ԻՎ-ե-113

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» (փաստաթղթային կոդ`Կ-1184-02.06.2011-ՏՏ-010/0), «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ`Կ-11841 -02.06.2011-ՏՏ-010/0), «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ`Կ-11842 -02.06.2011-ՏՏ-010/0), «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ`Կ-11843 -02.06.2011-ՏՏ-010/0), «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ`Կ-11844 -02.06.2011-ՏՏ-010/0) եւ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ`Կ-11845 -02.06.2011-ՏՏ-010/0) ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացված «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին»,«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչություններում:

Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Նախագծերի փաթեթը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, ինչպես նաեւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից հիմնախնդիրներ չի առաջացնում:

Նախագծերի փաթեթը, բացառությամբ «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի նախագծի 21-րդ հոդվածի 4-րդ մասի (տես Նախագծի 11-րդ կետը), համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Ստորեւ ներկայացվում է Նախագծերի փաթեթի վերաբերյալ Վարչության կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

I. «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին » ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

1. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասը վերաբերում է օրենքի կարգավորման առարկային, որտեղ հստակ ամրագրված է թէ ինչ հարաբերություններ է կարգավորում եւ ինչ է սահմանում օրենքը` աղբահանության եւ սանիտարական մաքրման կազմակերպման բնագավառում: Նշված մասը սահմանում է նաեւ պատասխանատվություն չվճարելու համար (նույնիսկ աղբահանության վճարի վճարումը ուշացնելու դեպքում), մինչդեռ, օպերատորի պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպում պատասխանատվություն սահմանվածչէ:

Նույն մասի «սկզբունքները» բառից առաջ առաջարկվում է ավելացնել «գործընթացի կազմակերպման» բառերը, քանի որ սույն օրենքը բուն «աղբահանության եւ սանիտարական մաքրման սկզբունքները» չի սահմանում (նույնը վերաբերում է նաեւ4-րդ հոդվածին):

2. Նախագծի 3-րդ հոդվածում`

ա) անհրաժեշտ է հստակեցնել 1-ին մասի 2-րդ կետի «ա» ենթակետով տրված` «կենցաղային աղբ» հասկացությունը, մասնավորապես` առաջարկվում է «մարդու կենսագործունեության ծագմամբ առաջացող սպառման թափոնները» բառերը փոխարինել «մարդու կողմից սպառման եւ (կամ) կենսագործունեության արդյունքում առաջացող թափոններ» բառերով,

բ) 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով տրված` «արտադրական աղբ» հասկացության մեջ «սպառման» բառից առաջ անհրաժեշտ է ավելացնել «արտադրական» բառը, այլապես արտադրական աղբը, սպառման արդյունքում առաջացող աղբի մասով, կնույնացվի կենցաղային աղբի հետ,

գ) 1-ին մասի 2-րդ կետի «գ» ենթակետով տրված` «խոշոր եզրաչափի աղբ» հասկացության «մարդու կենսագործունեության ծագմամբ» բառերն առաջարկվում է փոխարինել «մարդու կենսագործունեության արդյունքում» բառերով:

3. Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի`

ա) 1-ին կետում նշված «կոմունալ թափոներ» բառերի հասկացությունն անհրաժեշտ է սահմանել եւ լրացնել Նախագծի 3-րդ հոդվածում, քանի որ չնայած 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ. «Այն հասկացությունները, որոնք սահմանված չեն սույն օրենքով, ունեն «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հասկացությունների իմաստը:», սակայն «Թափոնների մասին» ՀՀ օրենքով «կոմունալ թափոններ» բառերիհասկացությունը սահմանված չէ,

բ) 4-րդ կետում, որպես աղբահանության սկզբունք, նշվում է դրա « …մշտապես իրականացման» մասին, ինչը մեկնաբանության տեղիք է տալիս, ուստի առաջարկվում է «մշտապես» բառը փոխարինել «պարբերաբար» բառով (նույնը վերաբերում է նաեւ 9-րդ հոդվածին),

