ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

ՊԱՐՈՆ Գ. ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻՆ

ԻՎ-ե-19

« 15 » փետրվարի 2011թ .

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

«Ազատ տնտեսական գոտիների մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Արժութային   կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», « Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

( փաստաթղթային կոդ` Կ-1073-18.01.2011-ՏՀ-010/0 )

    

               Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ազատ տնտեսական գոտիների մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Արժութային  կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը ( այսուհետ` Նախագծերի փաթեթ )   մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնում:

Նախագծերի փաթեթը չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

           Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

     Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետյալը .

«Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքի նախագծի ( այսուհետ` Նախագիծ ) վերաբերյալ .

1 ) Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասով  տրված է ազատ տնտեսական գոտու կազմակերպչի հասկացությունը, այն է` «կազմակերպիչը բացառապես ազատ տնտեսական գոտու կազմակերպման նպատակով ՀՀ կառավարության կողմից ստեղծված կամ ՀՀ կառավարության որոշմամբ ընտրված իրավաբանական անձ է … »: Հասկացությունից պարզ չէ կառավարության կողմից ստեղծված իրավաբանական անձի իրավական կարգավիճակը, իսկ  կառավարության կողմից իրավաբանական անձի ընտրության դեպքում  սահմանված չեն ընտրության չափանիշները:

2 ) Նախագծի 3-րդ հոդվածով տրված է  ազատ տնտեսական գոտու շահագործողի հասկացությունը, համաձայն որի «շահագործողը ՀՀ գրանցված իրավաբանական անձ է, անհատ ձեռնարկատեր է կամ օտարերկրյա կազմակերպության  ներկայացուցչություն, որն ունի ՀՀ կառավարության կողմից տրված համապատասխան թույլտվություն … .»: Որոշակի գործունեության տեսակներով զբաղվելու թույլտվություն տրամադրելը   արդեն իսկ կարգավորված է գործող օրենսդրությամբ, մասնավորապես «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լիցենզիան է պաշտոնական թույլտվությունը: Մեր կարծիքով,  նպատակահարմար կլիներ «թույլտվություն» բառի փոխարեն կիրառել «լիցենզիա» բառը, քանի որ համաձայն   «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի «լիցենզիան` լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով զբաղվելու  իրավունքը հաստատող պաշտոնական թույլտվություն է, ինչպես նաեւ այդ իրավունքը հաստատող  պաշտոնական փաստաթուղթ է » :

Հակառակ դեպքում ներքին հակասություններ են առաջանում ներկայացված Նախագծի եւ «Երեւանի “Զվարթնոց” օդանավակայանի եւ “Երեւան” ազատ տնտեսական  գոտու  տարածքներում  լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով  զբաղվելու մասին» 2002թ. հունիսի 1-ի   ՀՕ-329 ՀՀ օրենքով  ամրագրված դրույթների միջեւ, որը հակասում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի   45-րդ հոդվածի 2 մասի պահանջներին: ՈՒստի, առաջարկվում է  Նախագիծը քննարկել  2002թ. հունիսի 1-ի ՀՕ-329 վերը հիշատակված   օրենքի   համատեքստում:

3) Նախագծի 4-րդ հոդվածի 4-րդ  մասում նշված է, որ «Շահագործողը թույտվությամբ չսահմանված այլ տեսակի գործունեություն իրականացնելու համար պետք է ստանա թույտվություն»: Նման մոտեցումը իրավական տեսանկյունից հստակ չէ, քանզի շահագործողը նախապես պետք է իրականացնի միայն թուլտվությամբ սահմանված  գործունեութուն:

ՈՒստի, առաջարկվում է Նախագծի 4-րդ հոդվածի 4-րդ մասը հանել:

4) Առաջարկվում է Նախագծի մի շարք հոդվածներում կատարել   լեզվաոճաբանական հետեւյալ փոփոխությունները, մասնավորապես`

ա ) Նախագծի 6-րդ  հոդվածի   1-ին մասի 7-րդ կետի «միջոցներ» բառը փոխարինել «միջոցներով» բառով .

բ ) Նախագծի 7-րդ հոդվածի վերնագրում «գոտի» բառը փոխարինել «գոտու» բառով .

գ ) Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «առաջարկել» բառը փոխարինել   «կարող է առաջարկել» բառով, 4-րդ կետի «պահանջել» բառը փոխարինել «պահանջում է» բառով եւ 6-րդ կետի «ներկայացնել» բառը` «ներկայացնում է» բառով: Այլ դիտողությունները կարող են ներկայացվել  աշխատանքային քննարկման ընթացքում:

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ( այսուհետ` Նախագիծ ) վերաբերյալ .

Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի 11-ին բաժնի «7-րդ» եւ «8-րդ» կետերը  ուժը կորցրած ճանաչել:   Մինչդեռ, հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ 29.12.2010թ.-ին ընդունված «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  ՀՀ օրենքի ( ՀՕ-227-Ն )   6-րդ հոդվածով վերը նշված աղյուսակը վերախմբագրվել է եւ արդյունքում  Նախագծի 11-րդ բաժինը դարձել է 12-րդ բաժին` 5  կետերով, հետեւաբար   առաջարկվող 7-րդ եւ 8-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել հնարավոր չէ:

Ելնելով  վերոգրյալից առաջարկվում է Նախագծերի փաթեթը վերանայել եւ համապատասխանեցնել գործող   ՀՀ օրենսդրությանը:

Նախագծերի փաթեթում ներառված այլ   օրենքների  նախագծերի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

 

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ                                                                                 Կ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Կատարող`   Ա.Սարգսյան, հեռ.513-425

                Ք.Մանուկյան, հեռ. 513-425