Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-955-23.07.2010-ՊԻ-010/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնու՟թյան կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապե՟տու՟թյան օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
1.Նախագծի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության տեսանկյունից տես եզրակացության 3.4-րդ կետը:
2.Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
3.«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսու՟հետ` Օրենսգիրք) նախագծի վերաբերյալ.
3.1. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է Օրենսգրքի 132-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, որի 1-ին մասի «իշխանությունը օգտագործելը» արտահայտությունը հստակեցման կարիք ունի: Հավանաբար հոդվածի դիսպոզիցիան վերաբերում է հանցագործություն կատարած անձի կողմից իր իսկ իշխանությունը «օգտագործելուն»: Այս դեպքում նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածն արդեն իսկ կարգավորում է «իշխանության չարաշահումը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը» :
3.2. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է Օրենսգրքի 132-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, որի 4-ին մասի «պոռնկության շահագործումը» բառերն անհրաժեշտ է փոխարինել «պոռնկության ներգրավումը» կամ այլ համարժեք բառերով:
3.3. Նախագծի 5-րդ հոդվածով նախատեսվում է Օրենսգիրքը լրացնել նոր 132.3-րդ հոդվածով, որի 1-ին մասով սահմանվում է. «Շահագործման վիճակում գտնվող անձի ծառայություններից օգտվելը, եթե այդ անձի շահագործման վիճակի մեջ լինելը ակնհայտ է եւ եթե հանցագործություն կատարած անձի արարքում բացակայում են սույն օրենսգրքի 132-րդ կամ 132.2-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները » : Դրույթն անհրաժեշտ է արմատապես վերախմբագրել: Հակառակ դեպքում ստացվում է, որ եթե անձը, ով կատարել է Օրենսգրքի վերախմբագրվող 132-րդ հոդվածի հատկանիշեր պարունակող քրեորեն պատժելի արարք` այն է, օրինակ մարդու առեւանգում, իսկ որոշ ժամանակ անց այդ նույն անձը օգտվել է այդ նույն առեւանգված անձի ծառայություններից եւ նրա արարքը պարունակում է Օրենսգրքում լրացվող 132.3-րդ հոդվածի հատկանիշեր, ապա հանցագործություն կատարած անձը պատասխանատվություն է կրում միայն «շահագործման վիճակում գտնվող անձի ծառայություններից օգտվելու համար» :
3.4. Նախագծի 9-րդ հոդվածով նախատեսվում է Օրենսգրքի 261-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, որի 1-ին մասով սահմանվում է. «Շահադիտական նպատակով այլ անձի պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելը կամ պոռնկությամբ զբաղվելը շարունակելուն հակելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 132-րդ կամ 132.2-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները » : Դրույթի դիսպոզիցիան պարունակում է հանցագործության երկու հատկանիշ` 1-ին շահադիտական նպատակով այլ անձի պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելը եւ 2-րդ պոռնկությամբ զբաղվելը շարունակելուն հակելը, որոնք հավասարեցվում են: Սակայն հնարավոր է, որ պոռնկությամբ զբաղվելուն ներգրավի մի անձ, իսկ պոռնկությամբ զբաղվելը շարունակելուն հակի բոլորովին մեկ այլ անձ: Ստացվում է, որ այն անձը, ում արարքը պարունակում է հանցագործության այս երկու հատկանիշերը կրում է պատասխանատվություն նույն չափով, ինչ այն անձը, ում արարքը պարունակում է սույն հատկանիշերից միայն մեկը: Այս դեպքում արդյո՞ք չի առաջանում խնդիր դրույթի եւ ՀՀ Սահմանադրության 14.1-րդ հոդվածի միջեւ, ըստ որի` «բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջեւ» :
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ
19 օգոստոսի 2010 թ
N 127
Կատարող` Իրավական փորձաքննության բաժին
Մ.Հակոբյան, հեռ. 588-659