Եզրակացություն
«Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
(փաստաթղթային կոդ` Կ-990-30.09.2010-ՖՎ-010/0)
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնու-թյան կարգով ներկայացված «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
I. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.
«Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 1-ին հոդվածով առաջարկվում է հանել «անհատ աուդիտոր` աուդիտորական ծառայություններ իրականացնող անհատ ձեռնարկատեր» հասկացությունը` աուդիտորական գործունեություն իրականացնելու հնարավորությունը թողնելով միայն աուդիտորական կազմակերպություններին:
Հիշյալի կապակցությամբ անհրաժեշտ է նշել, որ ներկայացված առաջարկությունը համակարգային առումով պետք է փոխկապակցել «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 4-րդ եւ 12-րդ հոդվածի 1-ին մասերով ամրագրված դրույթների հետ:
Այսպես, Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ աուդիտորական ծառայությունը պետք է իրականացվեն առնվազն մեկ աուդիտորի կողմից, իսկ 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` աուդիտ իրականացնող անձին, բացի աուդիտորական գործունեությունից եւ սույն հոդվածի 2-րդ մասում նշված ծառայությունների մատուցումից, արգելվում է ձեռնարկատիրական որեւէ այլ գործունեությամբ զբաղվելը:
Մեջբերված դրույթների վերլուծությունից բխում է, որ աուդիտորական գործունեությունը եւս ձեռնարկատիրական գործունեության տեսակ է, որը կարող է իրականացվել նաեւ մեկ աուդիտորի կողմից: Մինչդեռ, Նախագծով ներկայացված առաջարկությունների իմաստով, աուդիտորական ծառայություն չի կարող իրականացնել անհատ ձեռնարկատեր հանդիսացող աուդիտորը:
Այս հիմնավորմամբ պայմանավորված, առաջարկում ենք քննարկել օրենքի 6-րդ եւ 12-րդ հոդվածներում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին հարցը, հակառակ դեպքում` Նախագծով ներկայացված առաջարկությունը խնդիրներ կարող է առաջացնել ՀՀ Սահմանադրության 33.1-րդ հոդվածին համապատասխանության տեսանկյունից:
Միաժամանակ, Նախագծի 12-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 26-րդ հոդվածը լրացնել նոր 3-րդ մասով, որի «գ» կետի համաձայն` աուդիտորական կազմակերպության ղեկավար չի կարող լինել անձը, որը լիցենզիա ստանալու համար դիմում (հայտ) ներկայացնելու օրվա դրությամբ քրեական գործով ներգրավված է որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ: Ներկայացված առաջարկությունն առաջարկում ենք քննարկել ՀՀ Սահմանադրության 21-րդ հոդվածին համապատասխանության տեսանկյունից, ըստ որի` հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նախագծերի փաթեթը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:
Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:
Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել. որ «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 12-րդ հոդվածի 3-րդ եւ 5-րդ մասերում «ՀՀ կառավարության կողմից սահմանված հավուր պատշաճության չափանիշներ» բառակապակցությունը հստակեցման կարիք ունի` ինչպես «հավուր պատշաճություն» հասկացության նորմատիվային սահմանման առումով, այնպես էլ այդ հասկացության բովանդակությունը կազմող չափանիշների ամրագրման առումով:
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող առաջարկություննառաջարկում ենք քննարկել Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-991-30.09.2010-ՏՀ-010/0) համատեքստում, քանի որ հիշատակված օրինագծերում ներկայացված առաջարկությունները նույնաբովանդակ են:
Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆՊԵՏ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ
28 հոկտեմբերի 2010 թ.N 153
Կատարողներ` Կ.Հարությունյան, Ա.Սարգսյան, Ս.Համբարձումյան
Հ.Սարդարյան, Լ.Աբովյան, հեռ. 588-459