գ) 10-րդ կետից հետո առաջարկվում է լրացնել «աղբահանության վճարների դրույքաչափերի ձեւավորման արդարացիության սկզբունքը» ,որպես նոր սկզբունք:

4. Նախագծի 5-րդ հոդվածում, «աղբահանության վճարի» սահմանումը հստակեցնելու նպատակով, առաջարկվում է «վճարվող վճարն է» բառերը փոխարինել «վճարվող տեղական վճարն է» բառերով, քանի որ Փաթեթում ընդգրկված մեկ այլ օրենքի նախագծով նախատեսվում է լրացումներ կատարել «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածում, համաձայն որի աղբահանությունը հանդիսանում է տեղական վճար (ինչը միանգամայն արդարացված եւ անհրաժեշտ քայլ է, թեեւ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ այս վճարը «համայնքային վճար (պարտադիր գանձույթ)» է հանդիսանում, այն դեպքում երբ ՀՀ օրենքներով «համայնքային վճար» հասկացություն գոյություն չունի): Այս առումով մի քանի խնդիրներ են ծագում, մասնավորապես`

ա) Նախագծի 5-րդ հոդվածով սահմանվում է, որ. «Աղբահանության վճարը սույն օրենքով նախատեսված վճարողների կողմից աղբահանության դիմաց սույն օրենքով սահմանված կարգով եւ չափով համայնքի բյուջե կամ արտաբյուջետային հաշիվ վճարվող վճարն է:»: Այս դրույթը մի կողմից հակասում է «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածին (որի համաձայն. « Տեղական վճարը տեղական ինքնակառավարման մարմինների` oրենքով uահմանված լիազորությունների իրականացմամբ պայմանավորված գործողությունների համար uույն oրենքով uահմանված կարգով եւ չափով համայնքի բյուջե գանձվող պարտադիր գանձույթ է: »), այսինքն` հստակ չի ամրագրվում, որ աղբահանության վճարը տեղական վճար է, իսկ մյուս կողմից էլ` Նախագիծը որեւէ հիմնավորում չի պարունակում արտաբյուջետային հաշվի բացման համար, իսկ արտաբյուջետային հաշիվների բացումն ու օգտագործումը բյուջետային վերահսկողության տեսանկյունից այնքան էլ ցանկալի մեխանիզմ չի հանդիսանում,

բ) Նախագծի 5-րդ հոդվածի համաձայն ստացվում է, որ աղբահանության վճարի դրույքաչափը սահմանվում է հենց այս Նախագծով, այն դեպքում` երբ ինչպես «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի, այնպես էլ սույն Նախագծի 14-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն տ եղական վճարի կոնկրետ դրույքաչափերը համայնքի ղեկավարի ներկայացմամբ uահմանում է համայնքի ավագանին (այսինքն` առկա է նաեւ ներքին հակասություն): Ուստի, անհրաժեշտ է այստեղ հստակ ամրագրել, որ աղբահանության վճարների չափը սահմանվում է ոչ թե տվյալ օրենքով (Նախագծով), այլ համայնքի ավագանու կողմից` տվյալ օրենքով սահմանված դրույքաչափերի սահմաններում:

Այս կապակցությամբ առաջարկվում է հրաժարվել արտաբյուջետային հաշիվներիգաղափարից, իսկ Նախագծի 5-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Աղբահանության վճարը սույն օրենքով նախատեսված վճարողների կողմից աղբահանության դիմաց սույն օրենքով սահմանված կարգով եւ սույն օրենքով սահմանված դրույքաչափերի սահմաններում` համայնքի ավագանու կողմից սահմանված չափով համայնքի բյուջե գանձվող պարտադիր գանձույթ է :»:

Առաջարկությունն ընդունվելու դեպքում անհրաժեշտ է Նախագծի ողջ տեքստից հանել նաեւ արտաբյուջետային հաշվի հետ կապված բոլոր բառերը, ինչպես նաեւ Փաթեթից հանել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը):

