ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

ՊԱՐՈՆ Գ.ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻՆ

ԻՎ-ե-72

«10» մայիսի 2011թ.

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1151-02.05.2011-ՊԻ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովիաշխատակազմի իրավաբանական վարչության կողմից:

1. Նախագիծը չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

3. Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

ա. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածով նախատեսված արագացված դատաքննություն կիրառելու հիմքերը ընդհանուր են եւ կարող են վերաբերել նաեւ առեւտրային կազմակերպությունների միջեւ ծագող քաղաքացիաիրավական վեճերին, որոնք կարող են արագացված դատաքննության կարգով լուծվել դատարանի նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ: Այսինքն` ՀՀ քաղ. դատ. օրենսգրքի 19-րդ գլխի (Արագացված դատաքննություն) շրջանակներում կարող են լուծվել նաեւ առեւտրային կազմակերպությունների միջեւ ծագող քաղաքացիաիրավական վեճերը:

բ. Նախագծի 1-ին հոդվածով լրացվող 128.1 հոդվածի 3-րդ մասը, ըստ էության, համահունչ չէ ՀՀ Քաղ. դատ. օրենսգրքի 127-րդ հոդվածին, որը, որպես արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշումը վերացնելու ընդհանուր հիմք, նախատեսում է անհրաժեշտ աստիճանի անհետաձգելի չլինելը կամ իրավունքի մասին վեճի ծագումը: Բացի այդ, պետք է նշել, որ միայն իրավունքի մասին վեճ ծագելը արդեն իսկ արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշումը վերացնելու հիմք է, մինչդեռ Նախագծով միայն իրավունքի մասին վեճի առաջացումը բավարար չէ այդ որոշումը վերացնելու համար, այլ դրա հետ միաժամանակ պարտադիր է համարվում գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերի ապացուցման համար ապացույցներ ձեռք բերելու կամ գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով փորձաքննություն նշանակելու անհրաժեշտությունը:

գ. ՀՀ քաղ. դատ. օրենսգրքի 128-րդ հոդվածը նույնպես ընդհանուր է եւ վերաբերում է արագացված դատաքննության կարգով քննվող բոլոր գործերին, այսինքն` դատարանը արագացված դատաքննության կարգով գործը քննելիս անհապաղ վճիռ է կայացնում: Միաժամանակ անհրաժեշտ է նաեւ նշել, որ անհապաղ վճիռ կայացնելը պատասխանողի իրավունքների խախտում կարող է հանդիսանալ, քանի որ վերջինիս հնարավորություն չի տրվում ներկայացնելու իր առարկությունները ներկայացված հայցի վերաբերյալ: Ուստի անհրաժեշտ է սահմանել որոշակի ժամկետ, որի ընթացքում պատասխանողը կծանոթանա իրեն ուղարկված հայցադիմումի պատճենին եւ չհամաձայնելու դեպքում առարկություններ կներկայացնի: Եթե պատասխանողը առարկություններ ներկայացնի, ապա դատարանը պետք է վերացնի արարգացված դատաքննություն կիրառելու մասին որոշումը: Եթե պատասխանողը չներկայանա դատարան եւ առարկություններ չներկայացնի, ապա դա կարելի է մեկնաբանել որպես համաձայնություն իրեն ներկայացված պահանջին, որից հետո դատարանը կարող է անհապաղ վճիռ կայացնել:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ                                                                                      Կ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կատարողներ`Ա.Մխիթարյան, Հ.Սարդարյան