« 24 » փետրվարի 2012 թ.                                                                                                         ԻՎ-ե-26

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ (փաստաթղթային կոդ`Կ-1345-24.02.2012-ՊԻ-010/0)

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրականնախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթակվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան եւ առաջարկվող լրացումները համահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

2. ՀՀ օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից առաջարկում ենք հետեւյալը`

ա. Նախագծի 1-ինհոդվածից հանել «ՀՕ-247» թիվը` այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին, համաձայն որի` օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս դրանում հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են «Հայաստանի Հանրապետության» բառերը, դրա ընդունման օրը եւ օրենսգրքի վերնագիրը:

բ. Առաջարկում ենք քննարկել Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետում հայցվորից, պատասխանողից եւ երրորդ անձանցից բացի հատուկ հայցային վարույթում եւ հատուկ վարույթում հանդես եկող դիմողներին ընդգրկելու հարցը, քանի որ վերջիններս, ըստ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի, մտնում են գործին մասնակցող անձանց կազմի մեջ:

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                           Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարող` Հ. Սարդարյան, հեռ. 513-360