«11»հուլիսի 2012 թ.                                                                          ԻՎ-ե-14

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Գյուղատնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-014-23.06.2012-ԳԲ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Բալասանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գյուղատնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները.

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացած միջազգային պայմանագրերին համապատասխան:

1. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից առաջարկում ենք Նախագծի`

1.1. առաջին էջի ամենավերեւի աջ անկյունում հայերենի փոքրատառերով գրված «Նախագիծ» բառը համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջին, համաձայն որի. «Իրավական ակտերի նախագծերի առաջին էջի ամենավերեւի աջ անկյունում պետք է գրվի «ՆԱԽԱԳԻԾ» բառը:»,

1.2. վերնագրի «Գյուղատնտեսության մասին» բառերը փոխարինել «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» բառերով, այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին, համաձայն որի «Իրավական ակտի վերնագիրը գրվում է մեծատառերով:»,

1.3. 3-րդ, 4-րդ եւ այլ հոդվածներումօգտագործվող «պետության լիազոր մարմնի», «պետական կառավարման լիազորված մարմինները» բառակապակցությունները համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին, ըստ որի` «Հայաuտանի Հանրապետության oրենքներում, Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումներում Հայաuտանի Հանրապետության Uահմանադրությամբ ուղղակիորեն չնախատեuված պետական կառավարման մարմնի ղեկավարի անվան փոխարեն նշվում են «Հայաuտանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը» բառերը:

2.Առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի`

2.1. 1-ին եւ3-րդ կետերից հանել  «մշակմանը, վերամշակմանը» եւ «ինչպես նաեւ սեփական արտադրության հումքի եւ մթերքի մշակմամբ եւ (կամ) վերամշակմամբ» բառերը:Համանման փոփոխություններ կատարել նաեւ  Նախագծի ամբողջ տեքստում,

2.2. 5-րդեւ 6-րդ կետերի «գյուղատնտեսական հումքի եւ մթերքի մշակում» եւ«գյուղատնտեսական հումքի եւ մթերքի վերամշակում»հասկացություններում ամրագրված «էական չի փոփոխվում» եւ «զգալիորեն փոփոխվում է» բառերը, ինչպես նաեւ Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի «գոտիական մասնագիտացում» եւ 10-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի «սեզոնային քվոտավորում» բառերը հստակեցնել:

3. Նախագծի 8-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը գյուղատնտեսության եւ գյուղի զարգացման բնագավառներում «իրականացնում է սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով վերապահված լիազորություններ», ինչը մեր կարծիքով հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 89-րդ հոդվածի 8-րդ կետի պահանջին, համաձայն որի Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրականացնում է Սահմանադրությամբ եւ օրենքներով սահմանված գործառույթներ ու լիազորություններ:

4. Հստակեցման կարիք ունեն նաեւ Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվող ագրարային քաղաքականութան իրականացման միջոցները` գործնական կիրառելիության տեսանկյունից: Մասնավորապես, խոսքը վերաբերում էնշված հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ եւ 5-րդ կետերին: Ինչ վերաբերում է նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանվող գյուղատնտեսական ապրանք արտադրողների նկատմամբ հատուկ (բարենպաստ) հարկային քաղաքականության կիրառմանը, ապա պետք է նշել, որ ՀՀ օրենսդրությամբ («Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքով` հոդված 11), «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքով` հոդված 36), (ՀՀ մաքսային օրենսգրքով` հոդված 102) արդեն իսկ սահմանված են որոշակի արտոնություններ հիշյալ ոլորտի նկատմամբ:Այս առումով, եթե խոսքը վերաբերում է նոր արտոնություններին, ապա անհրաժեշտ է, որ դրանք հստակ ներկայացվենհամապատասխան օրենքի նախագծով:

5. Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսվող հատուկ (բարենպաստ) մաքսային քաղաքականության կիրառման կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արդեն իսկ կիրառվում են մի շարք արտոնություններ, մասնավորապես, գյուղատնտեսության մեջ օգտագործվող գրեթե բոլոր սարքավորումների, ինչպես նաեւ մի շարք սերմացուների եւ հատիկաբույսերի ներմուծումն ազատված է ինչպես մաքսատուրքի, այնպես էլ՝ ավելացված արժեքի հարկի վճարումից:

6. Առաջարկում ենք քննարկել Նախագծի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համահունչ դարձնելու հարցը, նկատի ունենալով, որդրամավարկային քաղաքականությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը:

7. Նախագծի 16-րդ հոդվածի 2-րդմասի համաձայն «Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեկամսյա ժամկետում քննարկում եւ հաստատում է ազգային զեկույցը:», մինչդեռ Նախագծում չի խոսվում այն դեպքերի մասին, երբ ազգային զեկույցը չի արժանանում ՀՀ կառավարության հավանությանը: Ազգային զեկույցը Ազգային ժողով ներկայացնելու եւ հերթական նիստում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի կողմից ներկայացվող ազգային զեկույցի մասին հաշվետվությունը լսելու Նախագծում ամրագրված դրույթները, մեր կարծիքով խնդրահարույց են եւ լրացուցիչ հիմնավորման կարիք ունեն:

8. Առաջարկում ենք քննարկել`

8.1. 18-րդ հոդվածը Նախագծից հանելու հարցը, նկատի ունենալով, որ պետական աջակցությամբ գյուղատնտեսական ոլորտի ապահովագրության իրականացումը եւ պետության կողմից ապահովագրական վճարների սուբսիդավորումը կիրառելի չէ նաեւ միջազգային պրակտիկայում, 8.2. Նախագծի 22-րդ հոդվածի 2-րդ մասի «պաշտոնական վիճակագրական տեղեկատվական պետական մարմնի» բառերը «պետական վիճակագրություն իրականացնող մարմնի» բառերով փոխարինելու հարցը»,

8.3. 23-րդ հոդվածը Նախագծից հանելու հարցը, քանի որ գյուղատնտեսության ոլորտում պաշտոնական վիճակագրության վարումն արդեն իսկ կարգավորվում է 2008 թվականի նոյեմբերի 27-ին ընդունված «Գյուղատնտեսական համատարած հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, որի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գյուղատնտեսական հաշվառումն անցկացվում է յուրաքանչյուր տասը տարին մեկ անգամ, իսկ 2-րդ մասի համաձայն՝ գյուղատնտեսական հաշվառումն անցկացնելու մասին որոշումը, որով սահմանվում է գյուղատնտեսական հաշվառման անցկացման ժամկետը, ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը  ոչ ուշ,  քան  գյուղատնտեսական հաշվառումն սկսելուց 1 տարի առաջ:

9. 24-րդ հոդվածի 1-ին մասն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին եւ շարադրել նոր խմբագրությամբ հետեւյալ բովանդակությամբ. « Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանհաջորդող տասներորդ օրը:»:

10. Առաջարկում ենք Նախագծից հանել 24-րդ հոդվածի 2-րդ մասը, քանի որ այն հակասում է «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1.1-ին եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի  47-րդ հոդվածի 4.2-րդ մասերի պահանջներին` նկատի ունենալով, որ Ազգային ժողովի պատգամավորի ներկայացրած oրենքի նախագծի դեպքում այլ ակտերի ընդունման ժամկետը նշվում է ՀՀ կառավարության կողմից ներկայացվող եզրակացությունում:

Նախագծի վերաբերյալ կան նաեւ այլ դիտողություններ, որոնք կներկայացվեն աշխատանքային կարգով:

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆՊԵՏ`                                          Ս.ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարողներ`

Լ. Աբովյան հեռ. 513 485
Ք.Մանուկյան հեռ. 513 425
Ք. Պետրոսյան հեռ. 513 489