«08» հոկտեմբերի 2012 թ.                                                                                                   ԻՎ-ե-91

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-083-14.09.2012-ՊԻ-010/0), «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-0831 -14.09.2012-ՊԻ-010/0) եւ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (փաստաթղթային կոդ` Կ-0832 -14.09.2012-ՊԻ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Չնայած խ մբային հայցի հիման վրա գործերի քննությունը առանձնահատուկ նշանակություն ունի անորոշ թվով համահայցվորների իրավունքների պաշտպանության տեսանկյունից, այդուհանդերձ, Նախագծերի փաթեթով առաջարկվող լրացումները թերի են, չունեն այն առանձնահատկությունները, որով խմբային հայցը կտարբերվի անհատական եւ համահայցվորների կողմից ներկայացվող հայցերից, մասնավորապես` Նախագծերի փաթեթով առաջարկվող լրացումները հիմնականում կրկնում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի ընդհանուր հայցային վարույթին վերաբերող դրույթները:

Կարեւորելով խմբային հայցի հիման վրա գործի քննության ինստիտուտի ներդրումը քաղաքացիական եւ վարչական դատավարությունում` ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.Նախագծերի փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին, ինչպես նաեւ ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխան:

2. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ առաջարկում ենք.

2.1. քննարկել Նախագծում խմբային հայցի փոխարենխմբային հայցի հիման վրա վարույթի առանձին տեսակ նախատեսելու հարցը` նկատի ունենալով, որ Նախագիծը թվարկում է ոչ թե հայցին, այլ վարույթին բնորոշ առանձնահատկություններ,

2.2. Նախագիծը լրացնել «Անձանց խմբերի իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության նպատակով խմբային հայցի հիման վրա գործերի վարույթը» վերտառությամբ 22.3-րդ գլխով,

2.3. քննարկել Նախագծում խմբային հայց ներկայացնելու իրավունք ունեցող սուբյեկտներին նախատեսելու հարցը` նկատի ունենալով, որ խմբային հայց կարող են ներկայացնել նաեւ խմբի անդամ չհանդիսացող եւ այլ անձանց իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությամբ հանդես գալու իրավունք ունեցող քաղաքացիներն ու իրավաբանական անձինք ,

2.4. Նախագծում նախատեսել լրացուցիչ պայմաններ, որոնց միաժամանակյա առկայության դեպքում վարույթ կհարուցվի: Որպես այդպիսին հարկ է նշել նաեւ անհատական հայցի հիման վրա գործի քննության աննպատակահարմարությունը խմբի այլ անդամների իրավունքների պաշտպանության տեսանկյունից,

2.5. Նախագծի «ԽՄԲԱՅԻՆ ՀԱՅՑՈՎ ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ» վերտառությամբ 96.1-րդ հոդվածի 1-ին մասի «30» թիվը փոխարինել ավելի փոքր թվով, քանի որ Նախագծով նախատեսված համահայցվորների թիվը Հայաստանի Հանրապետության բնակչության թվի համեմատությամբ չափազանց մեծ է: Նույն խնդիրն առկա է նաեւ Նախագծերի փաթեթում ներառված «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում,

2.6. նախատեսել բոլոր հնարավոր այն ոլորտները, որոնց կապակցությամբ կարող է խմբային հայց ներկայացվել` նկատի ունենալով, որ խմբային հայցերը հիմնականում ներկայացվում են սպառողների իրավունքների պաշտպանության, բժշկական օգնության եւ առողջության պահպանման, բազմաբնակարան շենքների եւ անշարժ գույք հանդիսացող այլ օբյեկտների շինարարության, կրթության, սոցիալական, այդ թվում` կենսաթոշակային ապահովության եւ այլ ոլորտներում: Ընդ որում, կախված ոլորտից` խմբային հայցը կներկայացվի քաղաքացիական կամ վարչական դատավարության կարգով,

2.7. քննարկել Նախագծում վարույթի ընթացքում խմբային հայցին նոր շահագրգիռ անձանց միանալու եւ դրանից հրաժարվելու ընթացակարգեր ներառելու հարցը,

