« 29 » սեպտեմբերի 2011 թ.                                                                                             ԻՎ-ե-153

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

« Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1245-26.09.2011-ՖՎ-010/0 ) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնու թյա ն կարգով ներկայացված «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում :

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծիվերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին եւ 51-րդ հոդվածի 2-րդ կետում ամրագրված Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին եւ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխան:

2. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 54-րդ հոդվածը լրացնել նոր 19-րդ մասով, ըստ որի «Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերություններն իրենց կողմից կնքված ԱՊՊԱ պայմանագրերով նախատեսված ընդհանուր ապահովագրավճարների 2011 թվականի համար նախատեսված մասի 15 տոկոսը 2012 թվականի առաջին եռամսյակի ընթացքում պետք է փոխանցեն երաշխավորման ֆոնդ:», որը ըստ Նախագծի հիմնավորման, ելնելով ԱՊՊԱ համակարգի 2011թ. ութ ամիսների գործունեության վերլուծության արդյունքներից, էապես կմեծացնի երաշխավորման ֆոնդի միջոցները` ապահովելով համակարգի առավել մեծ կայունություն:

Այս մոտեցումը թեեւ իրականում կարող է մեծացնել Երաշխավորման ֆոնդը, սակայն դրանով մեկ այլ խնդիր կարող է առաջացնել: Այսպես,Երաշխավորման ֆոնդի մեծության կարգավորման գործառույթները եւ իրավասությունը Օրենքի 44-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն պատկանում է Բյուրոյի խորհրդին, որը. «...ելնելով Երաշխավորման ֆոնդի նախորդ տարվա մեծությունից եւ նախորդ տարվա ընթացքում Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին վճարված հատուցումների չափից, ինչպես նաեւ հաշվի առնելով ապահովագրավճարների չափի վրա ազդող այլ չափանիշներ եւ գործոններ, իրականացնում է կանխատեսում Երաշխավորման ֆոնդի տվյալ տարվա միջոցների եւ դրանց հաշվին տվյալ տարվա ընթացքում վճարվելիք հատուցումների եւ Օրենքի  23-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված բժշկական օգնության հետ կապված ծախսերի համար կատարվելիք վճարումների չափերի վերաբերյալ: Բյուրոն միջոցներ է ձեռնարկում Երաշխավորման ֆոնդի ռիսկերը զսպելու համար, որոնց վերաբերյալ խորհուրդն առաջարկություններ է ներկայացնում ժողովին:»: Ուստի, տվյալօրենքի ընդունմամբ կարող է նախադեպ ստեղծվել` Երաշխավորման ֆոնդի մեծությունն օրենքով կարգավորելու տեսանկյունից, ինչը թեեւ իրավական առումով խնդիրներ չի առաջացնում, սակայն բովանդակային առումով կարող է սահմանափակել Բյուրոյի իրավասությունները:

3. Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, նաեւ որ ապահովագրական ընկերությունները առաջիկա տարիներին կազատվեն երաշխավորման ֆոնդ համապատասխան պարբերական վճարներ կատարելու անհրաժեշտությունից: Մինչդեռ, Նախագծով «առաջիկա տարիներին» պարբերական վճարներ կատարելու պարտավորությունից ազատման վերաբերյալ որեւէ դրույթ նախատեսված չէ:

4. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքի հավելվածի (Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գծով ապահովագրավճարների հաշվարկման մեթոդաբանության) 2.2-րդ կետի 6) ենթակետում «գործակից» բառից հետո ավելացնել«, ընդ որում, բեռնվածության գործակիցը առնվազն երեք անգամ պետք է փոքր լինի զուտ (նետտո) սակագնից» բառերը: Այդ կապակցությամբ հարկ է նշել, որ ինչպես Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող լրացման, այնպես էլ Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող լրացման դեպքերում եւս կարող է առաջանալ Բյուրոյի իրավասությունների սահմանափակման խնդիր, քանի որ ապահովագրական ընկերությունների կողմից մատուցվող ԱՊՊԱ ծառայությունների սակագների նվազագույն եւ առավելագույն սահմանների որոշման եւ դրանց վերանայման իրավասությունը նույնպես պատկանում է Բյուրոյին:

5. Նախագիծը չի համապատասխանում «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, այդ կերպ նաեւ օրենսդրական տեխնիկայի կանոններին: Մասնավորապես` «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի,70-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի եւ 46-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին: Այդ կապակցությամբ առաջարկում ենք.

ա) Նախագծի 1-ին հոդվածի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի մայիսի 18-ի ՀՕ-63-Ն «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետեւ՝ օրենք) 54-րդ հոդվածը  լրացնել հետեւյալ խմբագրությամբ նոր 19-րդ մասով`» բառերը փոխարինել «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի մայիսի 18-ի ՀՕ-63-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 54-րդ հոդվածը  լրացնել նոր խմբագրությամբ 19-րդ մասով`» բառերով, այդ կերպ այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի եւ70-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներին,

բ)նկատի ունենալով, որ Նախագծի 1-ին հոդվածովԲյուրոյի ( ավտոտրանuպորտային միջոցների oգտագործումից բխող պատաuխանատվության պարտադիր ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերությունների բյուրո) անդամ ապահովագրական ընկերությունների համար նախատեսվում են պարտականություններ, ուստի առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածի «հրապարակմանը հաջորդող օրվանից» բառերը փոխարինել «հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը» բառերով, այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ մասի պահանջներին:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆՊԵՏ                                                               Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարողներ` Ք.Մանուկյան, հեռ. 513-425

Հ.Սարդարյան, հեռ. 513-472