«18» հուլիսի2011 թ                                                                                                            . ԻՎ-ե-121

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»եւ«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերիփաթեթի (փաստաթղթային կոդ` Պ-1206-01.07.2011-ՏՏ-010/0) վերաբերյալ

Հայաստանի ՀանրապետությանԱզգային ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»եւ«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերիփաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովիաշխատակազմի իրավաբանական վարչությունում:Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.Նախագծերի փաթեթը չի համապատասխպանում «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 4-րդ կետի բ) ենթակետին: Այսպես, չնայած Նախագծերի փաթեթին կից ներկայացվել է տեղեկանք`օրենքի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին, այնուամենայնիվ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ նաեւ` Նախագիծ)բովանդակությունից ենթադրվում է, որ անհրաժեշտ է լրացում կատարել նաեւ«Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածում, քանի որ ըստ Նախագծի տոնավաճառներում առուվաճառք իրականացնողները տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց մատուցած ծառայության դիմաց օրենսդրությամբ սահմանված կարգով պետք է վճարեն տեղական տուրք: Այս կապակցությամբ հարկ է նշել, որ Նախագիծը չի համապատասխանում նաեւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83.5.-րդ հոդվածին 2-րդ կետի պահանջին,համաձայն որի. «ԲացառապեսՀայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում … .ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից վճարվող հարկերի, տուրքերի եւ այլ պարտադիր վճարների տեսակները, չափը, վճարման կարգը»: Հետեւաբար` Նախագծում նշված տեղական տուրքի տեսակը եւ չափը պետք է նախատեսվի օրենքով: Նախագծերի փ աթեթը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից հիմնախնդիրներ չի առաջացնում:

2. Նախագծով առաջարկվել է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 40-րդ հոդվածը լրացնել 8-րդ կետով, համաձայն որի. տոնավաճառներ կարող են կազմակերպվել « … օրենքով սահմանված տոնական օրերին»: Այդ կապակցությամբ հարկ է նշել, որ «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքը նախատեսում է երկու տասնյակից ավելի տոնական օրեր, որոնցից միայն տասնհինգն են համարվում ոչ աշխատանքային օրեր: Ուստի, հաշվի առնելով աշխատանքային օրերին տոնավաճառներ կազմակերպելու աննպատակահարմարությունը, առաջարկում ենք 8-րդ կետի « … օրենքով սահմանված տոնական օրերին» բառերը փոխարինել «օրենքով սահմանված ոչ աշխատանքային տոնական օրերին … .» բառերով:

3. Նկատի ունենալով ՀՀ Սահմանադրության 104-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը համաձայն որի «Տեղական ինքնակառավարումն իրականացվում է համայնքներում», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի պահանջը համաձայն որի համայնքի վարչական տարածքն ընդգրկում է մեկ կամ մի քանի բնակավայրերի տարածքները, ինչպես նաեւ բնակավայրերից դուրս գտնվող հողերը եւ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի պահանջը համաձայնորիՀայաuտանի Հանրապետության բոլոր բնակավայրերը` առանձին կամ այլ բնակավայրի (բնակավայրերի) հետ միաuին, ընդգրկվում են համայնքների մեջ, առաջարկում ենք Նախագծի 1-ին մասից հանել «եւ քաղաքների վարչական սահմանների քաղաքամերձ հատվածներում» բառերը, քանի որ քաղաքների վարչական սահմանների քաղաքամերձ հատվածները եւս մտնում են համայնքի վարչական տարածքի մեջ:

4. Առաջարկում ենք քննարկել Նախագծի 1-ին հոդվածի «գյուղատնտեսական արտադրանքի (կենդանական ծագում ունեցող մթերք, բույսեր, բուսական արտադրանք, միրգ, բանջարեղեն)» բառերը «գյուղատնտեսական արտադրանքի (կենդանական ծագում ունեցող մթերք, բույսեր, բուսական արտադրանք, եւ սննդամթերք)» բառերով փոխարինելու հարցը: Այդ կերպ այն համահունչ կդառնա «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքին:

Բացի այդ, ըստ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքի տրամաբանության, գյուղատնտեսական արտադրանքիվաճառքը կարող է իրականացվել միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպված առեւտրի օբյեկտներում (խանութներ, կրպակներ, տաղավարներ) եւ առեւտրի իրականացման վայրերում (գյուղատնտեսական արտադրանքի շուկա, առեւտրի կենտրոններ)։ Մինչդեռ, սույն Նախագծով առաջարկվում է մրգերի եւ բանջարեղենի բացօթյա վաճառքի իրականացում, ինչը հակասում է ինչպես «Առեւտրի եւ ծառայություների մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի սկզբունքներին եւ պահանջներին, այնպես էլ տոնավաճառների /վերնիսաժների/ միջոցով առեւտրի կազմակերպման տրամաբանությանը։

5. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ նախադասությունում «տեղական ինքնակառավարման մարմինների» բառերը փոխարինել «համայնքի ղեկավարի» բառերով, քանի որ ըստ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենի 7-րդ հոդվածի` տեղական ինքնակառավարման մարմիններ են համայնքի ավագանին եւ համայնքի ղեկավարը, իսկ ըստ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի`Երեւանի ավագանին եւ Երեւանի քաղաքապետը: Մինչդեռ, Նախագծերի փաթեթով առաջարկվող լրացումները լիազորություններ են վերապահում միայն համայնքի ղեկավարին (Երեւան քաղաքում` Երեւանի քաղաքապետին): Նախագծի 1-ին հոդվածը ունի հակասական բովանդակություն` կապված համայնքի ղեկավարի կողմից տոնավաճառ կազմակերպելու, տոնավաճառ կազմակերպելու թույլտվություն տալու եւ տոնավաճառը կազմակերպելու համար որոշակի ծառայություններ մատուցելու հետ:

Սակայն, մինչեւ այդ հակասությանը անդրադառնալը առաջարկում ենք քննարկել Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ նախադասությունը (տեղական տուրքի վճարում) «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում նախատեսելու նպատակահարմարությունը: Բանն այն է, որ«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը նախատեսում է գործունեության մի շարք բնագավառներ (հոդվածներ 37, 40, 44), որտեղ գործունեություն ծավալելու համար համայնքի ղեկավարը տալիս է թույլտվություն, ինչի համար եւ գանձվում է տեղական տուրք: Սակայն տեղական տուրք վճարելու պարտականության մասին վերոհիշյալ օրենքում հիշատակում չկա: Տեղական տուրք վճարելու պարտականություն նախատեսվում է բացառապես«Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում: Ուստի առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածից հանել 2-րդ նախադասությունը եւ տեղական տուրքին վերաբերող դրույթը ամրագրել «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում:

Վերոհիշյալից բացի, Նախագծի 1-ին հոդվածի առաջին նախադասությունից բխում է, որ տոնավաճառ կազմակերպում է համայնքի ղեկավարը: Մինչդեռ, երկրորդ նախադասության մեջ խոսվում է տոնավաճառ կազմակերպելու թույլտվություն տալու մասին: Բացի այդ, համայնքի ղեկավարը տոնավաճառ կազմակերպելիս մատուցում է որոշակի ծառայություններ տոնավաճառը համապատասխան պայմաններով ապահովելու համար, ինչի համար տեղական տուրքի փոխարեն պետք է նախատեսվեր տեղական վճար:Ըստ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի. «Տեղական տուրքը տեղական ինքնակառավարման մարմինների` օրենքով սահմանված լիազորությունների իրականացման դիմաց սույն օրենքով սահմանված կարգով եւ չափով համայնքի բյուջե գանձվող պարտադիր գանձույթ է»: Իսկ նույն օրենքի 3-րդ հոդվածի համաձայն. «Տեղական վճարը տեղական ինքնակառավարման մարմինների` օրենքով սահմանված լիազորությունների իրականացմամբ պայմանավորված գործողությունների համար սույն օրենքով սահմանված կարգով եւ չափով համայնքի բյուջե գանձվող պարտադիր գանձույթ է»: Առաջարկում ենք, հաշվի առնելով տեղական տուրքի եւ վճարի օրենքով տրված հասկացությունները, հստակեցնել վերոհիշյալ նախադասությունը:

«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի(այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ

Նախագծի վերաբերյալ բովանդակային առումով դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի դրույթներին համապատասխանության տեսանկյունից Նախագծերի փաթեթում առկա են մի շարք անհամապատասխանություններ.

1.Առաջարկում ենք «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածում նշված «2002 թվականի հունիսի 5-ի» բառերը փոխարինել «2002 թվականի մայիսի 7-ի» բառերով, քանի որ ըստ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի. «Օրենքի եւ Ազգային ժողովի որոշման ընդունման օր է համարվում դրա` Ազգային ժողովի կողմից վերջնական խմբագրությամբ ընդունվելու օրը»:

2. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում նշված «(այսուհետ` օրենք)» բառերը հանել, քանի որ Նախագծի ամբողջ տեքստում «օրենք» բառը, այդ իմաստով, այլեւս չի օգտագործվում:

3. Առաջարկում ենք «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածում նշված «2009 թվականի հունվարի 15-ի» բառերը փոխարինել «2008 թվականի դեկտեմբերի 26-ի» բառերով, քանի որ ըստ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի. «Օրենքի եւ Ազգային ժողովի որոշման ընդունման օր է համարվում դրա` Ազգային ժողովի կողմից վերջնական խմբագրությամբ ընդունվելու օրը»:

4.Առաջարկում ենք «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածում նշված «(այսուհետ` օրենք)» բառերը հանել, քանի որ Նախագծի ամբողջ տեքստում «օրենք» բառը, այդ իմաստով, այլեւս չի օգտագործվում:

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈւԹՅԱՆ ՊԵՏ`                                                         Ս. ՅՈւԶԲԱՇՅԱՆ

Կատարող` Հ. Սարդարյան

հեռ. 513 472