Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Պետական օժանդակությամբ ուսումնական վարկերի մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական պարտքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Պ-929-09.06.2010-ԳԿ-010/0)

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Գագիկ Բաղդասարյանի, Հովհաննես Մարգարյանի, Իշխան Խաչատրյանի եւ Արծրունի Աղաջանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական օժանդակությամբ ուսումնական վարկերի մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական պարտքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83.5-րդ հոդվածին համա-պատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել, որ «Պետական օժանդակությամբ ուսումնական վարկի մասին» ՀՀ օրենքի Նախագծում Լիազոր մարմնի, բանկի ու վարկառուի փոխհարաբերությունները բնութագրող դրույթներն (6-րդ, 7-րդ եւ այլ հոդվածներ) անհրաժեշտ է սահմանել բացառապես օրենքով:

Նախագծերի փաթեթը միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել, որ Նախագծերի փաթեթի ընդունման դեպքում անհրաժեշտություն կառաջանա համապատասխան փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում:

Միաժամանակ, անհրաժեշտ է նշել, որ «Պետական օժանդակությամբ ուսումնական վարկերի մասին» ՀՀ օրենքի նախագծով կարգավորվող հարաբերությունները (3-րդ եւ 4-րդ գլուխներ) հանդիսանում են պայմանագրային հարաբերությունների առարկա եւ դրանք մանրամասն արդեն կարգավորվել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

«Պետական օժանդակությամբ ուսումնական վարկերի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ.

1. Նախագծի 3-րդ հոդվածն առաջարկում ենք համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին:

2. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին կետի «բարձրագույն» բառից հետո «եւ» բառն անհրաժեշտ է փոխարինել «կամ» բառով: Հակառակ դեպքում, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն, վարկառու կարող է հանդիսանալ եւ բարձրագույն, եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում սովորող քաղաքացին:

3. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին կետի «ուսումնական հաստատություն» եւ «բանկ» հասկացություններն առաջարկում ենք սահմանել առանձին կետերով:

4. Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ կետի «որտեղ ամրագրված են վարկառուի սովորելու տարիների տեւողությունը եւ տվյալ ուսումնական հաստատությունում կրթության յուրաքանչյուր աստիճանի համար նախատեսված ուսման վարձի ընդհանուր չափը` բաժանված ըստ ուսումնական տարիների» բառերն առաջարկում ենք հանել, քանի որ «պայմանագիրը»` բացի վերոնշյալից, իր մեջ պետք է ներառի նաեւ այլ դրույթներ:

5. Նախագծի 4-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանվում է «Ուսումնական վարկի պայմանագրով վարկառուի ստանձնած` ուսումնական վարկի պայմանագրով վճարման ենթակա գումարներն ամբողջությամբ մարելու պարտավորությունը գրավով ապահովվելու անհնարինության դեպքում այդ պարտավորությունը կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն ապահովվել պետական երաշխավորությամբ»: Դրույթն անհրաժեշտ է հստակեցնել, քանի որ սահմնված չէ թե ով եւ ինչ կարգով է որոշում, թե ում պարտավորությունը կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն ապահովվել պետական երաշխավորությամբ:

6. Նախագծի 4-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանվում է «Պետական երաշխավորությամբ ուսումնական վարկի պայմանագրով նախավճար չի կարող նախատեսվել»: Անհրաժեշտ է հստակեցնել թե նախավճարի ինչ կարգ է սահմանվելու սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված պարտավորությունը գրավով ապահովելու դեպքում:

7. Նախագծի 5-րդ հոդվածի 3-րդ մասն առաջարկում ենք հանել, քանի որ այն որեւէ իրավահարաբերություն չի կարգավորում, առավել եւս, որ հիմնական կամ հարակից ուսումնական վարկը, ըստ Նախագծի տրամաբանության, որեւէ խթան չի հանդիսանում ընդհանուր հիմունքներով վարկ ստանալու համար:

8. Նախագծի 6-րդ հոդվածն ամբողջությամբ անհրաժեշտ է վերախմբագրել: Մասնավորապես` հոդվածի 1-ին մասն անհրաժեշտ է քննարկելՀՀ Սահմանդրության 83.5-րդ հոդվածի համատեքստում, քանի որ «մրցույթն» իր մեջ ներառում է իրավունքներ եւ պարտականություններ եւ մրցույթի հետ կապված հիմնական իրավահարաբերությունները պետք է կարգավորվեն օրենքով:

Նույն հոդվածի 3-րդ մասը անհրաժեշտ է քննարկել ՀՀ Սահմանդրության 14.1-րդ հոդվածի համատեքստում, քանի որ, մեր կարծիքով, այստեղ խախտվում է մարդու` օրենքի առջեւ հավասարության սահմանադրական նորմը: Այստեղ խոսքը գնում է վարկառուի պարտավորությունների գրավով ապահովված լինելու կամ պետական երաշխավորության մասին: Ուսումնական հաստատության ֆինանսավորման աղբյուրը որեւէ կապ չունի պետական երաշխավորության հետ:

Նույն հոդվածի 4-րդ մասն առաջարկում ենք հանել, քանի որ այն որեւէ իրավահարաբերություն չի կարգավորում: Առավել եւս, որ Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին կետով սահմանվում է, թե ով կարող է լինել վարկառու. «բարձրագույն եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում սովորող …. ՀՀ քաղաքացի»: Իսկ սույն մասով պետք է սահմանվի, թե ինչ քանակի եւ տեսակի վարկ կարող է տրամադրվել ուսումնական հաստատություն նոր ընդունված ՀՀ քաղաքացուն: Նույն հոդվածի 5-րդ մասն անհրաժեշտ է ներառել հոդվածի 1-ին մասում, քանի որ դրույթները հիմնականում կրկնվում են:

9. Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի «փաստաթուղթը» բառն անհարժեշտ է փոխարինել «փաստաթղթի բնօրինակը» բառերով:

10. Նախագծի ամբողջ տեքստում, մասնավորապես 7-րդ հոդվածի 2-րդ մասի «լիազոր մարմին» հասկացությունը հստակեցման կարիք ունի:

11. Նախագծի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված է, որ լիազոր մարմինը կարող է մերժել պետական օժանդակության տրամադրումը, եթե` «բանկի տրամադրած փաստաթղթերը թերի են կամ չեն համապատասխանում օրենքով սահմանված պահանջներին»: Կարծում ենք, որ բանկի կողմից թերանալու արդյունքում առաջացած հետեւանքների համար հայտատուի հայտը մերժելն անհիմն է, ուստի առաջարկում ենք Նախագծով սահմանել հստակ մեխանիզմ` բանկին տրամադրելով որոշակի ժամկետ` սեփական մեղքով առաջացած թերությունները վերացնելու համար:

12. Նախագծի 7-րդ հոդվածում անհրաժեշտ է ներառել բանկի եւ լիազոր մարմնի մերժման նկատմամբ հայտատուի կողմից բողոքարկման իրավունք ունենալու ինստիտուտը` ընդհուպ մինչեւ դատական կարգով:

13. Նախագծի 9-րդ հոդվածի «սահմանված կարգով» բառերն անհրաժեշտ է փոխարինել «ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերով:

14. Նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասի, 14-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում «ժամկետացանկին» բառերն առաջարկում ենք փոխարինել «ժամանակացույց» բառերով:

15. Նախագծի11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանվում է «ուսումնական վարկի պայմանագրում փոփոխությունների եւ (կամ) լրացումների կատարումից հետո ոչ ուշ, քան 7-օրյա ժամկետում Լիազոր մարմնին ներկայացնել համապատասխան փոփոխությունների եւ (կամ) լրացումների կատարման փաստը հաստատող փաստաթղթերի բնօրինակները»: Քանի որ սույն Նախագծով նախատեսված ուսումնական վարկի պայմանագրերը կնքվում են բացառապես Լիազոր մարմնի համաձայնությամբ, ուստի վերոնշյալ պայմանագրերում փոփոխությունները եւ/կամ լրացումները եւս պետք է կատարվեն Լիազոր մարմնի համաձայնությամբ:

16. Նախագծի 12-րդ եւ 13-րդ հոդվածներում գործածվում է սուբսիդիար պատասխանատվությունը, որի նորմատիվային բովանդակությունն անհրաժեշտ է համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում ամրագրված նույն հասկացության հետ:

17. Նախագծի 14-րդ հոդվածի 2-րդ մասի «Մեկ օրացուցային տարվա կամ իրար հաջորդող երկու անգամ …» նախադասությունը հստակեցման կարիք ունի, քանի որ, եթե «իրար հաջորդող երկու անգամը վերաբերում է «մեկ օրացուցային տարվան»,ապա «կամ» բառը պետք է հանվի: Հակառակ դեպքում` անհրաժեշտ է հստակ նշել թե մեկ օրացուցային տարվա ընթացքումքանի անգամ չվճարելը կհանգեցնի պայմանագրի միակողմանի կասեցման կամ լուծման:

18. Նախագծի 14-րդ հոդվածի 2-րդ մասի «մինչեւ պայմանագրի գործողության կասեցման կամ լուծման օրը, 7-օրյա ժամկետում» բառերը, տարամեկնաբանությունից խուսափելու համար, առաջարկում ենք փոխարինել «պայմանագրի գործողության կասեցման կամ լուծման օրվանից 7 օր առաջ» բառերով:

19. Նախագծի 16-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանվում է «այս դեպքում ուսումնական հաստատությունը վճարում է նաեւ տուգանք` վերադարձմանենթակա ուսումնական վարկի գումարի չափով»: Հոդվածով անհրաժեշտ է հստակ սահմանել, թե ում է վճարելու այդ տուգանքը եւ ինչ հիմքով:

Ընդհանուր առմամբ, Նախագիծն լրամշակման կամ վերախմբագրման կարիք ունի:

Այսպես, Նախագծում անհրաժեշտ է հստակեցնել, թե 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանվող` «ուսումնական վարկերի պետական երաշխավորության տրամադրումը» ինչ է իրենից ներկայացնում: Արդյոք դա նշանակում է, որ պետությունը միայն երաշխավոր է կանգնում վարկառուի համար եւ վարկային պայմանագրի ժամանակացույցով սահմանված վճարները պետք է վճարի վարկառուն: Ապա այս դեպքում անհրաժեշտ է մանրամասն կարգավորել Լիազոր մարմնի, վարկառուի եւ բանկի փոխհարաբերությունները` հատկապես իրավունքների եւ պարտականությունների տեսանկյունից, որը բխում է անմիջապես ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածի պահանջներից:

Նախագծով անհրաժեշտ է հստակեցնել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 30-րդ հոդվածով սահմանված 14-18 տարեկան անչափահասների, բանկի եւ Լիազոր մարմնի փոխհարաբերությունները: Առավել եւս, որ ուսումնական հաստատությունների առաջին կուրսի սովորողների ստվար զանգվածի տարիքը չի գերազանցում 18 տարեկանը:

Նախագծով չի նախատեսվում բողոքարկման որեւէ մեխանիզմ:

Միաժամանակ, Նախագծով անհրաժեշտ է հստակեցնել, թե ուսման վարկը ինչ ժամկետով է կնքվում` մեկ տարով, թե հնարավոր է կնքել նաեւ տվյալ որակավորման համար նախատեսված ողջ ժամանակահատվածի համար: Այս հարցը ծագում է Նախագծի 6-րդ հոդվածի 5-րդ մասը, 9-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությունը եւ 9-րդ հոդվածի 5-րդ մասը համադրելիս:

«Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

«Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

«Պետական պարտքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ.

Նախագծի վերնագրում «փոփոխություններ» բառն առաջարկում ենք փոխարինել «փոփոխություն» բառով:

Նախագծի նույն հոդվածի 2-րդ կետում «4-րդ» բառն առաջարկում ենք փոխարինել «3-րդ» բառով, իսկ 3-րդ կետում` «կետով» բառը` «մասով» բառով:

Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ, որի 2-րդ մասի «Ուսումնական վարկերի մասին» ՀՀ օրենքով» բառերն անհրաժեշտ է հստակեցնել, քանի որ ՀՀ օրենսդրությունում նման օրենք գոյություն չունի:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                               Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

8 հուլիսի 2010 թ.

N 106

Կատարողներ`Իրավական փորձաքննության բաժին

Ա.Մխիթարյան, Մ.Հակոբյան, հեռ. 588-659