Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի լրամշակված տարբերակը (փաստաթղթային կոդ` Կ-972-07.09.2010 , 29.09.2010 -ԱՀ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնու՟թյան կարգով ներկայացված «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ ի լրամշակված տարբերակը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

«Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվում է ՀՀ կառավարության որոշումներով կարգավորել կցորդների ու ներկայացուցիչների նշանակման, գործունեության եւ կարգավիճակի, այդ թվում իրավունքների եւ պարտականությունների հետ կապված հարցերը:

Հիշատակված դրույթը հստակեցման կամ վերախմբագրման կարիք ունի, ինչը պայմանավորված է այն հիմնավորմամբ, որ ֆիզիկական անձանց կարգավիճակին առնչվող առանձին հարաբերություններ (իրավունքների սահմանափակումները, իրավունքներն իրականացնելու եւ պաշտպանելու պայմաններն ու կարգը) ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի իմաստով` կարգավորվում են բացառապես օրենքներով:

Նախագծերի փաթեթը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

I. «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք ի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

1. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է «Դիվանագիտական ծառայության մասին» Հ այաստանի Հ անրապետության օրենքի (այսու՟հետ` Օրենք ) 3-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել: Մինչդեռ, անհրաժեշտ է նշել, որ այդ դրույթի ընդունման դեպքում անհրաժեշտություն կառաջանա նույն հոդվածի վերնագրում կատարել համապատասխան փոփոխություն:

2. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է Օրենքի 9-րդհոդվածի 1-ին մասը լրացնել նոր պարբերությամբ: Նկատի ունենալով այն, որ Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունը հանդիսանում է դիվանագիտական ներկայացուցչության բաղկացուցիչ մաս, իսկ վերջինիս ստեղծման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Օրենքի 10-րդ հոդվածով, ուստի առաջարկում ենք հիշատակված լրացումը Օրենքի 9-րդ հոդվածի փոխարեն նախատեսել 10-րդ հոդվածում:

3. Նախագծի 5-րդ հոդվածում «Անհրաժեշտության դեպքում նշված ժամկետները կարող են երկարաձգվել կամ կրճատվել» դրույթը հստակեցման կարիք ունի, հատկապես այն առումով, թե ով եւ ինչ կարգով ու հիմնավորմամբ կարող է երկարաձգել կամ կրճատել դեսպանի կամ մշտական ներկայացուցչի պաշտոնավարման ժամկետները:

Միաժամանակ, առաջարկում ենք նույն հոդվածի «երկրորդ պարբերությունից հետո» բառերը հանել:

4. Նախագծի 6-րդ հոդվածում «Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով» բառերն առաջարկում ենք հանել, իսկ «միջազգային իրավունքով» բառերը փոխարինել «միջազգային իրավունքի նորմերով» բառերով:

5. Նախագծի 7-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 17-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, որի 3-րդ մասով առաջարկվում է դիվանագիտական հայեցողական պաշտոնները համարել դիվանագիտական, եթե այդ պաշտոններում նշանակված անձինք ունեն համապատասխան դիվանագիտական աստիճաններ:

Նման դրույթի առկայության պարագայում անհրաժեշտություն է առաջանում սահմանել «դիվանագիտական հայեցողական պաշտոն» հասկացությունը եւ այդ հասկացության բովանդակության սահմանները, հակառակ դեպքում, դիվանագիտական բնույթի պաշտոնը դիվանագիտական պաշտոն համարելու համար պայմանավորել միայն դիվանագիտական աստիճան ունենալու հանգամանքով, վիճահարույց է:

Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հյուպատոսական ծառայության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածին համապատասխան` հյուպատոսական գործակալությունները գլխավորում են այդ գործակալությունների ղեկավարները, ուստի առաջարկում ենք քննարկել «Հյուպատոսական ծառայության մասին» ՀՀ օրենքում այդ գործակալությունները հյուպատոսական հիմնարկների կազմից հանելու կամ դիվանագիտական ծառայության պաշտոնների ցանկում այդ գործակալության ղեկավարի պաշտոնը նախատեսելու մասին հարցը:

6. Նախագծի 8-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել «ե1» կետով: Առաջարկում ենք «ե1» համարակալումը փոխարինել «եա» համարակալմամբ` հաշվի առնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:

