ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

ՊԱՐՈՆ Գ.ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻՆ

ԻՎ-ե-94

« 27 » մայիսի 2011թ.

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Պ-1161-06.05.2011-ՍՀ-010/0)

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի, Խաչիկ Հարությունյանի, Իշխան Խաչատրյանի, Մարզպետունի Մանուկյանի կողմից օրենսդրական նախաձեռնու՟թյան կարգով ներկայացված «Նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապե՟տու՟թյան օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Նախագիծը չի համապատասխանում «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին, քանի որ Նախագծի ընդունումը կառաջացնի պահանջ կատարելու լրացումներ եւ փոփոխություններ այլ օրենքներում

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից «Նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ ներկայացնում ենք հետեւյալ առաջարկությունները.

1. Հարկ ենք համարում նշել, որ Նախագծով ամրագրած դրույթների սահմանումը արդեն իսկ կարգավորված են «Պետական նպաստաների մասին» ՀՀ օրենքով (2005 հոկտեմբերի 24-ի ՀՕ-205-Ն), այն է օրենքի կարգավորման առարկա, ում եւ որ դեպքերում է տրամադրվում միանվագ դրամական օգնություն, ինչպես նաեւ հիշյալ օրենքների խախտման դեպքերի վերաբերյալ դրույթներ:

2. Նշենք նաեւ, որ Նախագծի գլուխների I, II, III համարակալումն անհրաժեշտ էփոխարինել1, 2, 3 թվերով:

3. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված է «նորաստեղծ ընտանիքի» հասկացությունը: Կարծում ենք, որ այն կառաջացնի հակասություն ՀՀ Սահմանադրության 14.1-րդ հոդվածին, որի համաձայն. «Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է»: Եվ, քանի որ յուրաքանչյուր նոր ստեղծվող ընտանիք, որը գրանցվում է«Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի համաձայն եւ պահանջներով` համարվում է նորաստեղծ, ուստի առաջարկում ենք հիշյալ դրույթը վերանայել կամ հանել Նախագծի տեքստից:

4. Նախագծի 4-րդ հոդվածից առաջարկում ենք հանել (1) համարակալումը, քանի որ հոդվածը բաղկացած է ընդամենը մեկ մասից

5. Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը միմյանց հակասում են, 1-ին մասում նշված է որ սահմանում է «ՀՀ կառավարությունը», իսկ մյուս հոդվածով սահմանվում է նվազագույն չափ:

Ասենք նաեւ, որ Նախագծի տեքստից պարզ չէ, թե նորաստեղծ ընտանիքի կազմավորման եւ գրանցման որ ժամկետում է տրամադրվում միանվագ դրամական օգնություն:

Ուստի,օրենսդրության գերբեռնվածություն չստեղծելու նպատակով առաջարկում ենք ներկայացվող Նախագծով առաջարկվող նոր մոտեցումների վերաբերյալ դրույթների ամրագրումն առաջարկել օրենքներում որպես լրացում:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ

ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ                                                                                        Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