5. Նախագծի 6-րդ հոդվածում`

ա) 1-ին մասի հստակեցման նպատակով «տիրապետող» բառից հետո անհրաժեշտ է ավելացնել «կամ օգտագործող» բառերը, իսկ «(անհատ ձեռնարկատերեր)» բառերից հետո` «եւ արտոնագրային վճար վճարողներ» բառերը,

բ) 2-րդ մասով սահմանվում է, որ. «Ոչ կենցաղային աղբ առաջացնողները ազատվում են աղբահանության վճարից, եթե նշված աղբը փոխադրվում եւ տեղադրվում է սեփական միջոցներով սույն օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված թույլտվության հիման վրա, կամ նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձանց հետ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրի հիման վրա:»: Այս դրույթի հետ կապված, բացի այն, որ ինչպես այս մասում, այնպես էլ Նախագծի հետագա տեքստում, այս հղումը ճիշտ չի կատարված, եւս երկու կարեւոր խնդիր է առաջանում. մի կողմից միանգամայն ավելորդ է սեփական միջոցներով ոչ կենցաղային աղբը փոխադրողների համար թույլտվության ինստիտուտի եւ համապատասխան տեղական վճարի սահմանումը, քանի որ աղբահանության վճարից ազատելու դեպքում տվյալ կատեգորիայի անձանց համար աղբահանությունը դառնում է նրանց պարտականությունը, իսկ մյուս կողմից` բացակայում է շատ ավելի կարեւոր եւ էական պայմանի ամրագրումը, այն է` սահմանված ժամանակացույցին համապատասխան աղբահանության իրականացման պահանջը:

Այս կապակցությամբ առաջարկվում է Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Ոչ կենցաղային աղբ առաջացնողներն ազատվում են աղբահանության վճարից, եթե նշված աղբը փոխադրվում եւ տեղադրվում է սեփական միջոցներով եւ համայնքի ավագանու կողմից սահմանած կարգով, կամ սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված անձանց հետ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրի հիման վրա` սույն օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված ժամանակացույցին համապատասխան:», իսկ սրա հետ կապված անհրաժեշտ է Նախագծից հանել նաեւ 8-րդ հոդվածի 4-րդ մասը:

6. Նախագծի 7-րդ հոդվածը, ինչպես նաեւ Նախագծի շատ դրույթներ թերի է մշակված, ոչ միայն աղբահանության եւ սանիտարական մաքրման աշխատանքների ֆինանսավորման, այլեւ այդ աշխատանքների կազմակերպման պայմանագրային հարաբերությունների կանոնակարգման հետ կապված: Այսպես.

ա) իրականացված աղբահանության եւ սանիտարական մաքրման աշխատանքները համայնքի բյուջեից կարող են ֆինանսավորվել միայն այն դեպքում, երբ այդ աշխատանքները կատարեն համայնքային հիմնարկները, իսկ մասնավոր օպերատորների կողմից դրանց իրականացման դեպքում համայնքի բյուջեն ֆինանսավորող կողմ չի կարող հանդիսանալ,

բ) տվյալ հոդվածը, կապված մասնավոր օպերատորի եւ համայնքի միջեւ ֆինանսական փոխհարաբերությունների հետ, մի շարք մեկնաբանությունների, ենթադրությունների եւ տարընթերցման տեղիք է տալիս, մասնավորապես` անհայտ է մնում թե այս դեպքում աղբահանության վճարները պե՞տք է գանձվեն համայնքի բյուջե, որից հետո էլ այն պետք է փոխանցվի օպերատորին, եթե այո, ապա ամբողջությա՞մբ, թե՞ դրա մի մասը պետք է փոխանցվի, որքա՞ն կարող է կազմել օպերատորի ողջամիտ շահույթը (քանի որ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. « Տեղական վճարի դրույքաչափը համայնքի ղեկավարի ներկայացմամբ uահմանում է համայնքի ավագանին` տվյալ գործողությունն իրականացնելու համար անհրաժեշտ նվազագույն ծախuերի չափով: »), ինչպե՞ս պետք է կարգավորվեն այն վեճերը, որոնք կարող են առաջանալ համայնքի կողմից օպերատորին ժամանակին կամ ոչ ամբողջությամբ դրամական միջոցների փոխանցումները չկատարելու դեպքում եւ այլն,