7. Նախագծի 11-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 22-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ` հետեւյալ բովանդակությամբ. «Դիվանագիտական աuտիճանները շնորհվում են ցմահ: Սույն օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի «բ»,«ե», «թ» եւ «ժդ» կետերում սահմանված հիմքերով դիվանագիտական ծառայությունից ազատվելու դեպքերում, Հայաստանի Հանրապետության Նախագահը եւ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը կարող են ազատված անձանց զրկել իրենց կողմից շնորհված դիվանագիտական աստիճանից»:

Նախ, անհրաժեշտ է նշել, որ Օրենքի 40-րդ հոդվածը «ժդ)» ենթակետ չունի: Բացի այդ, անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչ հիմքերով եւ ինչ չափանիշերով կարող են զրկվել դիվանագիտական աստիճաններից դիվանագիտական ծառայությունից ազատված անձինք:

Միաժամանակ, «Հայաստանի Հանրապետության Նախագահը եւ» բառերն անհրաժեշտ է փոխարինել «Հայաստանի Հանրապետության Նախագահը կամ» բառերով` նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 10-րդ մասի պահանջները: Այլապես կստացվի, որ ՀՀ Նախագահը եւ ՀՀ արտաքին գործերի նախարարը դիվանագիտական աստիճանից զրկում են երկուսով` միաժամանակ:

8. Նախագծի 15-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել նոր «ե)» ենթակետով, ըստ որի` օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում դիվանագետի ծառայության վաղաժամկետ դադարման հիմք կարող է հանդիսանալ «ծառայողական անհրաժեշտությունը»: Առաջարկում ենք հստակեցնել, թե որ կարգի դեպքերը կարող են համարվել «ծառայողական անհրաժեշտություն»:

9. Նախագծի 21-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր «ժզ)» ենթակետով, ըստ որի` դիվանագետի զբաղեցրած պաշտոնից ազատման հիմք կարող են դիտվել նաեւ «ՀՀ օրենսադրությամբ սահմանված այլ հիմքերը»: Դրույթն անհրաժեշտ է հանել, այլապես ստացվում է, որ Հայաստանի Հանրապետության որոշ իրավական ակտեր դիվանագիտական ծառայողին զբաղեցրած պաշտոնից ազատման հիմքեր են սահմանում:

10. Նախագծի 22-րդ հոդվածում առաջարկում ենք «խախտել է քաղաքական զսպվածության սկզբունքը» բառերը հանել:

11. Նախագծի 23-րդ հոդվածի 2-րդ մասով առաջարկվում է Օրենքի 46-րդ հոդվածի 4-րդ մասի «ուսումնական» բառը փոխարինել «հանրակրթական» բառով, որի արդյունքում ստացվում է. « … միջնակարգ հանրակրթական հաստատությունում … »: Մինչդեռ, «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանվում է միջնակարգ կրթության հասկացությունը, ըստ որի. «միջնակարգ կրթություն` հանրակրթության երրորդ մակարդակ, որը ներառում է հանրակրթական հիմնական ծրագրերի երեք աստիճանները»: Առաջարկում ենք խուսափել ուսումնական հաստատության կոնկրետ տեսակը նշելուց, առավել եւս, որ դրույթով սահմանվում է փոխհատուցման վճարում` մինչեւ երեխայի 18 տարին լրանալը:

12. Նախագծի 24-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքը լրացնել նոր 10.1-րդ գլխով, որը վերնագրված է «Դիվանագիտական դպրոցը»: Սույն օրենքով անհրաժեշտ է սահմանել եւ կարգավորել դիվանագիտական դպրոցին վերաբերող բազմաթիվ գործառույթներ եւ իրավահարաբերություններ:

13. Նախագծի 25-րդ հոդվածի «եւ 3-րդ մասերի» բառերն առաջարկում ենք փոխարինել «մասի» բառով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Օրենքի 23-րդ հոդվածը 3-րդ մաս չունի:

II. «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆՊԵՏ                                          Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

22 հոկտեմբերի 2010 թ.

N 149

Կատարողներ` Իրավական փորձաքննության բաժին,

Մ.Հակոբյան, հեռ. 588-659

Իրավախորհրդատվական բաժին,

Ս.Համբարձումյան,