«23» հոկտեմբերի 2012 թ.                                                                                            ԻՎ-ե-103

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-111-08.10.2012-ՏՀ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածին պահանջներին համապատասխան եւ համահունչ է միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

2. Նախագիծը ներկայացվել է «Պետական գույքի կառավարման մասին» վերտառությամբ, այն դեպքում, երբ դրա բովանդակությունը շատ ավելի լայն է եւ ընդգրկում է պետական գույքի ոչ միայն կառավարման (ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` տիրապետման եւ օգտագործման), այլեւ դրա տնօրինման հետ կապված հարաբերությունների կարգավորման նորմեր, այսինքն` վերաբերում է պետական գույքի սեփականության հետ կապված հարաբերությունների ողջ սպեկտրին: Այս առումով որոշակի խնդիրներ են առաջանում, մասնավորապես`

ա) Նախագծի վերնագիրը, ըստ էության, ամբողջությամբ չի համապատասխանում դրա բովանդակությանը, իսկ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` « … Իրավական ակտի վերնագիրը պետք է համապատաuխանի իրավական ակտի բովանդակությանը եւ հակիրճ տեղեկատվություն պարունակի դրա կարգավորման առարկայի մաuին:»,

բ) Նախագծում, պետական գույքի կառավարման հարցերի հետ միաժամանակ, սահմանվում են նաեւ այդ գույքի օտարման տարբեր ձեւերի հետ կապված մի շարք նորմեր, որոնք կարգավորված են «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքով:

Այդ կապակցությամբ անհրաժեշտ է կամ Նախագծի վերնագիրը համապատասխանեցնել դրա բովանդակությանը (որպես տարբերակ առաջարկում ենք այն վերնագրել «Պետական սեփականության մասին»), կամ էլ վերաիմաստավորել տվյալ Նախագծով որդեգրված մոտեցումը, մասնավորապես` Նախագծի վերնագիրը թողնել նույնը, իսկ Նախագծի տեքստից հանել պետական գույքի օտարման հետ կապված բոլոր նորմերը, իսկ եթե օտարման հետ կապված կան այնպիսի մոտեցումներ, որոնք բացակայում են «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքում, ապա այդ նորմերը կարելի է լրացնել տվյալ օրենքում: Մեր կարծիքով, նպատակահարմար է կիրառել երկրորդ մոտեցումը, քանի որ պետական գույքի մասնավորեցման հարաբերություններն արդեն իսկ կարգավորված են օրենքով՝ առանձին եւ առավել մանրամասն, ուստի տվյալ Նախագծով սահմանվող նորմերն էականորեն որեւէ բան չեն փոխում, իսկ որոշ դեպքերում էլ հակասում են «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքին:

3. Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասը «Հայաuտանի Հանրապետության» բառերից հետո լրացնել «վավերացված» բառով (տե՛ս ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 4-րդ մասը), իսկ 3-րդ մասի «այլ պետական» բառերը փոխարինել «պետական այլ» բառերով:

4. Նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է, որ. «Պետական գույքային հարաբերությունները կանոնակարգող լիազորությունները պետական գույքի կառավարման լիազորված մարմնի եւ այլ պետական մարմինների միջեւ բաշխվում են սույն օրենքին եւ պետական գույքային հարաբերությունները կանոնակարգող այլ նորմատիվ իրավական ակտերին համապատասխան:», այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասում հստակ ամրագրված է պետական մարմինների լիազորությունները միայն օրենքով սահմանելու նորմ, ըստ որի. «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինքիրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:»:

Հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ Նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ մասը ըստ էության իրավական ծանրաբեռնվածություն չի կրում, առաջարկում ենք Նախագծից հանել:

5. Առաջարկում ենք Նախագծից հանել «ՕՐԵՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ» վերտառությամբ, ընդամենը մեկ հոդված պարունակող՝ 2-րդ գլուխը, որի բովանդակությունը չի համապատասխանում ոչ տվյալ գլխի, ոչ էլ տվյալ հոդվածի վերնագրին, քանի որ դրանով սահմանվում է, թե որոնք են հանդիսանում պետությանը սեփականության իրավունքով պատկանող անշարժ եւ շարժական գույքը, որը մեր կարծիքով համասեռ է Նախագծի 1-ին գլխին: Բացի այդ չեն պահպանվել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, ըստ որի. « Զգալի ծավալով իրավական ակտերի` բովանդակությամբ համաuեռ հոդվածները (կետերը) միավորվում են գլուխներում: … Բաժինների եւ գլուխների վերնագրերը պետք է համապատաuխանեն դրանց բովանդակությանը:»:

