« 28 » հոկտեմբերի2011 թ. № ԻՎ-ե-165
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» (փաստաթղթային կոդ` Կ-1259-13.10.2011-ՄԱ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Օրենքի նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Նշենք, որ փորձաքննության ընթացքում ուսումնասիրվել են Օրենքի նախագծով ներկայացված ոլորտի կարգավորման իրավական հիմք հանդիսացող մի շարք միջազգային իրավական ակտեր, մասնավորապես` «Կանանց քաղաքական իրավունքների մասին» ՄԱԿ-ի Կոնվենցիան, Եվրախորհրդի Նախարարների Կոմիտեի «Գենդերային հավասարության ստանդարտների եւ մեխանիզմների մասին» Հանձնարարականը CM(2007)17, «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» ՄԱԿ-ի Կոնվենցիան եւ այլն:
Ստորեւ ներկայացնում ենք Օրենքի նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Օրենքի նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին, ինչպես նաեւ ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացած միջազգային պայմանագրերին համապատասխան:
2. Օրենքի նախագծի 1-ին հոդվածը սահմանում է` որ «Սույն օրենքը սահմանում է քաղաքական, սոցիալական, տնտեսական, մշակույթի եւ հասարակական կյանքի այլ ոլորտներում կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման երաշխիքները եւ կարգավորում է դրանց առնչությամբ ծագող հարաբերությունները», սակայն անհրաժեշտ է ենք համարում անդրադառնալ այն փաստին, որ կարգավորման առարկան սահմանող այս կարեւորագույն դրույթն ամբողջությամբ արտացոլված չէ ներկայացված Օրենքի նախագծի բովանդակության մեջ, մասնավորապես` Օրենքի նախագծով չեն սահմանվում եւ կարգավորման ոլորտներից դուրս են մնացել մշակութային ու սոցիալական ոլորտների առնչությամբ ծագող հարաբերություններում կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների կարգավորման իրավահարաբերությունները:
Ուստի, առաջարկում ենք Օրենքի նախագծի 1-ին հոդվածը համապատասխանեցնել «Իրավական» ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 7-րդ կետի պահանջներին, համաձայն որի` « Իրավական ակտը պետք է լինի լիակատար, ավարտված եւ լիովին կարգավորի ակտով նախատեuված հարաբերությունների բոլոր առանձնահատկությունները: Եթե հնարավոր կամ նպատակահարմար չէ այդ հարաբերությունների բոլոր առանձնահատկությունները կարգավորել տվյալ իրավական ակտով, ապա դրանում հղումների ձեւով կամ առանձին մաuերով պետք է uահմանվեն այն իրավական ակտերի տեuակները, որոնցով կարգավորվելու են չկարգավորված հարաբերությունները, կամ նշվեն այն իրավաuտեղծ մարմինները, որոնք պետք է կարգավորեն դրանք »:
3. Առաջարկում ենք Օրենքի նախագծի 5-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.
«Հոդված 5. Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին օրենսդրությունը
1. Գենդերային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ նորմատիվ իրավական ակտերով:
2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են գենդերային հարաբերությունները կարգավորող այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:»:
Նոր խմբագրությամբ շարադրելը նպատակ ունի Օրենքի նախագծի մասնավորապես 5-րդ հոդվածի վերնագիրը համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի պահանջներին համաձայն որի` «Ի րավական ակտի վերնագիրը պետք է համապատաuխանի իրավական ակտի բովանդակությանը եւ հակիրճ տեղեկատվություն պարունակի դրա կարգավորման առարկայի մաuին»:
4.Օրենքի նախագծի 18-րդ հոդվածի 1-ինկետով սահմանվում է` «Նորմատիվ իրավական ակտերի սոցիալական ոլորտի փորձաքննությունը ներառում է նաեւ գենդերային փորձաքննությունը», սակայն հարկ ենք համարում շեշտել, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, մասնապորապես` «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ գլխովարդեն իսկ կարգավորված է իրավական ակտերի պետական իրավական փորձաքննության իրականացման գործընթացը, որի իրավունքն էլ վերապահված է Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարությանը եւ վերջինս իրավաuտեղծ մարմին ներկայացմամբ ու որոշմամբ իրավական ակտի նախագծի որակի գնահատման նպատակով կարող է իրականացնել անկախ պաշտոնական փորձաքննություն, այն է` իրավաբանական, ֆինանuական, գիտատեխնիկական, բնապահպանական, լեզվաոճական, սակայն առկա չէ «սոցիալական ոլորտի փորձաքննության » հասկացության որպես իրավական կատեգորեայի իրավահարաբերությունների սահմանում կամ կարգավորում, որն էլ, ըստ օրինագծի հեղինակների, իր մեջ կարող էր ներառել գենդերային փորձաքննությունը եւս: Նկատի ունենալով, որ Օրենքի նախագծով առաջարկվում է իրավական ակտերի փորձաքննության նոր տեսակ, ուստի անհրաժեշտ էլրացում կատարել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածում:
Գենդերային փորձաքննության հասկացության, ինչպես նաեւ վերջինիս իրավական կարգավորւմները վերհանելու նպատակովմեր կողմից կատարվել է միջազգային փորձի ուսումնասիրություն, համաձայն որի` Դանիայի «Գենդերային հավասարության մասին» Օրենքն (2002 թվական) ընդհանրապես չի նախատեսում գենդերային փորձաքննություն, իսկ Էստոնիայի «Գենդերային հավասարության վերաբերյալ» Օրենքով (2004 թվական) առկա չէ գենդերային փորձաքննությունն որպես իրավական կատեգորեա, համաձայն այս օրենքի դրույթների` հիշյալ ոլորտը կարգավորվում է Գենդերային հավասարության Պաշտպանի Գրասենյակի ղեկավարի կողմից, որը պարտադիր պետք է լինի տվյալ ոլորտի փորձագետ, իսկ Շվեդիայի «Կանանց եւ տղամարդկանց միջեւ հավասարության մասին» Օրենքի (2000 թվական) համաձայն չնայած այն հանգամանքի, որ գոյություն ունի Գենդերային հարցերով հավասար հնարավորությունների Օմբուցմանի գրասենյակ, ինչպես նաեւ Հավասար հնարավորությունների Հանձնաժողով, սակայն հիշյալ օրենքում առկա չէ այդ մարմինների կամ մեկ այլ լիազոր մարմնի կողմից գենդերային փորձաքննության իրականացման վերաբերյալ որեւէ դրույթ:
Ելնելով վերոգրյալից, առաջարկում ենք հստակեցնել Օրենքի նախագծի 18-րդ հոդվածը, ինչպես նաեւ 3-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը:
Հարկ է նշել, որ դեռեւս 2009 թվականից Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում շրջանառության մեջ է գտնվում ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի եւ Արծրունի Աղաջանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման պետական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-422-09.01.2009): Հաշվի առնելով այն հանգամանքը, որնշված նախագիծը եւ ՀՀ կառավարության կողմից ներկայացված Օրենքի նախագիծը կարգավորում են նույնաբովանդակ հարաբերություններ, նպատակահարմար է դրանք միավորել եւ հանդես գալ մեկ միասնական նախագծով:
Առաջարկում ենք քննարկել նաեւ 2010 թվականի սեպտեմբերի 2-ից ՀՀ Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծերի փաթեթը (փաստաթղթային կոդ` Պ-934-21.06.2010, 02.09.2010-ՄԻ-010/0) Օրենքի նախագծին միավորելու հարցը:
Օրենքի նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ
Կատարողներ` Ա. Սարգսյան, հեռ. 513425
Ա. Քոչարյան, հեռ. 513-248