2.8. Նախագծում նախատեսել համապատասխան դրույթներ խմբային հայցով ներկայացուցչի լիազորությունները դադարեցնելու դեպքում գործի քննությունը հետաձգելու մասին մինչեւ նոր ներկայացուցչի նշանակումը,

2.9. Նախագծում դրույթներ նախատեսել խմբային հայցով հայցվորների իրավունքների, այդ թվում` գործի նյութերին ծանոթանալու իրավունքի վերաբերյալ,

2.10. Նախագծի 96.2-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 96.3-րդ հոդվածի իրավակարգավորումից բխում է, որ ընդհանուր կանոնի համաձայն` խմբային հայցով ներկայացուցիչ կարող է լինել խմբային հայցի ցանկացած հայցվոր` հաշվի առնելով «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի բացառությունները: Սակայն անդրադառնալով «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածին` պարզ է դառնում, որ ընդհանուր կանոնի համաձայն` դատարանում ներկայացուցչություն կարող է իրականացնել միայն փաստաբանը, իսկ առանձին բացառություններով` նաեւ այլ անձը: Թեեւ դա ուղղակիորեն բխում է«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի պահանջներից, այդուհանդեձ, կարծում ենք, որ այդպիսի սահմանափակումը անհարկի կխոչընդոտի խմբային հայցով հայցվորների իրավունքների պաշտպանությանը: Ուստի առաջարկում ենք որպես խմբային հայցերով ներկայացուցիչ հանդես գալու իրավունքն առանց բացառության վերապահել խմբային հայցով յուրաքանչյուր հայցվորի,

2.11. Նախագծի 96.1-ին եւ 96.5-րդ հոդվածների միջեւ առկա է ուղղման ենթակա անհամապատասխանություն: Մասնավորապես` Նախագծի 96.1-ին հոդվածում խոսվում է «առնվազն 30-ը գերազանցող համահայցվորների» թվի մասին, իսկ Նախագծի 96.5-րդ հոդվածում` համահայցվորների 30 եւ ավելի թվի մասին,

2.12. քննարկել «ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐԸ», «ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌԸ» եւ «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ» վերտառությամբ 96.8.-րդ, 96.9.-րդ եւ 96.10.-րդ հոդվածները նոր խմբագրությամբ «ԽՄԲԱՅԻՆ ՀԱՅՑՈՎ ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐԸ», «ԽՄԲԱՅԻՆ ՀԱՅՑՈՎ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌԸ» եւ«ԽՄԲԱՅԻՆ ՀԱՅՑՈՎ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ» շարադրելու հարցը` նկատի ունենալով, որ նախ Նախագծով առաջարկվել է Օրենսգիրքը լրացնել «ԽՄԲԱՅԻՆ ՀԱՅՑ» վերտառությամբ 13.1.-րդ գլխով եւ երկրորդ` Օրենսգրքի 11-րդ, 20-րդ գլուխները համապատասխանաբար վերաբերում ենդատական ծանուցումներին եւ դատական վճիռներին, իսկ 140.1.-րդ հոդվածը դատական ակտերի բողոքարկմանը : Բացի այդ, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի համաձայն` «Իրավական ակտի վերնագիրը պետք է համապատասխանիդրա բովանդակությանը եւ հակիրճ տեղեկատվություն պարունակի դրա կարգավորման առարկայի մասին»:

3. Նախագծում բացակայում է խմբային հայցի ինստիտուտի առանձնահատկություններին բնորոշ դատական ծախսերի բաշխման կարգը:

4. «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

4.1. Առաջարկում ենք Նախագծում նույնպես նախատեսել խմբային հայցի հիման վրա առանձին վարույթ` նշելով այն ոլորտները, որոնց կապակցությամբ կարող է խմբային հայց ներկայացվել (տե՛ս եզրակացության 2.6. կետը):

5. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ չկան:

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                    Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարողներ`Կ. Հարությունյան հեռ.513-459
Հ.Սարդարյան հեռ. 513-360
Լ. Աբովյան հեռ. 513-485