տիրապետում է» բառն անհրաժեշտ է փոխարինել «տնօրինում է» բառով:

36. Նախագծի 16-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանվում է ՀՀ ԳԱԱ-ի նախագահի ընտրման կարգը եւ ժամկետները: Ընտրվելու «անընդմեջության» առումով` առաջարկում ենք դրույթը խմբագրել: Որպես օրինակ` առաջարկում ենք ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածով ՀՀ Նախագահի համար սահմանված տարբերակը. «Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել …»:

37. Նախագծի 18-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է. «ՀՀ ԳԱԱ-ին ամրագրված գույքի, այդ թվում եւ բյուջետային միջոցների, ինչպես նաեւ սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի օգտագործման, տիրապետման եւ տնօրինման կարգը որոշվում է ՀՀ ԳԱԱ-ի կանոնադրությամբ»: Դրույթն առաջարկում ենք քննարկել սահմանված լիազորությունները սույն օրենքով սահմանելու տեսանկյունից` ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածի համատեքստում:

38. Նախագծի 19-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է. «ՀՀ ԳԱԱ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ հիմնադիրը չունի իրավունքներ, բացառությամբ լուծարումից հետո մնացած գույքի»: Կարծում ենք, որ դրույթը փոփոխման կարիք ունի, քանի որ հստակ պետք է սահմանվի, թե ինչ իրավունքներ ունի ՀՀ ԳԱԱ-ն` սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի նկատմամբ: Միաժամանակ, անհրաժեշտ է հստակեցնել, թե ՀՀ ԳԱԱ-ն` առանց հիմնադրի համաձայնության, արդյո՞ք, կարող է օտարել վերոնշյալ գույքը:

39. Նախագծի 19-րդ հոդվածի 4-րդ մասն առաջարկում ենք հանել, քանի որ ՀՀ օրենսդրությամբ սեփականության նկատմամբ բռնագանձում տարածելու` բացի դատական կարգից, այլ կարգ սահմանված չէ:

40. Նախագծի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը «նվիրատվություններից,» բառից հետո առաջարկում ենք լրացնել «դրամաշնորհներից,» բառով:

41. Նախագծի 25-րդ հոդվածի 3-րդ մասն անհրաժեշտ է հանել, քանի որ այն կրկնում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասը:

42. Նախագծի 25-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: Դրույթը հակասում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասին, ուստի անհրաժեշտ է ուժի մեջ մտնելու օր սահմանել պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

43. Նախագծի 25-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է. «Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ՀՀ կառավարությունը եւ համապատասխան մարմինները պարտավոր են ՀՀ ԳԱԱ-ի կազմակերպման եւ գործունեության կարգը համապատասխանեցնել սույն օրենքին»: Առաջարկում ենք հստակեցնել «համապատասխան մարմիններ» բառերը: Միաժամանակ, առաջարկում ենք` որպես անցումային դրույթ, սահմանել օրենքին համապատասխանեցնելու վերաբերյալ ժամկետներ` հաշվի առնելով` «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի պահանջները:

44. Նախագծի 25-րդ հոդվածի 3-րդ մասի «համաձայնեցվում են» բառն անհրաժեշտ է փոխարինել «համապատասխանեցվում են» բառով:

Նախագիծն, ընդհանուր առմամբ, անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի, մասնավորապես` 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին:

Բացի վերոշարադրյալից առաջարկում ենք Նախագիծը լրամշակել` հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության եւ ՀՀ քաղաքացիական օրենսդրության հետ համապատասխանեցման պահանջները:

«Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրա՟պետու՟թյան օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրու՟թյանը:

Նախագիծը համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապա՟տաս՟խանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                 Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

18 հունիսի 2010 թ.

N 93

Կատարող` Մ.Հակոբյան, հեռ. 588659