գ) ինչ վերաբերում է պայմանագրային հարաբերություններին, ապաՆախագծով միայն նշվում է, որ աղբահանության եւ սանիտարական մաքրման աշխատանքները կատարվում են պայմանագրի հիման վրա, բայց անհայտ է մնում, թե ո՞ր դեպքերում ո՞ր մարմինը կամ օպերատորը ու՞մ հետ պետք է կնքի այդ պայմանագիրը, ինչպե՞ս պետք է լուծվի հաշվառում ունեցող սակայն ՀՀ-ում չբնակվող քաղաքացիների հետ պայմանագրային հարաբերությունների հարցը, քանի որ աղբահանության վճարների չկատարման համար պատասխանատվության առաջացման հիմքը տվյալ պայմանագիրն է:Այս կապակցությամբ,անհրաժեշտ է միմյանցից հստակ տարանջատել համայնքի կողմից աղբահանության իրականացման դեպքը օպերատորի կողմից եւ ինքնուրույն աղբահանության իրականացման դեպքերից:

7. Նախագծի 8-րդ հոդվածում`

ա) 2-րդ մասի «անձը» բառն անհրաժեշտ է փոխարինել «անձինք» բառով, քանի որ նույն հոդվածի 1-ին մասում խոսվում է համայնքային հիմնարկի եւ օպերատորի մասին` որպես համայնքային բյուջեի հաշվին աշխատանքներ իրականացնողների:

բ) 4-րդ մասն անհրաժեշտ է վերաշարադրել` տվյալ դրույթը ներկայացնելով ոչ թե որպես սոսկ թույլտվություն, այլ այդ թույլտվությունը որպես աղբահանության իրականացման պարտավորության իրավական հիմք, իսկ թույլտվության համար էլ, կարծում ենք, շատ ավելի ճիշտ կլինի սահմանել տեղական տուրք` համապատասխան լրացումներ կատարելով «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում (վերջինիս հետ կապված վերաշարադրման կարիք է զգում նաեւ տվյալ հոդվածի 7-րդ մասը),

գ) 6-րդ մասի «համապատասխան աղբահանության կայուն իրականացման ապահովմանը» բառերն անհրաժեշտ է փոխարինել «, ինչպես նաեւ սույն օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված ժամանակացույցին համապատասխան աղբահանության իրականացման ապահովմանը» բառերով (քանի որ, օրինակ, տարեկան մեկ անգամ աղբանահության իրականացումը նույնպես համարվում է աղբահանության «կայուն» իրականացում):

8. Նախագծի 14-րդ հոդվածի 3-րդ մասը համաձայն որի. «Աղբի տարբեր տեսակների համար կարող են սահմանվել տարբեր դրույքաչափեր: Ընդ որում, տարբեր դրուքաչափեր սահմանելիս կարող են հաշվի առնվել նաեւ անշարժ գույքի չափերը, նպատակային կամ գործառնական նշանակությունը, հարկայնությունը, հեռավորությունը աղբավայրից, աղբահանության վճար վճարողների եւ նրանց գործունեության առանձնահատկությունները:» հակասում է «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասին, համաձայն որի. « Համայնքի տարածքում բոլոր վճարողների համար uահմանվում են տեղական վճարների միաuնական դրույքաչափեր:»: Բացի այդ, տվյալ մոտեցմամբ առաջնորդվելու դեպքում գործնականում կարող է ընդհուպ սահմանվել աղբահանության անհատական դրույքաչափեր, ինչն ընդունելի լինել չի կարող: Այս կապակցությամբ առաջարկվում է հանել3-րդ մասը:

