Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-928-07.06.2010-ԱՄ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի եւ Հեղինե Բիշարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

1. Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Նախագիծը միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

3. «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել, որ Նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտություն կառաջանա համապատասխան փոփոխություններ կատարել «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» եւ «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքներում:

4. Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող` «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը նոր խմբագրությամբ ներկայացնելու վերաբերյալ առաջարկությունն անհրաժեշտ է հանել, քանի որ դրանով նախատեսված հարաբերություններն արդեն իսկ կարգավորված են Հայաստանի Հանրապետության օրենքներով:

Այսպես, առաջարկության առաջին նախադասության մեջ նշված բժշկական հաստատությանը եւ բժշկին` իր հայեցողությամբ ընտրելու յուրաքանչյուրի իրավունքի իրացման երաշխիքները սահմանված են գործող օրենքի 5-րդ հոդվածի «ա» կետով, համաձայն որի` բժշկական օգնության դիմելիս, ինչպես նաեւ բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալիս յուրաքանչյուր ոք իրավունք ունի ընտրել բժշկական օգնության եւ սպասարկում իրականացնողին:

Բացի դրանից, Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի առաջարկվող խմբագրությամբ «գ» կետի երկրորդ նախադասության մեջ նշված անվճար բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու երաշխիքները սահմանված են ՀՀ Սահմանադրությամբ (38-րդ հոդված), ինչպես նաեւ` «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասով, ըստ որի` կինն իրավունք ունի հղիության ընթացքում ստանալ հղիության եւ ծննդաբերության հետ կապված անվճար բժշկական օգնություն եւ սպասարկում` պետության երաշխավորված առողջապահական նպատակային ծրագրերի շրջանակում:

Ինչ վերաբերում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող ազգությամբ հայերին» անվճար բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնելու առաջարկին, ապա Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում «յուրաքանչյուր ոք» հասկացության բովանդակության մեջ ներառվում են ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, այլեւ` Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձինք:

Միաժամանակ, անհրաժեշտ է նշել, որ հղիության ընթացքում հղիության եւ ծննդաբերության հետ կապված անվճար բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացվում է «Մանկաբարձական բժշկական օգնության ծառայություններ» առողջապահական նպատակային ծրագրի շրջանակում, հետեւաբար` Նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտություն կառաջանա համապատասխան փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում:

Այսպիսով, առաջարկում ենք քննարկել Նախագիծը լրամշակելու մասին հարցը:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆՊԵՏ                                                        Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

01 հուլիսի 2010 թ.

N 103