Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-1005-25.10.2010-ԳԲ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Վարդան Այվազյանի եւ Մարտին Սարգսյանի կողմից օրենսդրական նախաձեռնու՟թյան կարգով ներկայացված «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրու-թյանը:

Միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից Նախագծի վերաբերյալ անհրաժեշտ է նշել հետեւյալը.

ՄԱԿ-ի 1973 թվականի «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական եւ բուսական աշխարհի տեսակների միջազգային առեւտրի մասին կոնվենցիայի (Հայաստանի Հանրապետության համար այն ուժի մեջ է մտել 2009 թվականի հունվարի 21-ից) I հոդվածի իմաստով` «առեւտուր» հասկացության բովանդակության մեջ ներառված է ինչպես «արտահանումը», այնպես էլ` «վերարտահանումը»: Միաժամանակ, նույն կոնվենցիայի III, IY եւ V հոդվածների համակարգային առումով վերլուծությունից բխում է, որ վայրի կենդանիների, կենդանաբանական հավաքածուների կամ առանձին նմուշների միջազգային առեւտրի իրականացման համար կոնվենցիոն պահանջ է սահմանված դրանց արտահանման թույլտվությունների տրամադրման հնարավորությունը:

Միաժամանակ, Նախագծով ներկայացված իրավակարգավորումն անհրաժեշտ է համապատասխանեցնել նաեւ Եվրախորհրդի 1979 թվականի «Եվրոպայի վայրի բնության եւ բնական միջավայրի պահպանության մասին» կոնվենցիայի (Հայաստանի Հանրապետության համար այն ուժի մեջ է մտել 2008 թվականի օգոստոսի 1-ից) դրույթների պահանջների հետ, ինչը պայմանավորված է այն հիմնավորմամբ, որ հիշատակված կոնվենցիայի պայմանավորվող կողմ հանդիսացող պետությունները` որպես վայրի ֆլորայի ու ֆաունայի եւ նրանց բնական միջավայրերի պահպանությանն ուղղված միջոցառում, չեն դիտարկում վայրի կենդանիների արտահանման սահմանափակումը:

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                          Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

18 նոյեմբերի 2010 թ.

N 168

Կատարողներ` Վ.Մանուկյան, Ա.Քոչարյան, հեռ. 513-603