«11»հուլիսի 2012 թ.                                                                                             ԻՎ-ե-15

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման եւ պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-015-23.06.2012-ՏՀ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Բալասանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման եւ պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծիվերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները.Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին , Հայաստանի Հանրապետության Սահամանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերինհամապատասխան:

1. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից առաջարկում ենք Նախագծի`

1.1. առաջին էջի ամենավերեւի աջ անկյունում հայերենի փոքրատառերով գրված «Նախագիծ» բառըհամապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջին, համաձայն որի` «Իրավական ակտերի նախագծերի առաջին էջի ամենավերեւի աջ անկյունում պետք է գրվի «ՆԱԽԱԳԻԾ» բառը:»,

1.2. վերնագրի « Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման եւ պետական աջակցության մասին » բառերը փոխարինել «ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» բառերով, այն համապատասխանեցնելով«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին, համաձայն որի` «Իրավական ակտի վերնագիրը գրվում է մեծատառերով»:

2. Նախագծով կարգավորվող հարաբերությունները, որոշակի հարցերի հետ կապված, առնչվում են տարբեր ոլորտների հետ, որոնք կարգավորված են առանձին օրենքներով եւ չնայած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան ներկայացված է տեղեկանք այլ օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու անհրաժեշտության բացակայության մասին, այնուամենայնիվ, անհրաժեշտ է համապատասխան լրացումներ եւ փոփոխություններ կատարել «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում եւ համապատասխան ոլորտները կարգավորող այլ օրենքներում:

Ինչ վերաբերում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից փոքր ու միջին ձեռնարկատիրություններին ցուցաբերվող աջակցության մեխանիզմները Նախագծում ամրագրելուն, ապա հարկ է նշել, որ ըստ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, վերջիններս նման իրավասություն ունեն` կապված համայնքի կարողությունից: Բացի այդ, տեղական ինքնակառավարման մարմիններն ինքնուրույն գործող սուբյեկտներ են եւ իրենք են որոշում իրենց բյուջեների միջոցների բաշխումը:

3. Նախագծի 9-րդ հոդվածի 5-րդ մասը չի համապատասխանում «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջին, քանի որ փոքր ու միջին ձեռնարկատիրությունների ոլորտում պետական վիճակագրական դիտարկումներին վերաբերող դրույթները կարգավորված են նշվածօրենքով եւ պաշտոնական վիճակագրության բնագավառը կարգավորող այլ օրենքներով ու ենթաօրենսդրական ակտերով:

4. Նախագծի 15-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների աջակցության ենթակառուցվածքը ներառող «ձեռնարկատիրության զարգացման կենտրոններն ու գործակալությունները» եւ մյուս կազմակերպությունները լրացուցիչ պարզաբանման կարիք ունեն, քանի որհստակեցվածչէ այդ կազմակերպությունների կողմից իրականացվող գործառույթները:

5. Չնայած եզրակացության նկարագրական մասում նշվել է, որ Նախագիծը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, այնուամենայնիվ, առաջարկում ենք քննարկել Նախագծի 18-րդ հոդվածի 1-ին մասը Հայաստանի Հանրապետության Սահամանադրության 104.1-րդ եւ 105-րդ հոդվածներին, ինչպես նաեւ  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխանեցնելու հարցը, նկատի ունենալով, որ համայնքն ունի սեփականության եւ գույքային այլ իրավունքներ եւ այն կառավարելու, տնօրինելու, համայնքային նշանակության հարցեր լուծելու եւ համայնքի պահանջմունքների բավարարմանն ուղղված այլ լիազորությունները համայնքն իրականացնում է որպես սեփական լիազորություններ:

6. Նախագծում կան այնպիսի ձեւակերպումներ, որոնք կիրառելի չեն Հայաստանի Հանրապետության օրենսդրության եւ տեղական ինքնակառավարման տեսանկյունից: Օրինակ, «մունիցիպալ ծրագրեր, մունիցիպալ կարիք, մունիցիպալ ֆոնդ, մունիցիպալ երաշխիքներ, մունիցիպալ գույք, մունիցիպալ տեղեկատվական համակարգ եւ այլն»:

7. Նախագծի 25-րդ հոդվածում ամրագրված է, որ «Գյուղատնտեսական գործունեություն իրականացնող, ինչպես նաեւ գյուղատնտեսական ապրանքարտադրող համարվող փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների աջակցությունն իրականացվում է սույն օրենքով...» եւ փաստորեն հղում է կատարվումդեռեւս չընդունված օրենքների վրա:

8. Առաջարկում ենքՆախագծից հանել 26-րդ հոդվածի 1-ին մասը, քանի որ այն հակասում է «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1.1-ին եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի  47-րդ հոդվածի 4.2-րդ մասերի պահանջներին` նկատի ունենալով, որ Ազգային ժողովի պատգամավորի ներկայացրած oրենքի նախագծի դեպքում այլ ակտերի ընդունման ժամկետը նշվում է ՀՀ կառավարության կողմիցներկայացվող եզրակացությունում:

9. Չնայած «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ` « Նորմատիվ իրավական այն ակտը, որում ուժի մեջ մտնելու ժամկետ նախատեuված չէ, ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տաuներորդ oրը:», այնուամենայնիվ առաջարկում ենք քննարկել օրենքն ուժի մեջ մտնելու դրույթը Նախագծի 26-րդ հոդվածում ամրագրելու հարցը:

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                       Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարողներ`    Ա. Քոչարյան, հեռ. 513-248

Լ. Աբովյան,հեռ. 513-485

Ս. Մուրադյան, հեռ. 513-472