«22» նոյեմբերի 2011 թ.                                                                                                        ԻՎ-ե-181

ԵԶՐԱԿԱՑՈւԹՅՈւՆ

«Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-1282-10.11.2011-ՏՀ-010/0 ) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացված «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները.

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկառաջարկվող փոփոխություններն ու լրացումները համահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացած միջազգային պայմանագրերին, օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին:

1. «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է զգալիորեն փոխել արտահանման եւ ներմուծման մաքսատուրքերի սահմանման քաղաքականությունը, որի նպատակը բացառապես ֆիսկալ արդյունքի ստացումն է: Մասնավորապես,

ա) բազմաթիվ այնպիսի ապրանքների ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը, որոնք գործող Օրենսգրքով սահմանված են 0 տոկոս, առաջարկվում է դարձնել 10 տոկոս (այդ թվում` Օրենսգրքի 102-րդ հոդվածի աղյուսակից հանելով առանձին այնպիսի ապրանքներ, որոնք ներկայացված են որպես տվյալ ապրանքային խմբի առանձին ենթատեսակներ` ապրանքային ընդհանուր խմբի համար սահմանելով մաքսատուրքի 10 տոկոս դրույքաչափ), ինչպես նաեւ առաջարկվում է Օրենսգրքի 102-րդ հոդվածը լրացնել նոր ապրանքատեսակներով` դրանց համար եւս սահմանելով 10 տոկոս մաքսատուրք (այդ ապրանքների ցանկերը կցվում են),

բ) առաջարկվում է մի շարք ապրանքների համար, որոնց ներմուծման դրույքաչափը սահմանված է 0 տոկոս, առանձնացնել որպես այդ ապրանքների ապրանքային դիրքի ենթատեսակներ եւ դրանց համար սահմանել 10 տոկոս ներմուծման մաքսատուրք (օրինակ` ԱՏԳ ԱԱ-ի 43-րդ տողը վերաբերում է բ նական եւ արհեuտական մորթիներին ու դրանից պատրաստված իրերին, որի համար սահմանված է 0 տոկոս մաքսատուրք, առաջարկվում է լրացնել 43 04 00 000 տող` «Արհեստական մորթի եւ դրանից արտադրանք» անվանումով եւ սահմանել 10 տոկոս մաքսատուրք),

Այս առաջարկությունների ընդունման արդյունքում համապատասխան ապրանքատեսակների գները, բնականաբար, կբարձրանան:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                              Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