«10»սեպտեմբերի 2012 թ. ԻՎ-ե-56
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-067-04.09.2012-ԱՀ-010/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում :
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Ն ախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին, ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխան:
2. Միջազգային իրավունքում միջազգային իրավական ճանաչման ինստիտուտն ընկալվում է որպես որեւէ պետության արձագանք նոր պետության առաջացման եւ վերջինիս միջազգային իրավասուբյեկտություն հաղորդելու վերաբերյալ: Հատկանշական է, որ միջազգային իրավական ճանաչման առնվազն երկու տեսակներ իրենց ամրագրումն են ստացել ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 1989 թվականի դեկտեմբերի 1-ի թիվ 1650-XI որոշման մեջ, դրանք են` պետության ճանաչումը եւ կառավարության կամ պետության իշխանության ճանաչումը:
Անհրաժեշտ է ընդգծել, որ նախկին Հայկական ԽՍՀ Սահմանադրության 98-րդ հոդվածի համաձայն` Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը հանդիսանում էր Հայկական ԽՍՀ պետական իշխանության բարձրագույն մարմին, որն իրավազոր էր լուծելու Հայկական ԽՍՀ տնօրինությանը վերապահված բոլոր հարցերը:
ՀԽՍՀ Գերագույն խորհրդի հիշատակված որոշման 1-ին կետի համաձայն. «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ինքնորոշման փաստը...», իսկ նույն որոշման 2-րդ կետով սահմանվում է, որ «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի լիազոր ներկայացուցիչների համագումարը եւ նրա ընտրած Ազգային խորհուրդը որպես մարզի ներկայումս գործող միակ իշխանությունը»:
Ընդ որում, հարկ է նշել, որ հիշյալ որոշումն ուժը կորցրած չի ճանաչվել եւ կարծում ենք խնդրո առարկայի կապակցությամբ գերկարգավորվածությունը կամ կրկնակի կարգավորումը ոչ նպատակահարմար է, հատկապես Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի 2005 թվականի հունվարի 25-ի թիվ 1416 բանաձեւով ամրագրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ընդունելի ու մերժելի ուղիների վերաբերյալ սկզբունքների իրացման շրջանակում:
3. Հայաստանի Հանրապետությունը միջազգային գործընթացներում ներգրավված երկիր է, անդամակցում է մի շարք միջազգային կազմակերպությունների եւ ստանձնել է որոշակի պարտավորություններ, այդ թվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված: Այդ կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միակողմանի ճանաչումով Հայաստանի Հանրապետությունը ձեռք կբերի ոչ վստահելի եւ ոչ կանխատեսելի գործընկերոջ համարում` համապատասխան հետեւանքներով, ընդհուպ մինչեւ այդ գործընթացներից դուրս մղում: Բացի այդ, ԼՂՀ ճանաչումն ինքնանպատակ չի կարող լինել եւ այն պետք է իրականացվի միայն այն դեպքում, երբ դա կունենա առավելագույն արդյունավետություն` նկատի ունենալով, որ այդ հարցը իրադարձությունների անկանխատեսելիզարգացման դեպքում մնում է որպես պահեստային միջոց:
4. ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետի պահանջներին համապատասխան` ՀՀ Նախագահը ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը միջազգային հարաբերություններում եւ իրականացնում է արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումը: ՀՀ իրավական համակարգում ձեւավորված իրավակիրառ պրակտիկայում միջազգային իրավական ճանաչումն իրականացվում է ՀՀ Նախագահի կողմից դեստինատոր (հասցեատեր) պետության ղեկավարին համապատասխան ուղերձի հղման եղանակով: Այսպես, օրինակ, ՀՀ Նախագահը 2006 թվականի հունիսի 14-ին ուղերձով դիմել է Մոնտենեգրոյի Հանրապետության նախագահին` ճանաչելով Մոնտենեգրոյի Հանրապետությունը որպես անկախ եւ ինքնիշխան պետություն` հայտնելով դիվանագիտական հարաբերությունների հաստատման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ միջազգային իրավական ճանաչումը համարվում է միջազգային հարաբերությունների կարեւոր եւ առանցքային տարրերից, ուստի առաջարկում ենք Նախագծով ներկայացված դրույթը քննարկել ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետի համապատասխանության տեսանկյունից:
Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ չկան :
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ
Կատարողներ` Ս.Համբարձումյան, հեռ. 513-650
Ա. Մխիթարյան, հեռ. 513-273
Ք. Պետրոսյան, հեռ. 513-489