Նույն խնդիրն առկա է Նախագծի «ՊԵՏԱԿԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ» վերտառությամբ մեկ հոդվածից բաղկացած 6-րդ գլխին եւ «ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ» վերտառությամբ մեկ հոդվածից բաղկացած 7-րդ գլխին:

6. Նախագծի 6-րդ եւ 7-րդ հոդվածների վերնագրերում նշվում է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կառավարության եւ պետական գույքի կառավարման ոլորտում լիազորված մարմնի «իրավասությունները», ինչը ենթադրում է համապատասխան իրավունքների ու պարտականությունների ամրագրում, մինչդեռ, նշված հոդվածներում խոսք է գնում այդ մարմինների «գործառույթների» եւ «իրավասությունների» մասին, այսինքն` նշված հոդվածների վերնագրերը նույնպես չեն համապատասխանում դրանց բովանդակությանը, ինչն էլ իր հերթին հակասում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին, ըստ որի. « … Հոդվածների վերնագրերը պետք է համապատաuխանեն հոդվածների բովանդակությանը: »: Պահպանված չեն նաեւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները, համաձայն որի. « Նորմատիվ իրավական ակտում միեւնույն հաuկացությունը uահմանելիu կամ միեւնույն միտքն արտահայտելիu պետք է կիրառվեն միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ: Իրավական ակտում տարբեր հաuկացությունները չեն կարող oգտագործվել միեւնույն տերմինով:»:

Բացի այդ, Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով սահմանվում է, որ պետական գույքի կառավարման ոլորտում լիազորված մարմինը. « իրականացնում է պետական գույքի կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ լիազորություններ: », ինչը նույնպես հակասում է ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասին: Այդ կապակցությամբ անհրաժեշտ է 13-րդ կետի « Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերը փոխարինել «օրենքով» բառով :

7. Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասի`

ա) 3-րդ կետով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը. «հաստատում է պետական գույքի գնահատման կարգերը», ինչը որոշակի խնդիրներ է առաջացնում: Մասնավորապես, ոչ միայն պետական, այլեւ ընդհանուր առմամբ անշարժ գույքի գնահատումը (բացառությամբ պետական գույքի մաuնավորեցման հարաբերությունները կարգավորող իրավական ակտերով uահմանված դեպքերի) իրականացվում է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-189 օրենքի հիման վրա, որն էլ Հայաստանի Հանրապետության կառավարության համար նախատեսում է ոչ թե կարգի կամ կարգերի, այլ «անշարժ գույքի գնահատման uտանդարտի» հաստատում, որը պարունակում է՝

1) անշարժ գույքի նկատմամբ իրավունքները, քանակական եւ որակական բնութագրերը,

2) անշարժ գույքի գնահատման մեթոդները,

3) անշարժ գույքի գնահատման արդյունքների ձեւակերպման նկատմամբ պահանջները,

4) հղումներն այլ նորմատիվ իրավական ակտերին,

5) գնահատողի վարքագծին ներկայացվող պահանջները:

Նույն խնդիրն առկաէ նաեւ Նախագծի 16-րդ հոդվածում:

Այս կապակցությամբ առաջարկում ենքհանել Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը կամ այն քննարկել «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համատեքստում:

բ) 6-րդ կետով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը. «սահմանում է պետական գույքի օտարման կարգը», այն դեպքում, երբ մասնավորեցման (սեփականաշնորհման) միջոցով պետական գույքի օտարման դեպքում այդ կարգը սահմանված է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքով (տե՛ս 3-րդ գլուխը):

8. Առաջարկում ենք Նախագծի «Պետական գույքի նվիրատվություն կամ նվիրաբերություն» եւ «Պետական գույքի փոխանակություն» վերտառությամբ 25-րդ եւ 28-րդ հոդվածները քննարկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 33-րդ եւ 34-րդ գլուխների համատեքստում:

9. Առաջարկում ենք քննարկել 4-րդ գլուխը Նախագծից հանելու հարցը, քանի որ`

ա) դրանով սահմանվող երկու հոդվածների դրույթներն էլ ըստ էության իրավական ծանրաբեռնվածություն չեն կրում, նկատի ունենալով, որ պետական գույքի կառավարման սկզբունքներն ու նպատակներն ամրագրված են համապատասխան իրավական ակտերում, ուստի դրանց սահմանումը որեւէ էական բան չի փոխում կամ ավելացնում,

բ) Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանվող սկզբունքը՝ պետական գույքի կառավարման ոլորտում միասնական քաղաքականության վարումը եւ 9-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանվող նպատակը՝ պետական գույքային շրջանառության բնագավառում միասնական քաղաքականության իրականացումը, բովանդակային առումով կրկնում են միմյանց՝միաժամանակ հանդես գալովորպես սկզբունք եւնպատակ,

