«06» նոյեմբերի 2012 թ.                                                                                                         ԻՎ-ե-112

ԵԶ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-115-12.10.2012-ՏՏ-010/0 ) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանականվարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները համահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

2. Նախագծի 7-րդ հոդվածով առաջարկվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգրքի) 219-րդ հոդվածի 1-ին մասից հանել «113 հոդվածով,» բառերը, իսկ 2-րդ մասից՝ «,113» թիվը,նկատի ունենալով, որ իրավախախտումների գործերը քննելու լիազորությունը Օրենսգրքի 219-րդ հոդվածին համապատասխան վերապահված է պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքային շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին առընթեր վարչական հանձնաժողովներին, որոնք այլեւս չեն գործում (տես՝ Նախագծին կից հիմնավորումը):

Այդ տրամաբանությամբ պայմանավորված, ենթադրվում է, որ Օրենսգրքի 219-րդ հոդվածն անհրաժեշտ է ամբողջությամբ ուժը կորցրած ճանաչել,հաշվի առնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ա) ենթակետի պահանջը, համաձայն որի՝իրավական ակտն ուժը կորցրած է ճանաչվում, եթե դադարել է իրավական ակտով կարգավորվող իրավահարաբերությունների հետագա իրավական կարգավորման անհրաժեշտությունը: Մինչդեռ, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի ենթակայությունը» վերտառությամբ 17-րդ գլխում` բացառությամբ 219-րդ հոդվածի, նախատեսված չեն Օրենսգրքի 219-րդ հոդվածում ամրագրված մյուս հոդվածները:

3.Նախագծի 9-րդ հոդվածով առաջարկվել է Օրենսգրքի 244.11-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «157-157.14-րդ» բառերը փոխարինել «152.2-րդ հոդվածի 2-րդ մասով, 157.1-157.14-րդ» բառերով.

2) 2-րդ մասի 1-ին կետում «չափով,» բառից հետո լրացնել «152.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով,».

3) 2-րդ մասի 2-րդ կետում «157-157.14-րդ» բառերը փոխարինել «157.1-157.14-րդ» բառերով: ։

Կարծում ենք,ներկայացված առաջարկությունը վերախմբագրման կարիք ունի, քանի որ Նախագծի 9-րդ հոդվածով առաջարկվող փոփոխություններն ու լրացումը չեն համապատասխանում Օրենսգրքի 244.11-րդ հոդվածի մասերին եւ կետերին: Վերոգրյալից բացի, Նախագծի 9-րդ հոդվածի 2-րդ կետով առաջարկվող լրացման վերջում անհրաժեշտ է լրացնել «բառերը» բառը:

4. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից առաջարկում ենք Նախագծի`

4.1. առաջին էջի ամենավերեւի աջ անկյունում ամրագրել «ՆԱԽԱԳԻԾ» բառը, այն համապատասխանեցնելով«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջին, համաձայն որի. «Իրավական ակտերի նախագծերի առաջին էջի ամենավերեւի աջ անկյունում պետք է գրվի «ՆԱԽԱԳԻԾ» բառը:»,

4.2. 1-ին, 3-րդ, 4-րդ եւ 10-րդ հոդվածների «շարադրել հետեւյալ խմբագրությամբ» բառերը փոխարինել «շարադրել նոր խմբագրությամբ» բառերով, այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջին, համաձայն որի. «Իրավական ակտում փոփոխություններ կատարվում են նրա առանձին բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, պարբերություններ կամ նախադասություններ նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով.»:

Նախագծում առկա տեխնիկական բնույթի թերությունները կներկայացվեն աշխատանքային քննարկումների ընթացքում:

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                     Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարողներ՝ Ս. Համբարձումյան հեռ.513-650

Գ. Հովսեփյան հեռ.513-650