«21 » նոյեմբերի 2012 թ.                                                                                                     ԻՎ-ե-121

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Արդարադատության ակադեմիայի մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» , «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (փաստաթղթային կոդ՝ Կ-134-31.10.2012-ՊԻ-010/0- Կ-1346 -31.10.2012-ՊԻ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Արդարադատության ակադեմիայի մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմիիրավաբանականվարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Համաձայնելով դատական եւ դատախազական համակարգերի համար կադրերի պատրաստման եւ վերապատրաստման հարցում մեկ միասնական կառույցի գործառնության գաղափարին, որն իրացվում է մի շարք երկրներում եւ համահունչ է ժամանակակից միջազգային զարգացումներին, այնուամենայնիվ մեր կարծիքով հիմնադրի անունից հանդես եկող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմ ն ին՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությանարդարադատության նախարարին լրացուցիչ լիազորություններ տալը, ուժեղացրել է գործադիր իշխանության ներազդեցությունը Ակադեմիայի գործունեության նկատմամբ ,նկատի ունենալով, որ ՀՀ արդարադատության նախարարը ակտիվորեն մասնակցում է դատական եւ դատախազության համակարգերի կադրերի պատրաստման եւ հետագա կրթական միջոցառումների իրականացմանուսումնական գործընթացին: Այս մոտեցումը չի բխում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված դատական իշխանության հիմնադրույթներից, մասնավորապես,խախտվում է օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բաժանման եւ հավասարակշռմանսկզբունքը:

1. Նախագծերի փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ որոշ դրույթներ համահունչ չեն ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին:

2. «Արդարադատության ակադեմիայիմասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ.

2.1. Առաջարկում ենք քննարկել Նախագծի 2-րդ հոդվածի՝

ա) 2-րդ մասի «ընդունում» բառը «հաստատում» բառով փոխարինելու հարցը, նկատի ունենալով, որ Նախագծի 32-րդ հոդվածի համաձայն Կանոնադրությունը ենթակա է հաստատման,

բ) 2-րդ մասի 2-րդ նախադասությունը նոր խմբագրությամբ հետեւյալ բովանդակությամբ շարադրելու հարցը. «Ակադեմիայի կառավարման խորհուրդը սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետինհամապատասխան մշակված Կանոնադրությունը կամ դրանում առաջարկված փոփոխությունները քսանօրյա ժամկետում հաստատման է ներկայացնումՀայաստանի Հանրապետության կառավարություն:»: Առաջարկությունն ընդունելու դեպքում առաջարկում ենք Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից հանել «արդարադատության նախարարության միջոցով» բառերը,

գ) 4-րդ մասի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունն է» բառերից հետո (այսուհետ` արդարադատության նախարարություն) բառերը լրացնելու հարցը, նկատի ունենալով, որ Նախագծի ամբողջ տեքստում տարբեր հոլովներով օգտագործվում է «արդարադատության նախարարություն» բառերը: Նման մոտեցումը բխում է նաեւ Նախագծի ամբողջ տեքստից, մասնավորապես Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի եւՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնների վերաբերյալ, դ)մասերըըստ հերթականության համարակալելու հարցը:

2.2. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի «իր գործունեության նպատակներին համապատասխան կարող է զբաղվել իր Կանոնադրությամբ նախատեսված ձեռնարկատիրական գործունեության տեuակներով» բառերը առաջարկում ենք փոխարինել «իր գործունեության նպատակներին համապատասխան կարող է իրականացնել Կանոնադրությամբ նախատեսված ձեռնարկատիրական գործունեությանտեuակներ», քանի որ զբաղվում են ձեռնարկատիրությամբ, իսկ իրականացնում են ձեռնարկատիրական գործունեություն:

Ի դեպ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի51-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն. «Ոչ առեւտրային կազմակերպությունները կարող են ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել միայն այն դեպքերում, երբ դա ծառայում է այն նպատակների իրականացմանը, որոնց համար նրանք ստեղծվել են, եւ համապատասխանում է այդ նպատակներին»:

2.3. Առաջարկում ենք քննարկել Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասի «Ակադեմիայի ղեկավարումն իրականացնում է գործադիր մարմինը՝ ի դեմս Ակադեմիայի ռեկտորի (այսուհետ՝ Ռեկտոր) բառերը «Ակադեմիայի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է գործադիր մարմինը՝Ակադեմիայի ռեկտորը (այսուհետ՝ Ռեկտոր) բառերով փոխարինելու հարցը:

2.4. Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանվում է, որ Խորհրդի կազմի երեք դատավորներ նշանակվում են Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կողմից: Այսինքն, ստացվում է, որ Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի առաքելությունը ավարտվում է միայն Խորհրդի կազմի երեք դատավորներ նշանակելով, քանի որ Ակադեմիայի գործառույթների հետ դրանից հետո առնչվում է Դատարանների նախագահների խորհուրդը: Այսպես, Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Խորհրդի արտահերթ նիստ կարող է հրավիրել Դատարանների նախագահների խորհուրդը, 10-րդ հոդվածի 18-րդ կետի համաձայն վարքագծի կանոնների խախտում թույլ տալու վերաբերյալ տեղեկությունների տիրապետելու դեպքում Ռեկտորը այդ մասին հայտնում է Դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հարցերով հանձնաժողովին եւ այլն:

2.5. Առաջարկում ենք Նախագծի «Խորհրդի լիազորությունները» վերտառությամբ 6-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել «սահմանում է Ռեկտորի պաշտոնի նշանակման համար մրցույթային կարգ» բառերով, նկատի ունենալով, որ ըստ Նախագծի 9-րդ հոդվածի 2-րդ մասի Խորհուրդը Ռեկտորի պաշտոնում նշանակելու համար Հայաստանի Հանրապետության վարչապետին է ներկայացնում իր կողմից սահմանված մրցույթային կարգով ընտրված թեկնածուներին:

2.6. Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «խրախուսանքի եւսույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերի է ենթարկում Ռեկտորին» բառերը առաջարկում ենք փոխարինել «Ռեկտորի նկատմամբ կիրառում է խրախուսանքի միջոցներ եւսույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժեր», այլապես ստացվում է, որ խրախուսանք կիրառելու փոխարեն, Խորհուրդը Ռեկտորին ենթարկում է խրախուսանքի (տես՝ 10- րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի շարադրանքը): Հարկ է նշել, որ Նախագծի տարբեր հոդվածներում խոսվում է խրախուսանք կիրառելու մասին, մինչդեռ, խրախուսանքի տեսակները Նախագծումբացակայում են:

2.7. Առաջարկում ենք քննարկել Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «Ռեկտորի ներկայացմամբ ունկնդիրների նկատմամբ կիրառում է սույն օրենքի 16-րդհոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգապահական տույժերը» բառերը «Ռեկտորի ներկայացմամբ քննարկում եւ լուծում է ունկնդիրների նկատմամբ սույն օրենքի 16-րդհոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգապահական տույժ կիրառելու հարցը» բառերով փոխարինելու հարցը,նկատի ունենալով, որ կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ (տես՝ Նախագծի 10-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը եւ 11-րդ հոդվածի 4-րդ եւ 6-րդ մասերը):

2.8. Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին մասի«դատարանների նախագահների խորհրդի» բառերը առաջարկում ենք փոխարինել «Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի (այսուհետ՝ դատարանների նախագահների խորհրդի)» բառերով, նկատի ունենալով, որ Նախագծի ամբողջ տեքստում օգտագործվում է «դատարանների նախագահների խորհրդի» բառերը, բացառությամբ Նախագծի 29-րդ հոդվածի 3-րդ մասի: Նման մոտեցումը բխում է նաեւ Նախագծի ամբողջ տեքստից, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի եւՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնների վերաբերյալ: Առաջարկությունն ընդունելու դեպքում Նախագծի 29-րդ հոդվածի 3-րդ մասից առաջարկում ենք հանել«Հայաստանի Հանրապետության» բառերը:

2.9. Նկատի ունենալով, որ Ակադեմիայիռեկտորի համար բացի հայերենին տիրապետող Հայաստանի Հանրապետության գործունակ քաղաքացիլինելը եւգիտական աստիճան ունենալու հանգամանքը,կարեւոր է նաեւ կրթությունը («Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված է բարձրագույն կրթություն ունենալու պահանջը), համապատասխան ոլորտում աշխատանքային ստաժը, ղեկավար աշխատանքի փորձը՝ կառավարչական հմտություններին տիրապետելը, ուստի, որպես տարբերակ, առաջարկում ենք քննարկել Նախագծի 9 -րդ հոդվածի 1-ին մասը նոր խմբագրությամբ հետեւյալ բովանդակությամբ շարադրելու հարցը. «1.Ռեկտորի պաշտոնը կարող է զբաղեցնել հայերենին տիրապետող Հայաuտանի Հանրապետության յուրաքանչյուր գործունակ քաղաքացի, ով ունի` իրավագիտության բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կրթություն, իրավագիտության բնագավառում գիտական աuտիճան եւ մաuնագիտական աշխատանքի տասը տարվա uտաժ, որից առնվազն 3 տարիզբաղեցրել է ղեկավար պաշտոն համապատասխան մասնագիտական գործառույթ իրականացնող պետական մարմնում»:Չնայած մեր կողմից առաջարկված տարբերակում Ռեկտորի պաշտոն զբաղեցնելու համար նույնպես ամրագրված է իրավագիտության բնագավառում գիտական աuտիճան ունենալու պարտադիր պահանջը, այնուամենայնիվ, նկատի ունենալով, որ Ակադեմիան բուհական կամ հետբուհական կրթություն չի իրականացնումեւ «Կրթության մասին» ՀՀ օրենքի դրույթները Ակադեմիայի վրա չեն տարածվում, ուստի առաջարկում ենք Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասից հանել « իրավագիտության բնագավառում գիտական աuտիճան ունեցող,» բառերը, իսկ մեր առաջարկությունից«, իրավագիտության բնագավառում գիտական աuտիճան» բառերը, հակառակ դեպքում, մեր կարծիքով, նման պահանջ պետք է դրվի նաեւ Ակադեմիայի կառավարումն իրականացնող՝ Ակադեմիայի կառավարման խորհրդի անդամների համար, հատկապես, որ Նախագծով նրանց լուծմանն է առաջադրվել գիտամեթոդական բնույթի հիմնական բոլոր հարցերը:

2.10. Տարատեսակ մեկնաբանություններից զերծ մնալու նպատակով առաջարկում ենք Նախագծի 9-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ հետեւյալ բովանդակությամբ. «2. Ռեկտորին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` Խորհրդի առաջարկությամբ: Խորհուրդը Հայաստանի Հանրապետության վարչապետին է ներկայացնումիր կողմից սահմանվածկարգով մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մինչեւ 3 մասնակիցների վերաբերյալ մրցութային հանձնաժողովի եզրակացությունը:

Եզրակացությունն ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության վարչապետը Խորհրդիառաջարկած թեկնածուներից մեկին տասն աշխատանքային օրվա ընթացքում նշանակում է Ռեկտորի պաշտոնում:

Եթե մրցույթի արդյունքում մասնակիցներից ոչ մեկը չի հավաքել մրցութային հանձնաժողովի` քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներ ու մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվել, ապա անցկացվում է նոր մրցույթ:»:

2.11. Նախագծի 9-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանվում է, որ «... Ռեկտորի լիազորությունների դադարեցման կամ սույն օրենքով սահմանված կարգով կասեցման դեպքում այդ լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից նշանակված անձը»:Եթե դադարման հիմքեր կարող ենք ընդունել «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված լիազորությունների դադարման հիմքերը, ապա ինչպես նշված օրենքում, այնպես էլ Նախագծումբացակայումեն կասեցման դեպքերը:

2.12. Առաջարկում ենք քննարկել Նախագծի 9-րդ հոդվածի 7-րդ մասի «կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտամանկավարժական, եւ ստեղծագործական աշխատանքից» բառերը «կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից» բառերով փոխարինելու հարցը, այդ կերպ այն համահունչ դարձնելով այլ օրենքների եւ ՀՀ Սահմանադրության 65-րդ հոդվածի 1-ին մասի շարադրանքին:

2.13. Նախագծի 11-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանվում է, որ «Ակադեմիայի կանոնադրությամբ uահմանված կարգով եւ դեպքերում uույն հոդվածի 1-ին մասով նախատեuված կարգապահական տույժերը կիրառվում են ծառայողական քննություն անցկացնելուց հետո։»: Ստացվում է, որ ծառայողական քննություն անցկացնելը տույժ նշանակելու համար պարտադիր պայման է՝ նույնիսկ նախազգուշացում կիրառելու համար: Այդ կապակցությամբ առաջարկում ենք քննարկել Նախագծի 11-րդ հոդվածի8-րդ մասի «Ակադեմիայի կանոնադրությամբ uահմանված կարգով եւ դեպքերում uույն հոդվածի 1-ին մասով նախատեuված կարգապահական տույժերը կիրառվում են ծառայողական քննություն անցկացնելուց հետո։» բառերը«Սույն հոդված 1-ին մասով սահմանված դեպքերում եւ Ակադեմիայի կանոնադրությամբ uահմանված կարգով uույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեuված կարգապահական տույժ կիրառվում է ծառայողական քննություն անցկացնելուց հետո:» բառերով փոխարինելու հարցը: Արդյունքում կհստակեցվի , թե ո ՞ ր դեպքերում, ի ՞ նչ կարգով եւ հատկապես կարգապահական պատասխանավության ո ՞ ր տեսակի կիրառման նպատակով պետք է անցկացվի ծառայողական քննություն:

Նկատի ունենալով, որ ծառայողական քննություն անցկացնելու համար անհրաժեշտ է կարգ, ուստի առաջարկում ենք սույն եզրակացության 2.13.կետ ի մեր առաջարկությունն ընդունելու դեպքում այնլրացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդ պարբերությամբ. «Սույն օրենքի հիման վրա ծառայողական քննություն անցկացնելու կարգը հաստատում է Խորհուրդը:»:2.14. Նախագծի 4-րդ գլխի «Ակադեմիայի գույքը» բառերն առաջարկում ենք փոխարինել «Ակադեմիայի սեփականության իրավունքով պատկանող գույքը» բառերով, նկատի ունենալով, որ Ակադեմիայի սեփականությունը ձեւավորվում է սեփականության իրավունքով նրան հանձնվող եւ գործունեության ընթացքում ձեռք բերված գույքից: Առաջարկությունն ընդունվելու դեպքում համապատասխան փոփոխություններ կատարել Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում, 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում եւ 12-րդ հոդվածի վերնագրում ու 3-րդ մասում:2.15. Նախագծի 16-րդ հոդվածի 3-րդ մասը առաջարկում ենք լրացնել «Գրավոր բացատրություն տալուց հրաժարվելու փաստը պետք է ամրագրվի արձանագրությամբ» բառերով: Նույն դրութն անհրաժեշտ է լրացնել նաեւ Նախագծի 11-րդ հոդվածի 9-րդ մասում: 2.16. Նախագծի 16-րդ հոդվածի 5-րդ մասի «կանչելու եւ լսելու» բառերը առաջարկում ենք հանել կամ փոխարինել այլ բառերով, կամ տույժի ենթարկելը հիմնավորելու համար 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ, քանի որ այլ անձանց հրավիրելը եւ լսելը իրավական հետեւանքներ չեն կարող առաջացնել:

2.17. Նախագծի 26-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի «արդարադատության նախարարի կողմից նշանակված» բառերը առաջարկում ենք հանել, այդ կերպ այն համահունչ դարձնելով 4-րդ եւ 5-րդ մասերին (գիտության համապատասխան բնագավառի մասնագետին մի դեպքում նշանակում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավարը, մյուս դեպքում՝  Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը):

2.18. Առաջարկում ենք Նախագծի 27-րդ հոդվածի2-րդ եւ 3-րդ մասերից հանել «՝ արդարադատության նախարարի կողմից նշանակված» բառերը, իսկ 12-րդ մասից՝ «արդարադատության նախարարը,» բառերը :

Սույն եզրակացության 2.17. եւ 2.18. կետերի առաջարկությունները պայմանավորված են Ակադեմիան գործադիր իշխանությունից անկախ դարձնելու հանգամանքով, քանի որ, մեր կարծիքով, հիմնավորված չի կարող լինել ունկնդիրների գնահատման հանձնաժողովներում գիտության համապատասխան բնագավառի 2 մասնագետի եւ գրավոր քննությունների արդյունքների ստուգողներից մեկին նշանակելը՝ Արդարադատության նախարարի կողմից, նկատի ունենալով, որ այդ դրանքորեւէ կերպ չեն առնչվում Արդարադատության նախարարության գործառույթներիհետ:

2.19. Նախագծի 27-րդ հոդվածի 2-րդ մասում խոսվում է թեստային եղանակով քննությունների անցկացման ստուգման մասին: Մինչդեռ, թե ու ՞ մ կողմից սահմանված կարգով են դրանք կազմվում, նշված չէ: Ուստի, առաջարկում ենք թեստեր կազմելու կարգ սահմանելու լիազորությամբ օժտել Խորհրդին:

2.20. Նկատի ունենալով, որ մի դեպքում ամրագրված է, որ «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի նոյեմբերի 1-ից» (տես՝ Նախագծի 30-րդ հոդվածը), իսկ մյուս դեպքում «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի1-ից» (տես՝ Նախագծի 34-րդ հոդվածը),ուստի անհրաժեշտ է Նախագծի «Օրենքի ուժի մեջ մտնելը» վերտառությամբ 30-րդ հոդվածի 1-ին մասի «2012 թվականի նոյեմբերի 1-ից» բառերը փոխարինել ««2013 թվականի հունվարի 1-ից» բառերով, իսկ 34-րդ հոդվածը հանել:

2.21.Առաջարկում ենք Նախագծի 33-րդ հոդվածի վերնագրից եւ 3-րդ մասից հանել «առաջին» բառը եւ վերախմբագրել ամբողջ հոդվածը, կապված որպես Խորհրդի նախագահընտրվելու ժամկետի կամ լիազորությունների ժամկետի ավարտմանկամ լիազորությունների վաղաժամկետ դադարման հետ:

3. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ .

3.1 Նախագծով առաջարկվել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը լրացնել 332.1-րդ հոդվածով, համաձայն որի՝ քրեական պատասխանատվություն է նախատեսվում հարցատոմսերի գաղտնիությունը խախտելու համար, մինչդեռ, «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի նախագծի 11-րդ հոդվածի 1-ին մասով կիրառվում է կարգապահական տույժ հարցատոմսերի գաղտնիությունը չպահպանելու դեպքում: Այդ կապակցությամբ առաջարկում ենք օգտագործել միեւնույն, մասնավորապես՝ «գաղտնիությունը չպահպանելը»բառակապակցությունը կամ հրաժարվել քրեականացումից:

4. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ .

4.1. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվել է Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքը լրացնել 75.2.-րդ հոդվածով, մինչդեռ,ՀՀ կառավարության կողմից ներկայացված, շրջանառության մեջ դրված եւ օրակարգում ընդգրկված մեկ այլ նախագծով (փաստաթղթային կոդ՝ Կ-140-08.11.2012-ՊԻ-010/0) առաջարկվել է նույն օրենսգիրքը լրացնել 75.1.-րդ հոդվածով, որը դեռեւս չի ընդունվել:

5. Նախագծերի փաթեթում ներառված «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ առաջարկություններ չկան, սակայն օրենսդրական տեխնիկայի կանոնների, խմբագրական եւ տեխնիկական բնույթի առկա թերությունները կներկայացվենա շխատանքային քննարկումների ընթացքում :

Անհրաժեշտության դեպքում աշխատանքային քննարկումների ընթացքում «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ կներկայացվեն միջազգային փորձի վերլուծական նյութեր եւ միջազգային փաստաթղթեր, մասնավորապես, «Արեւելյան Եվրոպայում, Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում դատական անկախության վերաբերյալ» կիեւյան հանձնարարականները, որի հիմնական նպատակն է դատական անկախության ամրապնդումը տարածաշրջանում: Ավելին, այդ նպատակով ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի, ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից 2011 թվականի հ ունիսի 28-ին Երեւանում կազմակերպվել է կլոր սեղան` «Կիեւյան հանձնարարականները եւ դատական անկախությունը Հայաստանում» թեմայով, որի ընթացքում քննարկվել են դատավորի անկախության ապահովման, «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի, արդարադատության բարեփոխումների միջոցառումների ռազմավարական ծրագրի եւ արդարադատության ոլորտի միջոցառումների ծրագրի նախագծերը եւ դրա հետ առնչվող հարցեր:

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                   Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