«06»սեպտեմբերի 2012 թ.                                                                                                      ԻՎ-ե-51

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-055-24.08.2012-ՊԻ-010/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-0551 -24.08.2012-ՊԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2012 թվականի ապրիլի 16-ին (Կ-1377-16.04.2012-ՊԻ-010/0 եւ Կ-13771 -16.04.2012-ՊԻ-010/0) փաստաթղթային կոդերով պաշտոնական շրջանառության մեջ դրված եւ Նախագծի վերաբերյալ 2012 թվականի ապրիլի 26-ին (ԻՎ-ե-47 ) մեր կողմից տրված եզրակացությունը, նկատի ունենալով, որ շրջանառության մեջ դրված նոր նախագծով որեւէ փոփոխություն կամ լրացում չի կատարվել:

1. Նախագծերի փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ Նախագծով առաջարկվող փոփոխություններն ու լրացումները համահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացած միջազգային պայմանագրերին:

2. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները`

2.1. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի առաջին էջի վերեւի աջ անկյունում հայերենի փոքրատառերով գրված «Նախագիծ» բառն առաջարկում ենք համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջին, համաձայն որի. «Իրավական ակտերի նախագծերի առաջին էջի ամենավերեւի աջ անկյունում պետք է գրվի «ՆԱԽԱԳԻԾ» բառը:»:

Նույն խնդիրն առկա է նաեւ Նախագծերի փաթեթում ներառված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում:

2.2. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` նաեւ Նախագիծ) 2-րդ հոդվածի «շարադրել հետեւյալ խմբագրությամբ.» բառերն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջին, համաձայն որի` իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին` բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մաuեր, կետեր, պարբերություններ կամ նախադաuություններ նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով (տես` նաեւ Նախագծի 1-ին հոդվածը):

3. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի հավելված 1-ի համաձայն վարչական պատասխանատվություն է նախատեվում 0-ից մինչեւ 0,1 գրամ ներառյալ` մանր չափի «Ալիլպրոդին» տեսակի թմրամիջոցի համար, մինչդեռ, «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի հավելված թիվ 1-ի համաձայն քրեական պատասխանատվություն է նախատեվում 0,1-ից մինչեւ 0,5 գրամ ներառյալ` զգալի չափի «Ալիլպրոդին» տեսակի թմրամիջոցի համար: Նկատի ունենալով, որ նշված` 0,1 գրամ չափերը ամրագրված են տարբեր օրենսգրքերի հավելվածներում, մի դեպքում մանր, իսկ մյուս դեպքում զգալի չափի, ուստի, մեր կարծիքով, իրավակիրառ պրակտիկայում դրանք կարող են ոչ ճիշտ ընկալման կամ մեկնաբանման տեղիք տալ: Նույն խնդիրն առկա է նաեւ վերը նշված օրենսգրքերի հավելվածներում ամրագրված այլ տեսակի թմրամիջոցների չափերին, ինչպես նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի Հավելված թիվ 1-ի զգալի ներառյալ չափի գրամների եւ խոշոր սկզբնական չափի գրամների հետ:

Տարաբնույթ մեկնաբանություններից եւ չարաշահումներից զերծ մնալու նպատակով առաջարկում ենք քննարկել վերը նշված հավելվածները վերախմբագրելու հարցը, այդ կերպ այն համահունչ դարձնել Նախագծերի փաթեթով առաջարկվող Հավելված թիվ 2-ին, որով նախատեսված են մշակումն արգելված` թմրանյութեր, հոգեմետ ( հոգեներգործուն ) նյութեր պարունակող բույսերի, մասնավորապես, Երկնագույն լոտոս տեսակի բույսի մանր (5 հատ) եւ զգալի (6-9 հատ) չափերը եւ Հավելված թիվ 5-ին որով նախատեսված են մշակումն արգելված` թմրանյութեր, հոգեմետ ( հոգեներգործուն ) նյութեր պարունակող բույսերի, մասնավորապես, Երկնագույն լոտոս տեսակի բույսի խոշոր (10-100 հատ) եւ առանձնապես խոշոր (ավելի քան 100 հատ) չափերը:

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                    Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարող` Ք. Գեովշանյան, հեռ. 513-636