9. Նախագծի 16-րդ հոդվածի 1-ին մասով եւ դրա 1-ին կետով սահմանվում է, որ ա ղբահանության վճարի հաշվարկողի կողմից սխալ հաշվարկելու արդյունքում պակաս վճարված աղբահանության վճարի գումարները վճարում է աղբահանության վճար վճարողը` դրանց վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի քան երեք տարվա համար: Այս մոտեցումը չի կարելի ընդունելի համարել, քանի որ պակաս վճարված աղբահանության վճարի պատասխանատվությունը պետք է կրի դրանում մեղավոր կողմը, տվյալ դեպքում` աղբահանության վճարի հաշվարկողը, իսկ այս դրույթի «հիմնավորման» համար Նախագծի 20-րդ հոդվածի 1-ին մասով տրված իրավունքները (ըստ որի վճարողն իրավունք ունի ինքնուրույն հաշվարկել կատարվող վճարի չափը, ստուգել կատարված հաշվարկների համապատասխանությունն իր հաշվարկների հետ եւ դատական կարգով բողքարկել դրանք) ոչ միայն չի արդարացնում որդեգրված մոտեցումը, այլեւ անհարկի եւ անիմաստ վարչարարության անհրաժեշտություն եւ կոռուպցիոն ռիսկեր է առաջացնում:

Այս կապակցությամբ առաջարկվում է որդեգրել ամենապարզ եւ տրամաբանական մոտեցումը, այն է` հաշվարկը կատարում է համայնքը, ինչը նրա պարտականությունն է, պարտավոր է կատարել ճիշտ հաշվարկներ, իսկ սխալ հաշվարկ կատարելու արդյունքում պակաս ստացված վճարի չափով էլ հենց ինքը պետք է կրի պատասխանատվություն` իր բյուջեից ծածկելով պակաս հավաքագրված միջոցների արդյունքում առաջացած դեֆիցիտը (հենց վերջինս էլ կստիպի կատարել ճիշտ հաշվարկներ եւ կզրկի կոռուպցիոն կոնկրետ սխեմաների կիրառման գայթակղությունից):

10. Նախագծի 19-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսվում է, որ. « Աղբահանության վճար վճարողների հաշվառման կարգը սահմանում է համայնքի ավագանին: », այն դեպքում, երբ այս հաշվառումը տարբեր համայնքներում չի կարող տարբեր լինել, հետեւաբար` նպատակահարմար եւ տրամաբանական կլինի, որ այս կարգը սահմանվի հենց տվյալ օրենքով:

11. Նախագծի 21-րդ հոդվածի մասերի համարակալումը անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին, իսկ ամրագրված 4-րդ մասըհամաձայն որի. «Օպերատորի պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման պատասխանատվությունը, ինչպես նաեւ աղբահանության եւ սանիտարական մաքրման ծառայություններ մատուցելու վերաբերյալ համայնքի եւ օպերատորի միջեւ կնքած պայմանագրի վաղաժամկետ լուծման հիմքերը սույն օրենքով չսահմանված մասով կարգավորվում է պայմանագրով:» հակասում է ՀՀ Սահմանադրության 83.5.-րդ հոդվածի 2-րդ կետին համաձայն որի. «պատասխանատվության տեսակները, չափերը, պատասխանատվության ենթարկելու կարգը կարող է սահմանվել բացառապես օրենքով», բացի այդՆախագծով օպերատորի պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար որեւէպատասխանատվություն սահմանված չէ: Հետեւաբար, օպերատորի պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվության տեսակները, չափերը, պատասխանատվության ենթարկելու կարգը, ինչը սույն Նախագծի հիմքերից մեկն, պետք էլրացվիՆախագծում:

12. Նախագծի 22-րդ հոդվածի 1-ին մասի «օրվանից» բառը անհրաժեշտ է փոխարինել «օրը» բառով (տես`«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ մասը):

Նախագծում առկա են նաեւ խմբագրական եւ այլ բնույթի մի շարք թերություններ:

II «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ

1. Նախագծի վերնագրից անհրաժեշտ է հանել «եւ լրացում» բառերը, քանի որ Նախագծով կատարվել է ընդամենը մեկ փոփոխություն:

Նախագծերի Փաթեթում ընդգրկված մյուս նախագծերի վերաբերյալդիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                              Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