ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

ՊԱՐՈՆ Գ. ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻՆ

ԻՎ-ե-17

«10» փետրվարի 2011թ.

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային եւ պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
(փաստաթղթային կոդ` Կ-1071-14.01.2011-ՊԱ-010/0)

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային եւ պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Նախագիծը չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Նախագիծը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային եւ պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ ներկայացնում ենք հետեւյալ առաջարկությունները.

1. Նախագծի 1-ին հոդվածի 4-րդ մասով նախատեսվում է «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային եւ պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 13-րդ հոդվածի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմնի (նախարարության)» բառերը փոխարինել «ՀՀ զինված ուժերի» բառերով: Փոփոխությունն առաջարկում ենք քննարկել, քանի որ «ՀՀ զինված ուժերը» հասկացությունը կրում է հավաքական ընդհանուր իմաստ, իսկ « անձնակազմի հետ տարվող աշխատանքի վարչությունը» պետք է հանդիսանա որեւէ կառույցի ստորաբաժանում:

2. Նախագծի 1-ին հոդվածի 5-րդ մասի «4-րդ պարբերությունում» բառերն անհրաժեշտ է փոխարինել «1-ին մասի 4-րդ կետի» բառերով, «հոդվածի 1-ին» բառերից հետո անհրաժեշտ է ավելացնել «եւ 2-րդ» բառերը, քանի որ Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ նախադասությունը եւս պարունակում է «ճառագայթային» բառը:

3. Նախագծի 1-ին հոդվածի 7-րդ մասի 4-րդ կետի «զինծառայողների լողալու» բառերն առաջարկում ենք փոխարինել «զինծառայողների լոգանքի» բառերով:

Նույն փոփոխությունն առաջարկում ենք կատարել նաեւ Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի, 14-րդ հավելվածի 22-րդ կետի «լողանալու» , «լողանալ» բառերին:

4. Նախագծի 1-ին հոդվածի 9-րդ մասով նախատեսվում է Օրենքի 19-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Կայազորի պետի արձակուրդի կամ գործուղման հրամանը տրվում է իրավասու պաշտոնատար անձի կողմից, որով նաեւ նշանակվում է կայազորի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող պաշտոնատար անձը» : Ստացվում է, որ արձակուրդի հրամանը միաժամանակ հանդիսանում է նաեւ ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման փաստաթուղթ: Այս առումով առաջարկում ենք հստակեցնել դրույթը:

5. Նախագծի 1-ին հոդվածի 16-րդ մասի 4-րդ կետով նախատեսվում է Օրենքի 38-րդ հոդվածի 14-րդ պարբերությունում «ներքին գործերի» բառերը փոխարինել «ոստիկանության» բառով:

Նույն փոփոխությունն անհրաժեշտ է կատարել նաեւ Օրենքի 12-րդ հավելվածի 44-րդ հոդվածի 3-րդ մասում:

6. Նախագծի 1-ին հոդվածի 19-րդ մասի «ըստ սահմանված կարգի» բառերն առաջարկում ենք հստակեցնել` նշելով, թե կոնկրետ ում կողմից կամ ինչ ակտով սահմանված կարգով:

7. Նախագծի 1-ին հոդվածի 21-րդ մասով նախատեսվում է Օրենքի «51-րդ հոդվածում, 54-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին պարբերությունում, 216-րդ հոդվածի 1-ին մասում «նշանաբանները» բառը փոխարինել «նշանաբառերը» բառով» : Նախատեսվող փոփոխությունն առաջարկում ենք քննարկել, քանի որ Օրենքի բազմաթիվ հոդվածներում եւս գործածված է «նշանաբան» բառը համապատասխան հոլովաձեւերով: Առավել եւս, որ Օրենքի 105-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է. «Հաuտատելու համար, որ հերթափոխի ժամանակ պահակախումբն, իրոք, լիազորված է համապատաuխան պետի կողմից, uահմանվում է նշանաբան (գաղտնի բառ) »:

8. Նախագծի 1-ին հոդվածի 24-րդ մասով նախատեսվում է Օրենքի «90-րդ հոդվածի 2-րդ պարբերությունում, 6-րդ պարբերությունում «պետավտոտեսչությունում» բառը փոխարինել «ճանապարհային ոստիկանությունում» բառերով: Համապատասխան փոփոխությունն անհրաժեշտ է կատարել նաեւ Նախագծի 38-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետում, 83-րդ հոդվածի 3-րդ մասում, 84-րդ հոդվածի 2-րդ մասի վերջին կետում, 87-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում:

9. Նախագծի 1-ին հոդվածի 28-րդ մասի 1-ին կետի «միջոցներ» բառն առաջարկում ենք փոխարինել «միջոցներով» բառով:

10. Նախագծի 1-ին հոդվածի 31-րդ մասի 1-ին կետն առաջարկում ենք միացնել Նախագծի 1-ին հոդվածի 21-րդ մասին:

11. Նախագծի 1-ին հոդվածի 52-րդ մասով նախատեսվող փոփոխությունն առաջարկում ենք հստակեցնել, քանի որ դրա ինկորպորացիայի արդյունքում ստացվում է «համապատասխան» բառի կրկնություն. «Պահեuտարանը (պահեuտը) մեկ ժամից ոչ ավելի ժամանակով բացվելու դեպքում պահակապետը ժամապահին թողնում է պահակակետում, իuկ մեկ ժամից ավելի դեպքում գործում է պահակակետերի ցուցակի համապատասխան հրահանգին համապատաuխան»:

12. Նախագծի 2-րդ հոդվածով սահմանվում է. «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից» : Քանի որ Նախագիծն իր մեջ ներառում է նաեւ իրավունքներ եւ պարտականություններ, ուստի Նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, ըստ որի. «Իրավաբանական կամ ֆիզիկական անձանց իրավունքները կամ ազատությունները uահմանափակող կամ պատաuխանատվություն uահմանող կամ պատաuխանատվությունը խuտացնող կամ պարտականություններ uահմանող եւ փոփոխող կամ պարտականությունների կատարման կարգ uահմանող կամ փոփոխող, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց գործունեության նկատմամբ հuկողության կամ վերահuկողության կարգ uահմանող կամ փոփոխող, ինչպեu նաեւ դրանց իրավական վիճակն այլ կերպ վատթարացնող նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանց պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տաuներորդ oրը , եթե այդ նորմատիվ իրավական ակտերով ավելի ուշ ժամկետ նախատեuված չէ … »:

Ընդհանուր առմամբ Նախագծի տեքստն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ                                                                                      Կ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կատարողներ`Մ. Հակոբյան, հեռ. 513-659

Ա. Քոչարյան, հեռ. 513-284 /միջազգային իրավունքի մասով/