գ) Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանվող սկզբունքը` « պետական գույքի կառավարման ոլորտում գործող մասնակիցների գործառույթների եւ շահերի ներդաշնակության ապահովումը », սկզբունքորեն անհնարին է իրագործել՝ մասնավորապես, շահերի բախման դեպքում,

դ) Նախագծի 8-րդ եւ 9-րդ հոդվածներով սահմանվող սկզբունքները եւ նպատակները, ըստ էության, մնում են որպես անիրագործելի դրույթներ:

10. Նախագծի 12-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ «Պետական գույքի հաշվառման գրանցամատյանում հաշվառման ենթակա չէ այն պետական գույքը, որի մասին տեղեկությունները պետական գաղտնիք են:», սակայն անհայտ է մնում, թե որտե՞ղ պետք է հաշվառվի այդ գույքը: Չէ որ, ըստ Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործողությունը չի տարածվում այն գույքի վրա, որն իր նշանակությամբ նախատեսված է գաղտնի աշխատանքների կատարման համար:

11. Նախագծի 21-րդ հոդվածից առաջարկում ենք հանել 5-րդ մասը, քանի որ, ինչպես արդեն նշել ենք, պետական գույքի մասնավորեցումն իրականցվում է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքի 3-րդ գլխով սահմանված կարգով:Նույն խնդիրն առկա է նաեւ Նախագծի 22-րդ հոդվածի 4-րդ մասում:

12. Նախագծի 22-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվող պետական գույքի օտարման եղանակները մասամբ չեն համապատասխանում «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով սահմանված դրույթներին, որոնք, ի դեպ, կոչվում են «հիմնական ձեւեր»: Այդ կապակցությամբ առաջարկում ենք տվյալ մասի դրույթները համապատասխանեցնել «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի դրույթներին:

13. Առաջարկում ենք Նախագծի 29-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «եւ դրանց նկատմամբ վերահսկողություն իրականացնելու» բառերը, նկատի ունենալով, որ ՀՀ Սահմանադրության 83.5.-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն բ ացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում. «իրավաբանական անձանց , ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց գործունեության նկատմամբ հսկողություն ու վերահսկողություն ( այդ թվում՝ ստուգում , ուսումնասիրություն , տեսչական ստուգում ) իրականացնելու դեպքերը , պայմանները եւ կարգը .»:

Նույն խնդիրն առկա է նաեւ Նախագծի 36-րդ եւ 37-րդ հոդվածներում, որի հետ կապված առաջարկում ենք 36-րդ հոդվածի «օրենսդրության» բառը փոխարինել «օրենքների» բառով, իսկ 37-րդ հոդվածի «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերը փոխարինել «օրենքով» բառով:

14. Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից ներկայացնում ենք հետեւյալ նկատառումները.

14.1. Նախագծի վերնագրի «Պետական գույքի կառավարման մասին» բառերը անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին, համաձայն որի. « Իրավական ակտի վերնագիրը գրվում է մեծատառերով: … »:

14.2. Նախագծի ամբողջ տեքստում միեւնույն իմաստով օգտագործվում են «կարգավորում» եւ «կանոնակարգում» բառերը, ինչը հակասում է օրենսդրական տեխնիկայի կանոններին, մասնավորապես` «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասին, համաձայն որի. « Նորմատիվ իրավական ակտում միեւնույն հաuկացությունը uահմանելիu կամ միեւնույն միտքն արտահայտելիu պետք է կիրառվեն միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ: Իրավական ակտում տարբեր հաuկացությունները չեն կարող oգտագործվել միեւնույն տերմինով:»:

Այս կապակցությամբ առաջարկում ենք Նախագծի ամբողջ տեքստում տարբերհոլովաձեւերով «կանոնակարգում» բառը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «կարգավորում» բառով:

14.3. Անհրաժեշտ է համարակալել Նախագծի 10-րդ, 11-րդ, 16-րդ, 23-րդ, 24-րդ, 26-րդ, 27-րդ, 32-րդ, 36-րդ 37-րդ եւ 38-րդ հոդվածները, այդ կերպ այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին, համաձայն որի. «Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության, Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության փոփոխությունների եւ Հայաuտանի Հանրապետության oրենքների հոդվածները բաժանվում են «մաuեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների:...»:

Նախագծում առկա են նաեւ խմբագրական եւ տեխնիկական բնույթի բազմաթիվ թերություններ, որոնք կարող են ներկայացվել Նախագծի աշխատանքային քննարկումների ընթացքում:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ՝ Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարողներ՝ Ս.Համբարձումյան հեռ. 513 650

Ա. Սարգսյան հեռ. 513 659

Գ. Հովսեփյան հեռ. 513 650