Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (փաստաթղթային կոդ` Կ-942-02.07.2010-ՊԱ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնու՟թյան կարգով ներկայացված «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետու-թյան օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետու-թյան ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»Հայաստանի Հանրապե՟տու՟թյան օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Նախագծերի փաթեթը միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսու՟հետ` Նախագիծ)վերաբերյալ.

1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող լրացումը առաջարկում ենք հանել` հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 3-րդ մասում «այլ օրենքներով» հասկացության բովանդակության մեջ ներառված է «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը:

2. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը լրացնել «դատական եւ վերադասության կարգով» բառերով: Նախատեսվող լրացման բառերն առաջարկում ենք փոխարինել «դատական եւ վարչական կարգով» բառերով, քանի որ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով արդեն իսկ նախատեսվում է բողոքարկման դատական եւ վարչական կարգը:

3. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասում «ճանաչել ուժը կորցրած» բառակապակցությունն առաջարկում ենք փոխարինել «ուժը կորցրած ճանաչել» բառերով: Նույն դիտողությունը վերաբերում է Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասին եւ 4-րդ հոդվածի 2-րդ մասին:

4. Նախագծի 3-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսվում է Օրենքի 42-րդ հոդվածը լրացնել նոր 3-րդ մասով, որի առաջին նախադասության բովանդակությունից ստացվում է, որ նույն հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված տույժը, այն է` ոստիկանությունից ազատում, կարող է կիրառել կարգապահական տույժ կիրառելու իրավունք ունեցող պաշտոնատար անձը: Մինչդեռ, անհրաժեշտ է նկատել, որ Օրենքի 45-րդհոդվածի 2-րդ մասի համաձայն` ոստիկանության ծառայողին ոստիկանությունում ծառայությունից ազատում է նրան համապատասխան պաշտոնին նշանակելու (ծառայության ընդունելու) իրավունք ունեցող ղեկավարը:

Այդ հակասությունը վերացնելու նպատակով առաջարկում ենք հստակեցնել հիշյալ նախադասությունը:

5. Նախագծի 3-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսվող Օրենքի 42-րդ հոդվածի նոր 3-րդ մասի 1-ին կետի «քաղաքացիների սահմանադրական իրավունքները ոտնահարելը» նախադասությունն առաջարկում ենք փոխարինել «քաղաքացիների սահմանադրական իրավունքները կամ օրինական շահերը ոտնահարող գործողություններ կատարելը» բառերով:

Միաժամանակ, նույն մասի 4-րդ կետն առաջարկում ենք շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «ոգելից խմիչքներ, թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր օգտագործած վիճակում ծառայության վայրում գտնվելը.»:

6. Նախագծի 4-րդ հոդվածում առաջարկում ենք երկրորդ «կարգապահական» բառը հանել:

7. Նախագծի 6-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 51-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել: Առաջարկում ենք քննարկել նույն հոդվածում` վարչական կարգով բողոքարկման ու վեճերի լուծման հետ կապված հարաբերությունները «Վարչարարության հիմունքները եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով կարգավորելու վերաբերյալ դրույթի ամրագրման մասին հարցը:

«Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ դիտողու՟թյուն՟ներ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

26 հուլիսի 2010 թ

N 116

Կատարող`Իրավական փորձաքննության բաժին

Մ.Հակոբյան, հեռ. 588-659