ԻՎ-ե-111

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակի վերաբերյալ

(փաստաթղթային կոդ` Կ-1176-20.05.2011-ՏՀ-010/0)

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (այսուհետ` Նախագծերի փաթեթ) առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակը մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնում:

Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

1. Նախագծի 48-րդ հոդվածի 1-ին մասում սահմանվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 229-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պայմանագրերում կողմերի ստորագրությունների իսկության ճանաչման գործընթացը: Պարզ չէ, թե որ պայմանագրերի մասին է խոսքը, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի նշված հոդվածը չունի 4-րդ մաս եւ վերաբերում է «Գրավառու» հասկացությանը: Ենթադրվում է, որ նկատի է ունեցվել Նախագծերի փաթեթում ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսված լրացումը, համաձայն որի օրենսգրքի 299-րդ հոդվածը լրացվել է նոր 4-րդ մասով եւ վերաբերում է նույն օրենսգրքի 204.1-րդ, 211-րդ, 225-րդ, 263-րդ, 562-րդ, 572-րդ, 595-րդ, 610-րդ, 654-րդ, 662-րդ, 678-րդ, 686-րդ, 959-րդ հոդվածներով նախատեսված պայմանագրերին: Այս դեպքում առաջարկվում է «229-րդ» արտահայտությունը փոխարինել «299-րդ»-ով:

2. Նախագծի մի շարք հոդվածներումեւմասերումխախտվելէ համարակալման հերթականությունը, ինչը հակասում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերի պահանջներին, այն է` « …Հայաստանի հանրապետության օրենքներում նորմերը ներկայացվում են հերթական համար ունեցող հոդվածների տեսքով», « …Հայաստանի Հանրապետության օրենքների հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի»: Այսպես, Նախագծի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետից հետո նշված է 9-րդ կետը, 44-րդ հոդվածի 3-րդ մասի համարակալումը կրկնվում է, 49-րդ հոդվածում չի համարակալված 1-ին մասը, 75-րդ հոդվածից հետո «Անցումային դրույթներ»-ը համարակալվել են 2,3,4,5 թվերով:Նախագծի 24-րդ հոդվածը սկսվում է առանց մասերի համարակալման եւ կրկնվող նախադասություններով: Առաջարկվում է նշված հոդվածի սկիզբը (մինչեւ 1-ին մասը) հանել, իսկ մնացած հոդվածների եւ մասերի համարակալումը համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի վերոհիշյալ հոդվածի պահանջներին:

3. Նախագծերի փաթեթում ընդգրկված նախագծերից յուրաքանչյուրի համար սահմանվել է ուժի մեջ մտնելու տարբեր ժամկետներ: Այսպես` «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին»ՀՀ օրենքի նախագծի համար ուժի մեջ մտնելու ժամկետ է սահմանված 2012 թվականի հունվարի 1-ը, «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքի նախագծի համար`պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի նախագծի համար 2011 թվականի հունվարի 1-ը: Այդ կապակցությամբ առաջարկում ենք դրանք համապատասխանեցնել:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                 Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարող` Ա.Սարգսյան, հեռ.513-425