« 25 » նոյեմբերի 2011 թ.                                                                                                  ԻՎ-ե-195

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Տեխնիկական կանոնակարգման մասին» (փաստաթղթային կոդ` 1294-23.11.2011- ՏՀ -010/0 ), «Հավատարմագրման մասին (փաստաթղթային կոդ` Կ -12941 -23.11.2011- ՏՀ -010/0 ), «Ստանդարտացման մասին» (փաստաթղթային կոդ` Կ -12942 -23.11.2011- ՏՀ -010/0 ), «Չափումների միասնականության մասին» (փաստաթղթային կոդ` Կ -12943 -23.11.2011- ՏՀ -010/0 ), «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ -12944 -23.11.2011- ՏՀ -010/0 ) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Տեխնիկական կանոնակարգման մասին», «Հավատարմագրման մասին», «Ստանդարտացման մասին», «Չափումների միասնականության մասին», «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ`Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացվում են Նախագծերի փաթեթի վերաբերյալ իրականացված փորձաքննության արդյունքները:

Նախագծերի փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, համահունչ է միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, օրենսդրական տեխնիկայի կանոններին:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

1. «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 21-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետում նշված է. «Համապատասխանության գնահատման նշանակված մարմինը պետք է սահմանի համապատասխանության գնահատման ընթացակարգի իրականացման համար վճարը», ինչը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83.5 հոդվածի պահանջներին, այն է` «Բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում` … . ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից վճարվող հարկերի, տուրքերի եւ այլ պարտադիր վճարների տեսակները, չափը, վճարման կարգը»:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության վերը նշված 83.5 հոդվածի պահանջներին հակասում է նաեւ «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 28-րդ հոդվածի 2-րդ մասը, որտեղ նշված է`«Չափման միջոցների ստուգաչափման, չափագիտական վկայագրման աշխատանքները ենթակա են վճարման` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած գներով»:

Եզրակացության 1-ին եւ 2-րդ կետերում նշված օրենքների նախագծերի համապատասխան հոդվածները պետք է համապատասխանեցվեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83.5 հոդվածի պահանջներին:

3. «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի որոշ հոդվածներ ճշտգրման կարիք ունեն: Այսպես, նախագծի 8-րդ հոդվածի 4-րդ մասի 7-րդ կետում նշված է, որ «Հավատարմագրման ազգային մարմինը … իր պարտականությունների պատշաճ կատարման համար ունի բավարար թվով իրավասու աշխատակիցներ» : Անհրաժեշտ է հստակեցնել «բավարար» հասկացությունը իմաստային եւ քանակական առումով: Նախագծի 15-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված է, որ «Համապատասխանության գնահատման մարմինները պարտավոր են … . կատարել վճարումներ հավատարմագրման ծառայությունների, գնահատումների եւ տարեկան անդամավճարների համար»: Անհրաժեշտ է հստակեցնել` ում պետք է վճարում կատարեն, ինչ կարգով եւ որքան: Նախագծի 24-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է «Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 2004 թվականի մայիսի 26-ի «Համապատասխանության գնահատման մասին» ՀՕ-82-Ն օրենքը, բացառությամբ 6-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ կետերը եւ 3-րդ գլուխը, որոնք ուժը կորցրած կճանաչվեն 2012 թվականի հուլիսի 01-ից»: Եվ սա այն դեպքում, երբ «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է. «Ուժը կորցրած ճանաչել «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի մայիսի 26-ի ՀՕ-82-Ն օրենքի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ եւ 7-րդ գլուխները», իսկ 2-րդ հոդվածում նշվում է. «Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը»:

Եզրակացության 3-րդ կետում նշված Հայաստանի Հանրապետության օրենքների երկու նախագծերում անհրաժեշտ է հստակեցնել «ուժը կորցրած ճանաչելու» դրույթները եւ համապատասխանեցնել միմյանց:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ

ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ                                                                                     Ա.ՍԱՐԳՍՅԱՆ