ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

ՊԱՐՈՆ Գ.ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻՆ

ԻՎ-ե-77

«18» մայիսի 2011թ.

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Հանրային ծառայության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի
(փաստաթղթային կոդ` Կ-1155-02.05.2011-ՊԻ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հանրային ծառայության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Անհրաժեշտ է նշել, որ Նախագիծը 12.05.2011թ. ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի նիստում առաջին ընթերցմամբ:

1.Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

1.1. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 4-րդ հոդվածի 1-ին, 3-րդ եւ 4-րդ մասերում ամրագրված դրույթների համակարգային առումով վերլուծությունից հետեւում է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետին եւ Հայաստանի Հանրապետության նախարարներին պետական պաշտոն նշանակելու սահմանափակումների վերաբերյալ Նախագծով ներկայացված առաջարկությունները չեն բխում ՀՀ Սահմանադրության 85-րդ եւ 88-րդ հոդվածների պահանջներից:

1.2. Նախագծի մի շարք հոդվածներում (8-րդ, 10-րդ, 13-րդ, 17-րդ եւ այլն) առաջարկում ենք հանել «այլ իրավական ակտերով» բառերը` նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը 30.2-րդ հոդվածի պահանջը, ըստ որի` քաղաքացիներն ունեն oրենքով uահմանված ընդհանուր հիմունքներով հանրային ծառայության ընդունվելու իրավունք:

1.3. Նախագծի 6-րդ հոդվածի վերնագրում եւ տեքստում ամրագրվել է հանրային ծառայության միայն «հիմնական սկզբունքները», մինչդեռ, Հայաստանի Հանրապետության ՀՀ Սահմանադրության 30.2-րդ հոդվածի բովանդակությունից բխում է, որ բացառապես օրենքով պետք է սահմանվեն հանրային ծառայության uկզբունքները:

1.4. Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին կետում ամրագրված «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների գերակայությունը, մարդու եւ քաղաքացու իրավունքների ու ազատությունների առաջնահերթությունը» սկզբունքը չի բխում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածով հռչակված «Հայաստանի Հանրապետությունը որպես իրավական պետություն» սկզբունքի բովանդակությունից` նկատի ունենալով մարդու եւ քաղաքացու իրավունքների ու ազատությունների գերակայության երաշխավորման սահմանադրական պահանջը:

1.5. Նախագծի 11-րդ հոդվածում հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու նպատակով անձին ներկայացվող պահանջներն առաջարկում ենք հստակեցնել` հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 14.1-րդ հոդվածով «խտրականությունն» արգելող դրույթի պահանջը:

2. Նախագծերի փաթեթը միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

Ներկայացված Նախագծերի փաթեթը մասնավորապես համահունչ է Եվրոպայի խորհրդի 1999 թվականի Կոռուպցիայի մասին քաղաքացիական իրավունքի Կոնվենցիայի, ինչպես նաեւ Եվրախորհրդի կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի` GRECO-ի 2006 թվականի «Հանրային ծառայություն եւ մասնավոր շահ» Զեկույցի դրույթներին:

3. «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել, որ ներկայացված նախագծերի փաթեթի ընդունման դեպքում անհրաժեշտություն կառաջանա փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքներում, մասնավորապես` «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում», «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին« ՀՀ օրենքում:

4. Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկային կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

I. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Նախագիծ) նախագծի վերաբերյալ.

1. Նախագծի 4-րդ հոդվածի 11-րդ մասի «եթե օրենքով» բառերն անհրաժեշտ է փոխարինել «եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերով կամ կոնկրետ նշել, թե Հայաստանի Հանրապետության ո՞ր օրենքի մասին է խոսքը` որպես օրինակ, նշելով ՀՀ կառավարության կողմից սահմանված հիվանդությունների ցանկերը: Առավել եւս, որ նույն սահմանումը գործածված է նույն հոդվածի 12-րդ մասում:

2. Նախագծի 4-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանվում է պետական ծառայության պաշտոնի հասկացությունը. «Պետական ծառայության պաշտոն՝ պետական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն, որի զբաղեցնելու առանձնահատկությունները սահմանվում ենպետական ծառայության առանձին տեսակները կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքներով»: «Պետական ծառայության պաշտոն» հասկացության նորմատիվային սահմանումը տրված է նաեւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով: Ուստի, առաջարկում ենք այս առումով հստակեցնել հիշյալ դրույթները:

3 . Նախագծի 6-րդ հոդվածի 7-րդ կետում «իրենց մասնագիտական գիտելիքներին եւ աշխատանքային ունակություններին համապատասխան» բառերն առաջարկում ենք հանել:

4. Նախագծի 12-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ 5-րդ կետերը հստակեցման կարիք ունեն` հաշվի առնելով դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու հանգամանքը եւ դրանցում ամրագրված դրույթները միավորելու անհրաժեշտությունը:

5 . Նախագծի 13-րդ հոդվածի 1-ին մասի «օրենքով նախատեսված այլ կարգով» բառերն անհրաժեշտ է փոխարինել «ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ կարգով», «պետական ծառայության առանձին տեսակները, ինչպես նաեւ համայնքային ծառայությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով» բառերով կամ կոնկրետ նշել, թե Հայաստանի Հանրապետության ո՞ր օրենքի մասին է խոսքը:

6 . Նախագծի 15-րդ հոդվածով կարգավորվում է հանրային ծառայության ստաժի հետ կապված իրավահարաբերությունները, սակայն` Նախագծի 5-րդ հոդվածում չի սահմանվել «հանրային ծառայության ստաժ» հասկացությունը:

Միաժամանակ, առաջարկում ենք նույն հոդվածի 1-ին մասի «համապատասխան մարմիններում» բառերը փոխարինել «սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված մարմիններում» բառերով: Հաշվի առնելով աշխատանքային ստաժի կարեւորությունն ու սոցիալական նշանակությունը` առաջարկում ենք նախագծի «Եզրափակիչ եւ անցումային դրույթները» սահմանող 10-րդ գլխում նախատեսել դրույթներ հանրային ծառայության ստաժի հաշվարկման ու որոշման վերաբերյալ:

7. Նախագ ծի 22-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է. «Հանրային ծառայողն իր ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ պետք է իրավասու պաշտոնատար անձանց տեղեկացնի այլ ծառայողների կողմից կատարած իրավախախտումների, ինչպես նաեւ հանրային ծառայությանն առնչվող ցանկացած անօրինական, այդ թվում` կոռուպցիոն գործողությունների մասին»: Այսինքն` հանրային ծառայողի համար նախատեսվում է պարտականություն, որն արդեն ամրագրված է ՀՀ քրեական օրենսդրությամբ: Միաժամանակ, ՀՀ քրեական օրենսդրությամբ սահմանված է նաեւ բացառություն ամուսնու եւ մերձավոր ազգականի նկատմամբ, ինչը, սակայն, հիշյալ դրույթում իր ամրագրումը չի ստացել:

Ելնելով վերոգրյալից` առաջարկում ենք Նախագծի 22-րդ հոդվածը խմբագրել:

8. Նախագծի 25-րդ հոդվածի 2-րդ մասի «Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերն անհրաժեշտ է փոխարինել «Հայաստանի Հանրապեոտւթյան օրենսդրությամբ» բառերով կամ կոնկրետ նշել դրույթով նախատեսվող օրենքների անվանումները:

9 . Նախագծի 26-րդ եւ 27-րդ հոդվածները հանրային ծառայողի վարձատրության առումով կրկնվում են, ուստի առաջարկում ենք հստակեցնել եւ վերախմբագրել:

10 . Նախագծի 38-րդ հոդվածի 4-րդ մասի «վեց տարի ժամկետով» բառերից հետո առաջարկում ենք ավելացնել «բացառությամբ սույն օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքի» բառերը:

Ընդհանուր առմամբ, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը լրամշակման կարիք ունի:

Միաժամանակ, հարկ է նշել, որ Նախագծի գրեթե բոլոր հոդվածներում հղում է կատարվում պետական ծառայության առանձին տեսակները եւ համայնքային ծառայությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքներին, ինչը կարող է տարաբնույթ մեկնաբանությունների ու ընկալումների, ինչպես նաեւ տարբեր իրավական ակտերի միջեւ հակասություններ առաջանալու տեղիք տալ: Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 30.2-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, ըստ որի` հանրային ծառայության սկզբունքները եւ կազմակերպման կարգը սահմանվում են օրենքով, ուստի ենթադրվում է, որ պետական եւ համայնքային ծառայությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքները պետք է համապատասխանեն «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին:

Նկատի ունենալով հիշյալ հանգամանքը, առաջարկում ենք քննարկել` հանրային ծառայության իրավունքի համասեռ հասարակական հարաբերությունները կարգավորող բոլոր նորմերը համակարգված ու կանոնակարգված ձեւով մեկ միասնական ակտով շարադրելու մասին հարցը, ինչը հնարավորություն կտա ունենալ տրամաբանորեն միասնական, հաջորդական ու համակարգված կառուցվածքով «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայության օրենսգիրք»:

II . «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

III . «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ                                Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Կատարողներ` Ք.Գեովշանյան

Ա.Քոչարյան

Հ.Սարդարյան