« 16 » մարտի2012 թ.                                                                                                    ԻՎ-ե-38

Եզրակացություն

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Կ-1355-14.03.2012-ՊԻ-010/0)

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Հարկ ենք համարում նշել, որ Նախագծերի փաթեթը կառավարության կողմից սույն թվականիN 269-Ա որոշմամբ համարվել է անհետաձգելի, Վարչություն մուտքագրվել է 2012 թվականի մարտի 15-ի աշխատանքային օրվա վերջում եւ եզրակացությունը պատրաստվել է մարտի 16-ին ժամը 1200 գլխադասային հանձնաժողովի նիստում ներկայացման եւ քննարկման համար:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք, որ Նախագծի փաթեթին կից ներկայացված չէ ազդեցության գնահատողներից uտացված եզրակացությունները.

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ (այսուհետ` Նախագիծ)

1. Նախագծով առաջարկվող դրույթի բովանդակությունը խոցելի է հետեւյալ հիմնավորմամբ` այն հակասում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) նույն փոփոխվող 445-րդ հոդվածի 1-ին մասին, համաձայն որի հիմնական պայմանագիրը, որը կողմերը պետք է կնքեն ապագայում պետք է կնքվի նախնական պայմանագրով նախատեսված պայմաններով:

2. Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն նախնական պայմանագիրը պետք է պարունակի պայմաններ, որոնք թույլ են տալիս սահմանել հիմնական պայմանագրի առարկան, ինչպես նաեւ մյուս էական պայմանները: Իսկ հիմնական պայմանագրի գինը սահմանող պայմանը Օրենսգրքի 448.1-րդ հոդվածի համաձայն էական պայման է, այլ ոչ թե «դրույթ»:

3. Առաջարկվող դրույթը հակասում է նաեւ պայմանագրի էությանն ու հասկացությանը (Օր., հոդված 436), ըստ որի պայմանագիր է համարվում երկու կամ մի քանի անձանց համաձայնությունը, որն ուղղված է քաղաքացիական իրավունքների ու պարտականությունների սահմանելուն, փոփոխելուն կամ դադարելուն:

4. Բացի այդ, հաշվի առնելով, որ Նախագծով առաջարկվող լրացումները վերաբերում են անշարժ գույքին, ուստի ենթադրվում է, որ պայմանագիրը հատուցելի է, իսկ Օրենսգրքի 440-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, պայմանագրի վճարումը կատարվում է սահմանված գնով:

5. Ավելին, Օրենսգրքի 440-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված է. «Այն դեպքերում, երբ հատուցելի պայմանագրում գին նախատեսված չէ եւ չի կարող որոշվել պայմանագրի պայմանների հիման վրա, պայմանագրի կատարումը պետք է վճարվի այն գնով, որը համեմատելի հանգամանքներում սովորաբար գանձվում է նույնանման ապրանքների, աշխատանքների, ծառայությունների համար»:

6. Տվյալ առաջարկի ընդունման դեպքում չի բացառվում, որ կողմերի միջեւ նախապես (ենթադրվում է) պայմանավորված, բայց նախնական պայմանագրում չամրագրված գինը հնարավոր է հիմնական պայմանագրով թանկանա: Մեր կարծիքով, այս խնդրի հետ է առնչվում նաեւ Նախագծի2-րդ հոդվածի 4-րդ մասը, համաձայն որի կառուցվող անշարժ գույքի վաճառքի պայմանագրով գնորդը մինչեւշինարարության սկիզբըկարող է (եթե չասենք պարտավոր է ) վճարել պայմանագրի գնից ոչ ավելի քան 20 %-ը:Տվյալ դեպքում հստակ չէ` նախնական պայմանագրային գնի ամրագրված չլինելու դեպքում, որ պայմանագրային գնի 20%-ի մասին է խոսքը:

Արդյունքում կստացվի, որ որպես կանոն պայմանագրային գնի 20 %-ը արդեն վճարած գնորդը պայմանագրի գնի թանկացման դեպքում կարող է ստիպված լինի հրաժարվել գործարքից` կրելով զգալի չափով վնասներ եւ զգալի չափով զրկվել այն բանից, որին իրավունք ուներ հավակնել պայմանագիրը կնքելիս (Օրենսգրքի 467-րդ հոդված, 2-րդ մաս, 3-րդ կետ):

7. Բացի այդ, իրավական տեսանկյունից, գնորդը նման չհաջողված գործարքի եւ վնասների փոխարեն կարող էր այդ գումարը ներդնել մեկ այլ հաջողված գործարքի մեջ կամ ներդնել այլ եկամուտ ստանալու համար: Նախագծում հիշատակված առաջարկի ընդունման դեպքում հնարավոր է նաեւ դատական վեճերի եւ արդարացի դժգոհությունների զգալի ավելացում:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉԿ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