«13» հոկտեմբերի 2011 թ.                                                                                                 ԻՎ-ե-160

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գյուղատնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-1242-23.09.2011-ԳԲ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Բալասանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գյուղատնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում: Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները.

1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածին, ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացած միջազգային պայմանագրերին համապատասխան:

2. Նախագծի 3-րդհոդվածի 1-ին մասի 5-րդ եւ 6-րդ կետերի համապատասխանաբար «գյուղատնտեսական հումքի եւ մթերքի մշակում» եւ «գյուղատնտեսական հումքի եւ մթերքի վերամշակում»հասկացություններում ամրագրված «էական չի փոփոխվում» եւ «զգալիորեն փոփոխվում է» բառերը, ինչպես նաեւ
Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի «գոտիական մասնագիտացում» եւ 10-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի «սեզոնային քվոտավորում» բառերը հստակեցման կարիք ունեն:

3. Հստակեցման կարիք ունեն նաեւ Նախագծի 9-րդ հոդվածով սահմանվող ագրարային քաղաքականութան իրականացման միջոցները` գործնական կիրառելիության տեսանկյունից: Մասնավորապես, խոսքը վերաբերում էնշված հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ եւ 5-րդ կետերին: Ինչ վերաբերում է նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանվող գյուղատնտեսական ապրանք արտադրողների նկատմամբ հատուկ (բարենպաստ) հարկային քաղաքականության կիրառմանը, ապա պետք է նշել, որ ՀՀ օրենդսրությամբ («Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքով` հոդված 11), «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքով` հոդված 36), (ՀՀ մաքսային օրենսգրքով` հոդված 102) արդեն իսկ սահմանված են որոշակի արտոնություններ հիշյալ ոլորտի նկատմամբ:Այս առումով, եթե խոսքը վերաբերում է նոր արտնություններին, ապա անհրաժեշտ է, որ դրանք հստակ ներկայացվենհամապատասխան օրենքների նախագծերով:

4. Նախագծի տարբեր հոդվածներում (մասնավորապես` 9-րդ եւ 20-րդ հոդվածներում) օգտագործվում է «գյուղատնտեսական արտադրանք» բառերը, սակայն Նախագծի «Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները» վերտառությամբ 3-րդ հոդվածում բացակայում է այդ բառերի հասկացությունը: Ուստի, առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածում սահմանել «գյուղատնտեսական արտադրանք» բառերի հասկացությունը:

5. Նախագծի 16-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն «Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեկամսյա ժամկետում քննարկում եւ հաստատում է ազգային զեկույցը:», մինչդեռ, Նախագծում չի խոսվում այն դեպքերի մասին, երբ Ազգային ծրագիրը չի արժանանում Կառավարության հավանությանը:

6. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխանության առումով Նախագծի`

ա
) 3-րդ, 4-րդ եւ այլ հոդվածներում օգտագործվող «պետության լիազոր մարմնի», «պետական կառավարման լիազորված մարմինները» բառերը անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին, ըստ որի` «Հայաuտանի Հանրապետության oրենքներում, Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումներում, Հայաuտանի Հանրապետության Uահմանադրությամբ ուղղակիորեն չնախատեuված պետական կառավարման մարմնի ղեկավարի անվան փոխարեն նշվում են «Հայաuտանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը» բառերը.

բ ) 24-րդ հոդվածի 1-ին մասն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին եւ շարադրել նոր խմբագրությամբ հետեւյալ բովանդակությամբ. « Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:»:

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                         Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարողներ` Ա. Մխիթարյան, Ա.Սարգսյան.

Հ. Սարդարյան, Ս. Մուրադյան